Տարոն Մարգարյանին ճնշու՞մ են

Տարոն Մարգարյանին ճնշու՞մ են

ԷկոԼուր

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին,  Ամիրյան 24-ի բնակիչները հավաքվել էին Երեւանի քաղաքապետարանի դիմաց՝ փորձելով մասնակցել ավագանու նիստին: Նրանք ցանկանում էին պարզաբանում ստանալ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից, թե ինչպես է ետին թվով իր ստորագրությունը հայտնվել շինարարական թույլտվության վրա: «Ես եկել եմ, որպեսզի լսեմ պատասխանը, թե ինչպես է Տարոն Մարգարյանի ստորագրությունը հայտնվել փաստաթղթերի վրա, երբ  օգոստոսին այդ ստորագրությունը չկար: Անահիտ Բախշյանը մեզ հետ եղել է Նարեկ Սարգսյանի առանձնասենյակում և տեսել է թղթաբանությունը: Այդ թղթերի տակ քաղաքապետի ստորագրությունը ընդհանրապես չի եղել»,- ասաց Ամիրյան 24-ի բնակիչ Անի Մանդալյանը` հավելելով, որ միգուցե քաղաքապետի նկատմամբ ճնշում է գործադրվել: «Իմանալով «Ֆլեշ» Բարսեղի ուժը մենք մտածում ենք, որ միգուցե մեր քաղաքապետին ճնշում են, քանի որ կառուցապատող Բարսեղ Բեգլարյանի և կառավարության միջև քավոր-սանիկ հարաբերություններ են»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Ամիրյան 24-ի բնակիչները արդեն մի քանի ամիս է պայքարում են իրենց շենքի բակում տեղի ունեցող շինարարության դեմ: «Ֆլեշ» ՍՊ ընկերությունը, ոչնչացնելով բնակիչների այգին, նշված տարածքում կառուցում է բազմահարկ շենք:

Ինչպես պարզվեց, հուլիսի վերջին, երբ բնակիչները փակել էին շինարարությունը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, քաղաքապետը և  ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հանդիպում են ունցել բնակիչների հետ: «Այո՛, դուք ճիշտ եք, պետք է լիներ հանրային լսում, այո՛, տեղի են ունենում խախտումներ, այո՛, սա այսպես թողնելը սխալ է, պետք է ինչ-որ լուծում գտնել, ձեզ կընդունեն, կլսեն»,-ասել են պաշտոնյաները: Այնուհետև բնակիչները Նարեկ Սարգսյանի հետ պայմանավորվածության են եկել համաձայն որի` պետք է հանրային լսումներ անցկացվեին բնակիչների, կառուցապատողի և քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ: «Այսօրվա դրությամբ այդ մարդիկ ուղղակի անցան մեր վրայով»,- նշեց Անի Մանդալյանը:

Բնակիչներին թույլ չտվեցին մասնակցել ավագանու նիստին` պատճառաբանելով, որ պետք է երկու օր առաջ գրանցվեին: Այդ հարցը նիստին ներկայացնում է Անահիտ Բախշյանը: 

16:30 Հոկտեմբեր 31, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news