ԷկոԼուր
Բարձրունի գյուղը Վայոց ձորի մարզի սահմանապահ գյուղերից է: Այն սահմանակից է Թուրքիային եւ ունի ընդամենը մեկ ելքային ճանապարհ դեպի մարզ` հարեւան Սերս գյուղի միջով: Նախկինում գյուղի բարձրությունը հաշվարկել են 2001 մետր եւ բնակիչները ստանում էին բարձրադիրության հավելավճար` աշխատավարձի 20%-ի չափով: Մի քանի տարի առաջ ինչ-որ մեկը որոշեց, որ գյուղի բարձրությունը պետք է լինի 2000 մետրից ցածր: Հիմա գյուղի բարձրությունը 1960 մետր է, եւ ոչ մի հավելավճար գյուղացիները չեն ստանում:
Գյուղի ճանապարհները եւս անմխիթար վիճակում են: «Ոչ մեկ չի ցանկանում գյուղ գալ, գյուղմթերքը չեն կարողանում իրացնել»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց գյուղի պատմության ուսուցիչ Ֆահրադ Ավագյանը: Նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Բարձրունի գյուղի գյուղապետ Գագիկ Գեւորգյանի բարձրացրեց հարց, թե արդյոք հնարավոր չէ՞ միջոցներ ձեռարկել գյուղի ճանապարհը ասֆալտապատելու համար: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Բոլոր միջոցները ուղղված են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանը: Հիմա ուրիշ ոչ մի հարց չեմ կարող լուծել»:
Գյուղում կա խմելու եւ ոռոգման ջրի խնդիր: «Խմելու ջրի ջրավազանում նույնիսկ առնետ եւ այլ տեսակի սողուններ են հայտաբերել… Գյուղի վերեւում գտվող ջրամբարը վթարային է…Ջրագծերը պետք է փոխվեն… Ղեկավարությանը բազմիցս ներկայացվել են այս խնդիրները, սակայն լուծում այդպես էլ չեն ստացել…»,- բողոքում են գյուղացիները:
Գյուղապետ Գագիկ Գեւորգյանի խոսքերով. «Համայնքի միակ հույսը 5 կմ երկարությամբ ջրագծի անցկացումն էր, որի հարցը մինչեւ նախագահ բարձրացվել է եւ նախագահը խոստացել է առաջիկա տարվա մեջ լուծել այն»,- ասաց գյուղապետը:
1930-ական թթ-ին 1200 բնակչություն ունեցող այս գյուղը այօր ունի ընդամենը 436 բնակիչ, որի թիվը տարեց տարի կրճատվում է:
Հոկտեմբեր 22, 2013 at 13:23