Կապարը արդեն ներխուժել է մանկապարտեզներ

Կապարը արդեն ներխուժել է մանկապարտեզներ

ԷկոԼուր

Հոկտեմբերի 20-26-ը աշխարհում  անցկացվեց «Կապարի վնասակար ազդեցության կանխարգելման» միջազգային շաբաթը: Կենցաղում կապարի մեծ քանակություն է գրանցվել Չինաստանից Հայաստան ներկրվող էմալե ներկերի և խաղալիքների մեջ: Կապարը մտնում է 10 ամենաթունավոր ծանր մետաղների ցանկի մեջ, համարվում է շրջակա միջավայրի կայուն աղտոտիչ և կարող  է լուրջ վնաս հասցնել առողջությանը: «Կապարը 0.6% դեպքերում երեխաների հիվանդության պատճառ է: Ըստ համաշխարհային առողջապահության կազմակերպության տվյալների՝ ամբողջ աշխարհում երեխաների մտավոր հաշմանդամության տարեկան ավելի քան  600.000 նոր դեպքեր են հայտնաբերվում  և կապարի ազդեցությունը տարեկան հանգեցնում է 143.000 մահվան դեպքերի»,- նշեց «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի նախագահ Ամալիա Համբարձումյանը «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած բաց քննարկման ժամանակ: Կազմակերպությունը անցկացրել է էմալե ներկերում կապարի պարունակության ուսումնասիրություն և պարզել է, որ Հայաստան ներկրվող ներկերի  77%-ում  կապարի կոնցենտրացիան կազմում  է ավելի քան 1000 ppm (մաս միլիոնի մեջ): «Եթե համեմատենք ամերիկյան ստանդարտների հետ (90 ppm), ապա Հայաստանում վաճառվող ներկերում ուսումնասիրած (ավելի քան 77% նմուշներում) կապարի պարունակությունը տասնյակ և հարյուրավոր անգամ գերազանցում է ԱՄՆ-ում գործող ստանդարտը»,- ասաց Ամալիա Համբարձումյանը: Նա նաև նշեց, որ ներկրվող ներկերի և խաղալիքների հարցում կապարի պարունակության վերաբերյալ վերահսկողություն չկա, քանի որ բացակայում են սահմանված նորմերը: «Որոշ ներկերի վրա անգամ գրված չեն բազային տվյալները, իսկ պատկան մարմինները` Առողջապահության և Էկոնոմիկայի նախարարությունները, ոչ մի արձագանք չեն տալիս»,- ասաց նա:

Քննարկման մասնակից «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ բժիշկ-փորձագետ Քնարիկ Գրիգորյան նշեց, որ Հայաստանում հանդիպող կապարի ամենամեծ աղբյուրներից մեկը հանքարդյունաբերությունն է: Կապար հայտնաբերվել է բաց հանքերի և պոչամբարների կողքը աճեցված մթերքներում: «Այս տարի արվել է հետազոտություն. Ախթալա և Ճոճկան պոչամբարների արանքում գտնվող դեղձի այգիներում հայտնաբերվել են կապարի բարձր կոնցենտրացիաներ»,- հայտնեց անկախ փորձագետ Սեյրան Մինասյանը:

Կապարի բարձր պարունակությունը հատկապես վտանգավոր է մինչև 6 տարեկան երեխաների և հղի կանանց համար: «Քաղաքի տարբեր հատվածներում ուսումնասիրություններ են անցկացվել տարբեր մանկապարտեզներում: Նրանցից մեկում երեխաների մազերի մեջ հայտնաբերվել է կապարի բարձր պարունակություն: Ես կարծում եմ, որ դա խաղալիքներից է, որովհետև ի տարբերություն մյուս մանկապարտեզների, այստեղ շատ էին չինական խաղալիքները»,- ասաց փորձագետը:

14:16 Հոկտեմբեր 28, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news