Եթե նախագահն է էս գործի մեջ, հավես չկա` գան, ինձ տանեն, ԿԳԲ գցեն

Եթե նախագահն է էս գործի մեջ, հավես չկա` գան, ինձ տանեն, ԿԳԲ գցեն

ԷկոԼուր 

Պայքարը Լիճք համայնքի բնակիչների և «Տեխնոման»  ՍՊԸ-ի միջև շարունակվում է:  Ընկերությունը պատրաստվում է Լիճքի հանքային ջրի աղբյուրի տարածքում ածխաթթվային հանքային ջրի հանքավայր շահագործել: Լիճքի բնակիչները պնդում են, որ այդ նախագծին համաձայնություն չեն տվել, իսկ գյուղապետը ստորագրել է փաստաթուղթ չիմացությամբ: ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը  նախագծին տվել է դրական եզրակացություն, և գործն ավարտված է:  

«Համայնքապետին ներկայացրել են բոլորովին այլ նախագիծ` կապված ածծխաթթու գազ հանելու հետ: Նախարարության փաստաթղթերի տակ կան համայնքապետի ստորագրությունն ու կնիքը, սակայն  համայնքապետը հստակ նշեց, որ ինքը այդ փաստաթղթերը չի տեսել և  հանքավայրի հետ կապված ոչ մի համաձայնություն չի տվել»,- նոյեմբերի 6-ին Լիճքի գյուղապետարանում տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ նշեց Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Լիաննա Ասոյանը եւ հավելեց. «Համայնքի բնակիչների խոսքերով ոստիկանությունից նրանց վախեցրել են, տվել են ոստիկանապետի, բարձրաստիճան պաշտոնյաների, անգամ նախագահի անունը, որպեսզի առաջ տանեն իրենց գործը»:  

«Մարդ կա, ասում է, եթե նախագահն ա մեջը, հավես չկա` գան, ինձ տնից տանեն, գցեն ԿԳԲ: Էդ մարդու անունը շահարկելով` արդեն ժողովրդին վախեցնում են»,- ասաց բնակիչներից մեկը:  

«Ես պնդում եմ, որ սկզբում միլպետը, հետո միլպետի տեղակալը ասում էին, որ դա նախագահի հովանավորությամբ է»,- ասաց «Լիճք» նախաձեռնող խմբի անդամ Աշոտ Հոխիկյանը: 

«Եկեք չշոշափենք նախագահի անունը, ինչ գործ ունեք նախագահի հետ. հիմա մի փոքր ընտանիքում երեխան ինչ հանցանք է կատարում, ծնողը խաբա՞ր է,- պատասխանեց Լիճքի գյուղապետ Գնել Գրիգորյանը,- Խոսքը գնացել է այլ տեղանքի մասին, մենք չենք առարկել: Ես` ինքս, նույնիսկ ուրախացել եմ, որ աշխատատեղ կստեղծվի, մարդիկ կաշխատեն: Մյուս հորանի մասին ընդհանրապես խոսացություն չի եղել»:

Քննարկմանը նաև հրավիրված էին  ներկայացուցիչներ ՀՀ բնապահպանության նախարարությունից և «Տեխնոման» ՍՊԸ-ից, սակայն նրանք այդպես էլ չներկայացան:  

Համայնքի բնակիչները որոշել են բաց նամակով դիմել ՀՀ նախագահին, ՀՀ ոստիկանապետին` հայտնելով վերջիններիս անունից համայնքում տեղի են ունեցող ապօրինությունների մասին:

17:41 Նոյեմբեր 08, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news