Ուկրաինա, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններ. նորություններ Բրյուսելից

Ուկրաինա, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններ. նորություններ Բրյուսելից

ԷկոԼուր

«Այսօր, իհարկե, Հայաստանում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի մասին այլևս խոսք չկա: Բոլորովին այլ իրավիճակ է Ուկրաինայում, որտեղ շարունակվում է ակտիվ պայքարը քաղաքացիական հասարակության և ներկայիս իշխանությունների միջև»: Հայաստան-Եվրամիություն և Ուկրաինա-Եվրամիություն հարաբերությունների վերաբերյալ Բրյուսելից իր հետ վերջին լուրերն է բերել Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը:

«Ճգնաժամը Ուկրաինայում ոչ միայն քաղաքական է, այլ նաև` սոցիալ-տնտեսական: Եթե Ուկրաինան այդպես շարունակի, ուղղակի բանկրոտ երկիր կլինի»,- հայտարարեց Բորիս Նավասարդյանը այսօր՝ փետրվարի 6 -ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նաև նշեց, որ արդեն սկսել է ուկրաինական արտարժույթի արժեզրկումը, որը շատ վտանգավոր գործընթաց է, քանի որ բերելու է ծանր հետևանքներ տնտեսության համար, ինչի արդյունքում աշխատավարձերի, թոշակների վճարումը կդառնա լուրջ խնդիր և  կակտիվացնի երկրում ծայրահեղականներին: 

«Ուկրաինայում առաջնային դերակատարություն ունեն ակտիվ քաղաքացիները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Հիմնական նպատակը՝ հաստատել Ուկրաինայում  լեգիտիմ և ժողովրդի վստահությունը ունեցող իշխանություն: Բրյուսելում քաղաքացիական այդ շարժման նկատմամբ կա որոշակի վստահություն և ցանկություն օգնելու դուրս գալ այդ իրավիճակից»,- ասաց Բորիս Նավասարդյանը: Նա նաև նշեց, որ Եվրոպան պատրաստ է տրամադրել Ուկրաինային 15 միլիարդը  գերազանցող նյութական օգնություն, որը խոստացել էր Ուկրաինային Ռուսաստանը: Հարցը այն է, որ այդ օգնությունը չպետք է «անհետանա սև ծակերում», այլ պետք է կառավարվի վստահություն ներշնչող կառավարության կողմից: Եվ որքան արագ ընթանա այդ գործընթացը, այդքան ավելի լավ: Սա հասկանում են Եվրոպայում:

Ինչ վերաբերում է Հայաստանին` Բորիս Նավասարդյանը նշեց, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում իրավիճակը շարունակում է մնալ անորոշ: «Եվրամիությունը կենտրոնացած է Ուկրաինայի և իր հարցերի վրա: Հայաստանի վրա բնական է, որ ուշադրություն չեն դարձնի, մանավանդ, որ իրենք չգիտեն էլ ինչի վրա պետք է աշխատեն: Հյաստանի իշխանությունները չգիտեն ինչքանով են ազատ և ինչքանով դա չի զայրացնի Ռուսաստանին, Եվրոպան էլ չգիտի, թե հայերը ինչի են պատրաստ և ինչի են ընդունակ այս պահին»:

Նման անորոշ իրավիճակում հարց է առաջանում՝ ի՞նչ է անհրաժեշտ անել առաջին հերթին: 

Մանրամասները` տեսանյութում:



18:50 Փետրվար 06, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news