Հայաստանում վաճառվում են կապարի ՍԹԽ-ն գերազանցող ներկեր, ամենից շատ տուժում են երեխաները

Հայաստանում վաճառվում են կապարի ՍԹԽ-ն գերազանցող ներկեր,  ամենից շատ տուժում են երեխաները

ԷկոԼուր

Հայաստանում կապարի սահմանային թույլատրելի խտությունը (ՍԹԽ) գերազանցող ներկերի վաճառքի խնդիրը մնում է չլուծված: Ներկերում կապարի պարունակության գերազանցումները հայտնաբերվել են դեռ 2011 թ-ին` «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» և «Խազեր» ՀԿ-երի կատարած հետազոտությունների արդյունքում: 2016 թ-ին «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն կրկնակի ուսումնասիրություն է իրականացրել` պարզելու համար արդյոք պետությունը ձեռնարկել է միջոցներ խնդիրը լուծելու ուղղությամբ:

Ուսումնասիրության արդյունքները կազմակերպության փորձագետ Քնարիկ Գրիգորյանը ներկայացրեց «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած «Կանաչ իրավունքները, խախտումները և պաշտպանություն» խորագրով քննարկման ժամանակ:

«Ուսումնասիրել ենք մոտ 20 առևտրի կետեր և հայտնաբերել կապարի պարունակության գերազանցում կենցաղային ներկերում: Այդ խնդիրն առկա է առ այսօր», - ասաց Քնարիկ Գրիգորյանը:

Փորձագետը շեշտեց, որ Հայաստանում ընդունված կապարի ՍԹԽ-ն 5000 ppm է, իսկ միջազգային ընդունված նորմը` 90 ppm, այսինքն, Հայաստանում այն 56 անգամ բարձր է:
Կապարը բնական թունավոր մետաղ է, հաճախ օրգանիզմ է ներթափանցում ջրի, սննդի միջոցով, կարող է ունենալ անդառնալի հետևանքեր: Այս առումով առավել խոցելի խմբերը երեխաներն են և հղի կանայք:

«Ներկերը հիմնականում օգտագործում են փակ տարածության մեջ, ներկում ենք պատերը, պատուհանները, դռները: Եթե այդ ներկերը կապար են պարունակում, տան վերանորոգման ժամանակ կապարը փոշու հետ, շնչառության միջոցով, անցնում է օրգանիզմ, վերանորոգման ժամանակ ընտանիքի անդամները մնում են տանը և շնչում են այդ օդը: Մեկ այլ օրինակ. Դպրոցներում, մանկապարտեզներում մի քանի տարի անց, երբ ներկը քայքայվում, թափվում է, երեխաները սիրում են ամեն ինչի ձեռք տալ, տանում են բերանը, և այդպես փոխանցվում է օրգանիզմ: Մենք տեսնում ենք սոցիալական իրավունքների խախտում, հատկապես երեխաների: Անգամ նվազագույն քանակն ազդում է երեխաների առողջության վրա, կրում է անդառնալի բնույթ: Արյան մեջ կապարի պարունակության նույնիսկ չնչին գերազանցումը հանգեցնում է երեխաների մտավոր զարգացման գործակցի նվազման, գիտելիքների յուրացման վատթարացման, ազդում իմունային և վերարտադրողական համակարգերի վրա, առաջացնում է սակավարյունություն, արյան ճնշման բարձրացում, երիկամների անբավարարություն և այլն: Երեխան սոցիապալես չի կարող ինտեգրվել միջավայր», - ասաց Քնարիկ Գրիգորյանը:

Փորձագետը թվեց օրենքները, որոնք պաշտպանում են երեխաների իրավունքները. «1989 թ-ի ՄԱԿ-ն ընդունել է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան, 1992 թ-ին Հայաստանը միացել է այդ կոնվենցիային: 1996 թ-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Երեխայի իրավունքների մասին» օրենքը»:

Կապարը նաև բացասական ազդեցություն ունի շրջակա միջավայրի վրա: Քանի որ Հայաստանում չկա քիմիական մաքրում, բոլոր վտանգավոր նյութերը, այդ թվում կապարը, լցվում են բաց ավազաններ և թունավորում շրջակա միջավայրը:

Որպես պատասխանատու մարմիններ Քնարիկ Գրիգորյանն առանձնացրեց ներկեր արտադրող ընկերություններին, պետական վերահսկողություն իրականացնող մարմիններին` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների և առողջապահության նախարարություններին, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին: «Գլխավոր խնդիրներից մեկն էլ այն է, որ շուկայում չկա մշտական հսկողություն», - նշեց փորձագետը:

16:14 Հոկտեմբեր 31, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news