Ու՞մ շահերն է պաշտպանում ՀՀ բնապահպանության նախարարությունը Մարց գյուղում

Ու՞մ շահերն է պաշտպանում ՀՀ բնապահպանության նախարարությունը Մարց գյուղում

Էկոլուր

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանի ստորագրությամբ 25.11.2013թ-ին ԷկոԼուրին եկել է N5/12.1/53751 նամակը, որում ասված է.

«Ի պատասխան Ձեր 2013 թվականի նոյեմբերի 18-ի եւ 20-ի գրությունների, հայտնում եմ, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն իր գործունեության մեջ կոնֆլիկտային իրավիճակներ չի ստեղծում, առաջնորդվում է բացառապես օրենքներով կարգավորող իրավահարաբերություններով եւ Դուք հրապարոկում-հարցման մեջ Ձեզ համար ցանակալին ներակյացնում եք իրականության փոխարեն:

Ոլորտին վերաբերող տեղեկատվությունը ՀՀ բնապահպանության նախարարությունը պատշաճ ձեւով եւ ժամանակին հրապարակում է իր պաշտոնական կայքում, ինչպես նաեւ ընթացիկ աշխատանքների մասին ամենշաբաթյա հաղորդագրություններում:

Փեզ հետաքրքրող տեղեկատվությունը կարող եք ստանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքից եւ պարբերաբար հրապարակվող հաղորդագրություններից»:

Նամակում նշված չեն www.ecolur.org  կայքի կոնկրետ հրապարակումները, սակայն նամակի բովանդակությունից կարող ենք կռահել, որ խոսքը Մարց գյուղում «Մարցիգետ-1» փոքր ՀԷԿ-ի կառուցման հետ կապված կոնֆլիկտի մասին է, քանի որ այս թեմայով նոյեմբերի 18-ին և 20-ին ԷկոԼուրը հրապարակել էր նյութեր, մասնավորապես` նոյեմբերի 20-ին հրապարակված «Պաշտոնյաները պատասխանատվություն են կրում Մարց գյուղի կոնֆլիկտի համար» նյութը (http://ecolur.org/hy/news/biodiversity/officials-bearing-responsibility-for-conflict-in-martz-village/5534/), և կոնֆլիկտի զարգացումների համար մեղադրել պաշտոնյաներին:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանի ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ մեզ հետքրքրող տեղեկատվությունը փակ է հասարակության համար, և այն անհնար է ստանալ բնապահպանության նախարարությունից անգամ հարցման միջոցով: Այսպիսով, 2013թ-ի  մարտի  28-ին ԷկոԼուրը հարցում է ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարությանը, որում, մասնավորապես, ասված է.««ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն մասնակցել է հետևյալ նախագծերի վերաբերյալ հասարակական լսումներին`    1. 05.02.2013թ.` «Գնդեվանք» փոքր ՀԷԿ, 19.02.2013թ.` «Դարանակ» փոքր ՀԷԿ, 22.02.2013թ.` Շորժայի հանքավայրի շահագործում, 22.02.2013թ.` Արտաշատի հանքավայրի շահագործում, 12.03.2013թ.` «Մարցիգետ-1» փոքր ՀԷԿ, 19.03.2013թ.` «Նանե» փոքր ՀԷԿ: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ Օրենքի 10-րդ հոդվածի  4-րդ կետի համաձայն` խնդրում ենք տրամադրել նախագծերի վերաբերյալ հասարակական լսումների և շահագրգիռ կողմերի կարծիքների արձանագրությունների պատճենները»:

ՀՀ բնապահպանության նախարարությունը մերժել է տրամադրել արձանագրություններ, այդ թվում` «Մարցիգետ-1» փոքր ՀԷԿ-ի նախագծի վերաբերյալ արձանագրությունը: Նշենք, որ լսումների արձանագրությունների տրամադրման վերաբերյալ նախարարության մերժումը նպաստեց տվյալ նախագծի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացի թափանցիկության բացակայության ուժեղացմանը: Նախարարություն է ուղարկվել  հակադիր իմաստով երկու փաստաթուղթ: Առաջինը՝ հասարակական լսումների արձանագրությունը, որը ստորագրվել է լսումներից մեկ շաբաթ անց մի խումբ մարդկանց կողմից, որոնց մի մասը լսումներին չի մասնակցել (մենք ունենք դրա բոլոր ապացույցները): Եվ երկրորդ փաստաթուղթը՝ գյուղի բնակիչների նամակը փոքր ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքով:

Այնուհետև, բնապահպանության նախարարությունը աշխատանքային խումբ է ուղարկում Մարց գյուղ, որը սկսում է համոզել բնակիչներին համաձայնել ՓՀԷԿ-ի կառուցմանը (մենք ունենք գյուղի բնակիչների ձայնագրությունները): Սա նշանակում է, որ նախարարությունը արդեն իսկ խառնվել է կոնֆլիկտին, ընդ որում, ոչ «օրենքով կարգավորվող իրավահարաբերությունների մակարդակով»: Նախարարությունը նախագծին տվել է դրական եզրակացություն՝ հաշվի չառնելով ո՛չ նախագծի ռիսկերը, ո՛չ բնակիչների կարծիքները, և այդ եզրակացության հիմնավորումը նույնպես ոչ մի տեղ չի հրապարակվել: Հարց է առաջանում` ու՞մ շահերն է պաշտպանում բնապահպանության նախարարությունը: Հարցը պատահական չէ, քանի որ Մարց գյուղի իրադարձությունները ավելի են սրվում. 2013թ-ի մայիսի 5-ին բնակիչները «Մարցիգետ-1» փոքր ՀԷԿ-ի համար նախատեսված խողովակները գլորեցին գետը, 2013թ-ի օգոստոսին բնակիչները դիմեցին Վանաձորի Շահերի պաշտպանության և աջակցության հակակոռուպցիոն կենտրոն` բողոքելով, որ «Մարցիգետ-1» փոքր ՀԷԿ-ի կառուցումը մեծ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Այնուհետև, բնակիչներին վախեցնելու համար գյուղ ժամանեց «Մարցիգետ-1» փոքր ՀԷԿ-ի սեփականատերերի աջակցող խումբը: Նոյեմբերի 17-ին բնակիչներին աջակցելու համար գյուղ ժամանեցին բնապահպան-ակտիվիստները: Գյուղում անցկացված բողոք-երթից հետո ակտիվիստները բնակիչների հետ միասին փակեցին Վրաստանի սահմանը տանող Երևան-Բագրատաշեն մայրուղին:

ՀՀ բնապահպանության նախարարությունը պետք է ուշադրություն դարձնի, թե ինչ է տեղի ունենում իր կողմից տրված որոշումներից հետո, և փոխի իր քաղաքականությունը շրջակա միջավայրի, առողջության և անվտանգության վրա վտանգավոր ազդեցություն ունեցող նախագծերի թույլատրելի փաստաթղթերի տրամադրման հարցում:

 

Լուսանկարը` Արթուր Հովակիմյանի

14:01 Դեկտեմբեր 02, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news