ԷկոԼուր
Սույն թվականի փետրվարի 22–ին` ժամը 14:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49/2, մուտքը բակի կողմից) տեղի կունենա կլոր սեղան` «Առողջապահական ռիսկերը` կապված սպառողական ապրանքներում, մասնավորապես` խաղալիքներում պարունակվող ֆտալատների հետ» թեմայով:
Կլոր սեղանի ընթացքում կներկայացվեն խաղալիքների հայաստանյան շուկայի ուսումնասիրության արդյունքները, Ֆտալատների ազդեցությունը երեխաների առողջության վրա, միջազգային փորձը:
Ֆտալատները, որպես պլաստիկարար վտանգավոր նյութեր, լայն կիրառություն ունեն ճկուն պլաստմասսե, հատկապես` պոլիվինիլքլորիդային, և կենցաղային արտադրանքների, ինչպես նաև տարբեր տարիքի երեխաների համար նախատեսված ապրանքների արտադրությունում:
Ֆտալատներ պարունակող արտադրանքների օգտագործման և պահպանման որոշակի պայմաններում ֆտալատներն անջատվում են դրանցից և թափանցում մարդու օրգանիզմ` հանգեցնելով ծանր ու անդառնալի հետևանքների իմունային, նյարդային, հորմոնային և վերարտադրողական համակարգերի համար։ Ֆտալատները նաև հնարավոր քաղցկեղածին նյութեր են։
Ֆտալատների ազդեցության նկատմամբ առավել խոցելի են երիտասարդ կանայք և հատկապես 3 տարեկանից ցածր երեխաներն իրենց մարմնի փոքր չափսերի և ֆտալատ պարունակող պլաստմասսե առարկաները հաճախ բերանը տանելու սովորության պատճառով։
Կլոր սեղանին հրավիրված են պետական շահագրգիռ մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կլոր սեղանը կազմակերպել է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն «ԿՕԱ–ների ոչնչացման հարցերով միջազգային ցանց»-ի (IPEN) ֆինանսավորմամբ իրականացվող «Քիմիական նյութերն արտադրանքներում» ծրագրի շրջանակում։
Փետրվար 21, 2019 at 17:31