Հայաստանյան շուկայում վաճառվում են անհայտ բաղադրության խաղալիքներ

Հայաստանյան շուկայում վաճառվում են անհայտ բաղադրության խաղալիքներ

ԷկոԼուր

Հայաստանյան շուկայում վաճառվում են անհայտ բաղադրության խաղալիքներ, որոնք կարող են վտանգ սպառնալ երեխաների առողջությանը: Այս մասին հայտարարեց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետ Քնարիկ Գրիգորյանը՝ փետրվարի 22–ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում անցկացված կլոր սեղան-քննարկման ժամանակ:

«2016 թ-ին մեր կազմակերպությունն անցկացրել է լաբորատոր հետազոտություն և հայաստանյան շուկայի խաղալիքներում հայտնաբերել է վտանգավոր նյութեր համարվող ֆտալատներ: Ես, որպես մասնագետ, կարող եմ պնդել, որ եթե խաղալիքը ճկուն է, պարունակում է պլասմասսա, պլաստիկ, վինիլ, պոլիվինիլքլորիդ, ուրեմն այդտեղ առկա է ֆտալատ:

Ֆտալատների ազդեցության նկատմամբ առավել խոցելի են երիտասարդ կանայք և երեխաները, հատկապես 3 տարեկանից ցածր երեխաները: Ներթափանցելով մարդու օրգանիզմ` դրանք կարող են հանգեցնել ծանր և անգամ անդառնալի հետևանքների իմունային, նյարդային, հորմոնային և վերարտադրողական համակարգերի համար։ Ֆտալատները նաև հնարավոր քաղցկեղածին նյութեր են», - ասաց Քնարիկ Գրիգորյանը: Նա նշեց, որ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն 2018 թ-ի դեկտեմբերին հետազոտել է Արաբկիր, Նոր Նորք և Կենտրոն համայնքների 9 վաճառակետերում 56 խաղալիքի մակնշումը և պարզել, որ խաղալիքների 91%-ը ներկրված են Չինաստանից: Խաղալիքների 78.6 %-ի դեպքում նշված չէ խաղալիքում օգտագործված նյութի անվանումը:

Ըստ փորձագետի` մի շարք զարգացած երկրներ արդեն նախաձեռնել են արտադրանքներում ֆտալատների օգտագործումը սահմանափակող կամ արգելող օրենսդրական միջոցառումներ: Զարգացած երկրների կառավարությունները քայլեր են ձեռնարկում 14 տեսակի ֆտալատների արգելման ուղղությամբ: Իսկ Հայաստանում արգելված են միայն 4 տեսակը:

Խնդրի լուծման նպատակով «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն Հայաստանի կառավարությանն առաջարկում է.

- իրականացնել փոփոխություներ «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում՝ ընդլայնել սահմանափակման կամ արգելման ցանկը

- խստացնել տեսչական հսկողությունը խաղալիք արտադրող և ներկրող ընկերությունների նկատմամբ

- պիտակի վրա նշել ապրանքի բաղադրությունը

- պարբերաբար իրականացնել փորձաքննական հսկողություն խաղալիք արտադրող և ներկրող ընկերությունների նկատմամբ

- իրազեկել արտադրանքներում պարունակվող քիմիական վտանգավոր նյութերի մասին:

Կլոր սեղանը կազմակերպվել էր «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն «ԿՕԱ–ների ոչնչացման հարցերով միջազգային ցանց»–ի (IPEN)–ի ֆինանսավորմամբ իրականացվող «Քիմիական նյութերն արտադրանքներում» ծրագրի շրջանակում։

 

18:54 Փետրվար 22, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news