Գեղարքունիքի մարզի բնակիչներ. «Արգիճի» փոքր ՀԷԿ-ը բացահայտ անօրինություն է

Գեղարքունիքի մարզի բնակիչներ. «Արգիճի» փոքր ՀԷԿ-ը բացահայտ անօրինություն է

ԷկոԼուր

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն և Մադինա գյուղերի բնակիչները  «Արգիճի» փոքր ՀԷԿ-ը համարում են անօրինական և կարծում են, որ անօրինական կառուցված ՀԷԿ-ը անօրինական էլ կգործի: «Ոչ լսումներ, ոչ փորձաքննություն, ոչ հողի տրամադրում, ոչինչ...բացահայտ անօրենություն է,- վրդովվում են համայնքի բնակիչները,- Ուզում են, որ բնակչությունը արտագաղթի, մի քանի հոգի ստրուկ մնան, իրենք էլ ամեն ինչին տիրանան...Ամեն ինչ ոչնչացնում են...Այդ ՀԷԿ-ը կվերացնի մեր գյուղերը...Եվ ձուկը կվերանա, և ամեն ինչ կվերանա...»: 

2012 թ-ին «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ-ն Գեղարքունիքի մարզի Արգիճի գետի վրա, որը մտնում է Սեւանա լիճ ջրային ավազանի մեջ,  կառուցեց  «Արգիճի» փոքր ՀԷԿ-ը: ՓՀԷԿ-ը դարձավ իսկական պատուհաս Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի համար: Վտանգված են 5 համայնքների ոռոգումը, իշխանի և Սևանա լճի այլ էնդեմիկ տեսակների բնական վերականգնումն ու պոպուլյացիան: 

Տեղի բնակիչների խոսքով՝  «Արգիճի» փոքր ՀԷԿ-ի նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ չեն անցկացվել, և իրենք իմացել են ՓՀԷԿ-ի մասին միայն այն ժամանակ, երբ սկսվել է շինարարությունը: «Լսումներ չեն անցկացվել: Անգամ չգիտենք` ով է կառուցում, ոչ ոքի չենք տեսել: Դուք հավատում եք, որ իրենք կգային և մեզանից թույլտվություն կհարցնեին»- ասաց Վերին Գետաշենի բնակիչ Բայանդուր Հովհաննիսյանը: 

Բնակիչները, անդրադառնալով նաեւ ձկան պաշարներին, նկատեցին.«Այս ՓՀԷԿ-ից հետո ձկանը կասենք հաջողություն»: «Առաջ ձուկ շատ կար, ՓՀԷԿ-ի վթարից հետո ձուկը վերացավ: Մարդ կա, որ 4 մեշոկ ձուկ է հավաքել, որոնք դուրս էին նետվել խողովակից»,- հավելեց Վերին Գետաշենի բնակիչ Գուրգեն Գասպարյանը: 

Հիշեցնենք, որ  «Արգիճի» փոքր ՀԷԿ-ի խողովակները արդեն 2 անգամ պայթել են, ինչի արդյունքում ջուրը ողողել է գարու և կարտոֆիլի բերքը: «Ջուրը հավաքել էին ջրամբարում, հետո միանգամից բաց թողել: Ամեն ինչ ոչնչացրեցին, ձկան ողջ պաշարները վերացրեցին»,- պատմում էր գերմաներեն լեզվի ուսուցիչ Խաչիկ Փինասյանը: «Պաշտոնապես նշում են երկու վթար, բայց դրանք 10-ից ավել են եղել: Որպես փոխհատուցում տվել են 40 000 դրամ, այն դեպքում, երբ ջուրը ողողել էր գարու ողջ դաշտը...Այդքան բան ոչնչացրեցին, բայց ոչ ոքի պետքը չի...Բնակիչները զրկվեցին իրենց միակ եկամուտից»,- դժգոհում էին համայնքների բնակիչները: 

 «Արգիճի» փոքր ՀԷԿ-ի վերաբերյալ Վերին Գետաշենում դրական կարծիք հայտնեց միայն գյուղապետարանի քարտուղարուհի Զինաթել Կարապետյանը: «Ինչ վատ բան են արել որ այդ մարդիկ, քիչ-միչ կարտոշկա է տարել էլի»,- ասաց նա: 

Գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունների բացակայության դեպքում բնակիչները վստահեցրեցին. «Կարտագաղթենք»:  «Բերքը ոչնչացրեցին, ձուկը ոչնչացրեցին, այստեղ ապրելու էլ հույս չկա...Մենք վերջին դիմացողներն ենք»,-նշեց Մադինա գյուղի բնակիչ Արայիկ Թաթոյանը: 

Բնկիչների ունեցած տեղեկությունների համաձայն` ընկերությունը խոստացել է, որ հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը ՀԷԿ-ը չի աշխատելու, որպեսզի հնարավոր լինի ոռոգել դաշտերը: Բայց բնակիչները դրան էլ չեն հավատում. «Ոչ թղթաբանություն, ոչինչ չկա, ոչ ոք ոչ մի բանի էլ չի հետևելու»: 

Վերին Գետաշենի 82-ամյան բնակիչ Մերուժան Մելքոնյանն էլ համայնքների սոցիալական վիճակի բարելավման իր տարբերակն առաջարկեց.«ՓՀԷԿ-ից ոչ մի լավ սպասելիք չունենք: Մարդկանց վիճակը գնալով վատանում է, ապրելը ավելի է դժվարանում: Եթե ՀԷԿ-ի փոխարեն կառուցեին ինչ-որ գործարան, մարդկանց օգուտ կլիներ, աշխատատեղեր կստեղծվեին, իսկ ՀԷԿ-ում ի՞նչ աշխատատեղ, մինիմում մի քանի հոգի»,- ասաց նա: 

ԷկոԼուրը նաև զրուցեց «S.O.S. Արգիճի» նախաձեռնող խմբի ղեկավար Վարդան Գալստյանի հետ, ով պայքարում է գետի համար 2010 թ-ից: «Առաջինը, մենք կախված կլինենք ՀԷԿ-ի ղեկավարությունից: Կարծես նրանց կամքով լինի` տալ ջուր, թե ոչ: Հենց սկսեն փող աշխատել, իրենց էլ ոչինչ չի հետքրքրի: Ամբողջ գյուղը կնկնի կախվածության մեջ»- նշեց  Վարդան Գալստյանը` հավելելով, որ բնակիչների կարծիքը: «Մենք մեր գյուղում, մեր սեփական միջոցներով, հավաքել ենք գումար և կառուցել 4-5 խողովակաշար: Հիմա ՓՀԷԿ-ը վտանգի տակ է դնում մեր կողմից կառուցված ոռոգման համակարգը, քանի որ այն ավելի բարձր է, քան մեր խողովակաշարերը: Այսպիսի իրավիճակ է և Վերին Գետաշենում, և Ներքին Գետաշենում»,- ասաց նա: 

Վարդան Գալստյանի խոսքով` նրանք բազմիցս դիմել են  ՀՀ բնապահպանության նախարարությանը, ՀՀ վարչապետին, և Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովին, սակայն ոչ մի պատասխան չի ստացվել: «Միայն մեկ անգամ  2012 թ-ին արձագանքեց ՀՀ բնապահպանության նախարարությունը, երբ նոր էին սկսել կառուցել ՀԷԿ-ը: Պապյան ազգանունով անձը ասեց, որ կուղարկեն տեսուչներ, բայց այդպես էլ ոչ ոք չեկավ,- ասաց Վարդան Գալստյանը,- Արգիճի գետը միշտ հարուստ է եղել իր ձկնային պաշարներով: Եթե կառավարությունը կարողանա պահպանել Արգիճ գետը, ապա կարճ ժամականահատվածում Սևանը կվերականգնի իր ձկնային պաշարները»: 

Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։ 

Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը  և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու  տեսակետների հետ։  



Հունվար 21, 2014 at 14:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր