Սևանը ձկնաբուծարան վերածելու ծրագրի հասարակական լսումներում կրքերը թեժացան

Սևանը ձկնաբուծարան վերածելու ծրագրի հասարակական լսումներում կրքերը  թեժացան

ԷկոԼուր

«Այս ծրագիրը կառավարության հերթական սխալն է...սա հակազգային, հակաէկոլոգիական ծրագիր է...Սա բիզնեսի ստեղծում է պետական միջոցներով, և ծրագրված է քիչ-քիչ պետականից անցում սեփականին... Այստեղ կան մեծ կոռուպցիոն ռիսկեր, տնտեսական ռիսկեր...»: Այս կարծիքները հնչեցին հունվարի 23-ին Սևան քաղաքում անցկացված «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» առաջին հասարակական լսումների ժամանակ:

Ծրագիրը առաջացրել է ոչ միայն բնապահպանների, այլ նաև բնակիչների վրդովվմունքը. «Մի Սևանա մնացել, էդ էլ են սեփականաշնորհելու...Հացից զրկելու են բոլոր նրանց, ովքեր ապրում են դրանով, ոչ ոքի թույլ չեն տալու անգամ ափին մոտենալ... Ամբողջ գյուղը չի կարող աշխատել ձկնաբուծարանում, բայց ամբողջ գյուղը ապրում է ձկանով: Մենք Սևանով աշխարհով մեկ պարծենում ենք, խելքներս տանք մի քանի աշխատատեղի՞, մի քանի տոննա ձկա՞ն»,- բողոքում էին բնակիչները:

«Հասկանալի է` ինչու է Աստված զրկել մեզ Արարատից և Վանա լճից: Այս նախագիծը Սևանի շահերից չի բխում, այլ բխում է բիզնեսի շահերից: Ինչի են անունը դնում հիմնադրամ, որովհետև այդ հիմնադրամը թույլ է տալիս` բանկ չմտնեն, պետական հարկատուների փողերով սարքեն այդ սովխոզը: Սևանի մասին օրենքը մեկն է, «Սևան» ազգային պարկի կարգավիճակը մեկն է, և մենք խախտում ենք այդ օրենքը: Այստեղ չի կարելի անել այն գործողությունները, որոնք խանգարում են  բնական գործընթացներին: Եթե ուզում եք վերականգնել Սևանի ձուկը, ազատեք գետերը խողովակներից: Դուք փակելու եք լիճը համայնքներից, ու՞մն է Սևանը վերջ ի վերջո: Սևանը ազգինն է, կոչվում է ազգային, անգամ պետական չէ»,-  հասարակական լսումների ժամանակ ասաց հասարակական գործիչ Գագիկ Սուխուդյանը:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց, որ ծրագրիրը չունի տնտեսական հիմնավորում, կան միայն լավ խոստումներ: «ՇՄԱԳ չկա, վերահսկողություն չկա, եթե ընկերությունը ավելացնում է ռիսկերը, նշանակում է, որ նախագիծը բնապահպանական չէ, այլ շատ լավ  բիզնես նախագիծ է: Իսկ պիլոտային ծրագրերի արդյունքները չեն կարող հիմնավորում լինել»,- ասաց նա:

Խոստումների տեսանկյունից ընկերությունը բավականին շռայլ էր. տարեկան 23 միլիարդ` Սևանի հիմնադրամին, 200 000 դրամ միջին աշխատավարձով 5000-6000 աշխատատեղ և, անգամ, պետության կողմից թույլատրվող որս: Սակայն այս խոստումներին լսումների  մասնակիցները չհավատացին, հատկապես երբ պարզվեց, որ արդեն գոյություն ունեցող 6  ցանցավանդակներում համայնքներից աշխատում է ընդամենը  4 հոգի:

«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Սաթենիկ Բադեյանը նշեց, որ լիճն ափամերձ համայնքների բնակիչների եկամուտի միակ աղբյուրն է, և հարց է առաջանում` կոնկրետ հասարակ ձկնորսին ինչ է տալու այս ծրագիրը. «Դուք հեշտությամբ հանելու եք ձուկն այդ ցանցավանդակներից և վաճառեք, իսկ իրենք կյանքը վտանգելով են ձեռք բերում այդ ձուկը: Լիճը նախ իրենցն է, իրենց եկամուտի միակ աղբյուրն է, իրենց պապերը ձկան համար են այստեղ եկել  և պետք է համաձայնեցնել ոչ թե գյուղապետերի, այլ հասարակ ժողովրդի հետ»:

Պարզվեց, որ համայնքապետերը նույնպես ոգեւորված չեն Սևանը ձկնաբուծարան վերածելու մտքից: «Պիլոտային տնտեությունում ես տեսել եմ երկու հոգի, էլ ինչ 5000-6000 աշխախատեղ, էդքան ազոտ ու ֆոսֆոր ենք լցնելու մեր բյուրեղյա լճի մեջ, դեմը ի՞նչ ենք ստանալու... Մի օր լիճը սառելու է, էդ սաղ հօդս է ցնդելու»,-ասում էին նրանք:

Լսման ընթացքում հիշեցվեց նաև այն 60 միլիոն մանրաձկների մասին, որոնք լիճ են բաց թողնվել. «60 միլիոնը ջուրը գնաց...ոչ մի վերահսկողություն չի եղել: Ո՞վ է պատասխանատու, եթե շեղվենք ծրագրից»,- հարցրեց  «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Վահան Դավթյանը: Իսկ  ձկան յուրաքանչյուր կիլոգրամից հիմնադրամին տրամադրվող 200 դրամի վերաբերյալ նշեց, որ ծրագիրը տասը տարվա ընթացքում է իրականացվելու, և փողը կարող է փոխվել, պետք է դրամի տեղը գրվի տոկոս:

Ընկերության գլխավոր փորձագետ Էդվարդ Գևորգյանը պատասխանեց, որ որևէ տնտեսության կողմից բացասական շեղման դեպքում պատասխանատվություն կկրի վնաս առաջացնողը: Իսկ վերահսկողության վերաբերյալ նշեց, ամեն ինչ վերահսկվելու է մոնիտորինգի խմբի կողմից: Խմբի կազմում պետք է ներգրավված լինեն Սևանին առնչվող բոլոր գիտական կազմակերպությունները:

Մենաշնորհների վերաբերյալ Էդվարդ Գևորգյանը ասաց. «Ծրագրով նախատեսված է, որ չեն կարող ցանցավանդակների 5 տոկոսից ավելին տնօրինել նույն կամ իրար հետ փոխկապակցված անձիք, եթե հասնենք 50 000 տոննային»:  Ըստ նրա` ծրագրով ձևավորված շահույթի հավասար կեսը կամ մեծ մասը ուղղվելու է հիմնադրամ:

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը նշեց, որ այսօր Սևանա լճում ստեղծվել է անմխիթար վիճակ, և սա մի ճանապարհ է, որը կարող է շտկել իրավիճակը. «Ես կողմնակից եմ. այսօր ոչ իշխան ունենք, ոչ սիգ, ոչ կողակ: Այսօր անմխիթար վիճակ է, պետք է փոխել այս վիճակը: Սա մի ճանապարհ է, որը կարող է ուղղել:  Ճիշտ է` ծրագիրն ունի շատ բացթողումներ, շատ ռիսկեր, որոնք պետք է շտկվեն, եկեք աշխատենք այդ ուղղությամբ: Իշխանը մեր սիմվոլն է, որ պետք է գենետիկորեն պահպանվի: Միայն պետությունը կարող է դա անել, այդ պատճառով էլ պետական է.,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ՇՄԱԳ-ին, այսինքն ՇՄԱԳ-ի բացակայությանը, ընկերության ներկայացուցիչը պարզաբանեց. «Շրջակա միջավայրի գնահատումը, որպես այդպիսին, ՀՀ օրենսդրական պահանջ չէ, օրենսդրական պահանջ է բնապահպանական փորձաքննություն անցկացնելը, մենք ներկայացրել ենք: Մենք դեռ չունենք նախագիծ, ի՞նչը տանք ՇՄԱԳ-ին: Սա համալիր ծրագիր է, այստեղ պրոեկտներ չկան, երբ պրոեկտը կլինի, այդ ժամանակ կներկայացվեն ՇՄԱԳ-ին»:

Ինչպես բնապահպանները, այդպես էլ բնակիչները կարծում են, որ տեղի է ունենում օրենքի կոպիտ խախտում, ինչի հետ համաձայն չէր «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի  տնօրենի տեղակալ Վահե Գուլանյանը, ով լսումների ընթացքում բավականին բորբոքված, բնապահպաններին հակադարձելով հարցրեց. «Դուք օրենքները կարդացե՞լ եք»: Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը հակադարձեց. «Իսկ դուք կարդացե՞լ եք», որից հետո նա մեջբերեց «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի գլուխ 7-ի  26-րդ հոդվածը ՝ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎՐԱ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, որը սահմանում է  Սեւանա լճի էկոհամակարգի վրա բացասական ազդեցություն ունեցող արտանետումների արգելումը.

1. Սեւանա լճի էկոհամակարգի բնականոն գործունեության ապահովման նպատակով Սեւանա լճի էկոհամակարգում արգելվում է օգտագործել՝

ա) ջրային օրգանիզմների համար բարձր տոքսիկություն ունեցող նյութեր.

բ) սննդային շղթաներով փոխանցվող եւ բույսերի ու կենդանիների օրգանիզմներում կուտակվող ոչ բարձր տոքսիկություն ունեցող նյութեր.

գ) Սեւանա լճի եւ նրա մեջ թափվող գետերի, աղբյուրների ջրերում դանդաղ քայքայվող բարձր եւ ոչ բարձր տոքսիկություն ունեցող նյութեր.

դ) Սեւանա լճի էկոհամակարգի համար վտանգավոր, սակայն կենսահամակարգից արագ հեռացվող նյութեր.

ե) թույլատրելի նորմերը գերազանցող կենսածին տարրեր, ծանր մետաղներ կամ նրանց միացություններ:

Նշենք նաև, որ մասնակիցների կողմից մի քանի անգան հարց ուղղվեց ծրագիրը ներկայացրած «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր փորձագետ Էդվարդ Գևորգյանին, թե ինչ դեղամիջոցներ են օգտագործելու: Պատասխան այդպես էլ չհնչեց:

Այսպիսով, պայքարը Հայաստանի Հանրապետության քաղցրահամ ջրերի ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լճի համար շարունակվում է: Հասարակության պահանջը մեկն է. Սևանը չպետք է դառնա ձկնաբուծարան:

10:51 Հունվար 30, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news