Պայքարը Մագելի յուրահատուկ քարանձավի համար շարունակվում է (Լուսանկարներ)

Պայքարը Մագելի յուրահատուկ քարանձավի համար շարունակվում է (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Այս անգամ գիտնականները և բնապահպաններ պայքարում են Հայաստանի յուրահատուկ քարանձավներից մեկի՝ Մագելի քարանձավի համար: ՀՀ Վայոց ձորի մարզի Նորավանքի կիրճում գտնվող Մագելի քարանձավը հայտնի է իր հարուստ կենսաբազմազանությամբ, ՀՀ Կարմիր գրքում  եւ միջազգային IUCN ցուցակում գրանցված տեսակներով: Այն  Հայաստանի ամենաերկար քարանձավն է: Պատմամշակութային հուշարձան համարվող Մագելի քարանձավը ՀՀ մշակույթի նախարարությունը մտադիր է տալ վարձակալության, ինչը վտանգի տակ է դնում քարանձավի յուրահատուկ կենսաբազմազանությունը:

«2008 թ-ին մենք ստիպված եղանք փակել քարանձավի մուտքը դարպասով, որպեսզի զերծ պահենք այն արտաքին վտանգներից: Սկսվեց պայքար մշակույթի նախարարության և տեղի մարզպետարանի հետ:  Մենք երկար պայքարեցինք, որ քարանձավը հանգիստ թողնեն, և հիմա նորից լսում ենք, որ մշակույթի նախարարությունը պատրաստվում է քարանձավը ինչ-որ մեկին վարձով տա»,- ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի ղեկավար Մամիկոն Ղասաբյանը հունվարի 22-ին  «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ: «Նախարարությունը ընդհանրապես պատկերացնո՞ւմ է` ինչ օրը կընկնի այդ քարանձավը իրենց զարգացրած տուրիզմից հետո: Թող տուրիզմը զարգացնեն այլ քարանձավներում, Մագելի քարանձավը ընդհանրապես չի կարելի ձեռք տալ»,- նշեց նա:

Մամիկոն Ղասաբյանի խոսքով` քարանձավում չղջիկների քանակությունը  60-70% պակասել է. «Քարանձավ են մտել վառվող պլաստիկ շշերով: Քարանձավում ի՞նչ կմնա»:

«Մագելի քարանձավը մեր հանրապետության կարստային ծագում ունեցող յուրահատուկ քարանձավներից է: Այնտեղի կենսաբազմազանությունը չտեսնված նուրբ է և հեշտությամբ կարող է վնասվել: Քարանձավում բնակվող չղջիկները այն կենդանիներն են, որոնք շատ մեծ օգուտ են բերում: Նրանք ամբողջ  իրենց կշիռով մեկ մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնում են բնության և գյուղատնտեսության  ամենավտանգավոր վնասատուներին,- ասաց ձեռքաթևավորների մասնագետ, պրոֆեսոր Էդուարդ Յավրույանը,- Այս քարանձավում կար Կարմիր գրքում գրանցված չղջիկների հինգ տեսակ, որից մեկը այսօր ոչնչացվել է»: 

«Կա համաշխարհային գիտական խմբավորում, որը Մագելի քարանձավը երրորդն է համարում իր յուրահատուկ ներկայացուցիչներով:  Այդ տեսակները մենք այլևս երբեք չենք կարողանա վերականգնել»,-նշեց մասնագետը:

 ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ, կենսաբանական գիտությունների թեկնածու Սևակ Բալոյանի խոսքով` Մագելի քարանձավի շահագործման խնդիրը առաջացել է դեռևս 2010 թ-ից: «Այդ ժամանակ ծրագիրը ներկայացվեց բնապահպանության նախարարություն փորձաքննության: Արդյունքում բնապահպանական փորձաքննությունը պայմաններ առաջարկեց: Դրանից հետո ոչ մի նորություն չեղավ,-ասաց նա,-այսօրվա դրությամբ նախագիծ չկա և նման գործունեություն առանց բնապահպանական փորձաքննության չի կարող  իրականացվել»:

Այսպիսով, գիտնակնների և բնապահպանների պայքարը  յուրահատուկ էկոհամակարգ ունեցող քարանձավի համար շարունակվում է: Հետաքրքիր է, ի՞նչ է այս պարագայում մտածում ՀՀ մշակույթի նախարարությունը, ի՞նչ են մտածում բիզնես-շահի ներկայացուցիչները, ովքեր մեծ ախոռժակ պահած փորձում են միանգամից ոչնչացնել այն վերջին հարստությունները, որոնք ազգը ժառանգել և պահպանել է դարեր շարունակ:

Լուսանրակները` Մամիկոն Ղասաբյանի

18:14 Հունվար 22, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news