Ինչպե՞ս հայտնվեց Տարոն Մարգարյանի ստորագրությունը փաստաթղթերի վրա

Ինչպե՞ս հայտնվեց Տարոն Մարգարյանի ստորագրությունը փաստաթղթերի վրա

ԷկոԼուր

Ամիրյան 24 շենքի բնակիչները կրկին ոտքի են կանգնել. վերսկսվել է շենքի բակի կառուցապատումը, որի համար ոչնչացվել է մի ամբողջ այգի:  «Երեկ կտրել են 2 բարդիներ, այսօր` մեծ թթի ծառը եւ նոր տնկված պտղատու ծառեր: Այստեղ 14 հարկանի շենք են ուզում կառուցել եւ ոչ մի խոստում չկա, որ տեղի ծառերը կվերականգնվեն»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց շենքի բնակչուհի Անի Մանդալյանը: Վերջինիս խոսով` իրենց ներկայացրել են շինթույլտվություն ետին ամսաթվով. «Օգոստոսին ,երբ մեզ ներկայացրեցին այդ թույլտվությունը այնտեղ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ստորագրությունը չկար, իսկ հիմա մեզ ներկայացնում են փաստաթղթեր քաղաքապետի ստորագրությամբ եւ 2013թ-ի մարտի դրությամբ»:

Աշխատանքները իրականացնում է  «Ֆլեշ» ՍՊ ընկերությունը:  Երբ փորձեցինք տեղում զրուցել ընկերության ներկայացուցիչների հետ,  նրանք  սկսեցին  բղավել: «Ինչ ահազանգի վրա եք եկել, բնակիչները կողմ են, ամեն հարց լուծված է: Գնացեք ստեղից, իրան ոչ մի բան չասեք»,- բղավում էր ընկերության տնօրեն Յաշա Խաչատրյանը: 

«Բարձրահարկ շենքը փակում է մեր արեւը… Արտակարգ իրավիճակների նախարարությունից եկան ասեցին, որ իրենց մեքենան ստեղ ոչ մի դեպքում չի մտնի: Փաստորեն, եթե այսօրվա դրությամբ մի հատ հրդեհ սարքեցին, մեր շենքը գնում է… Հիմքերն են խախտվում, շենքը ճաքեր է տալիս, աղմուկից չեմ կարողանում քնել, փոշուց չեմ կարողանում  երեխաներիս պատշգամբ թողնել...»,-բողոքում էին բնակիչները:  «Ես զգում եմ միայն մի բան, որ իմ շենքը ուզում են վերցնեն մեր ձեռքից»,- ասաց Անի Մանդալյանը:

Շենքի բնակիչների հետ ոչ մի պայմանավորվածություն, ոչ մի քննարկում տեղի չի ունեցել, իսկ որպես փոխհատուցում շինարարությունը սկսելուց հետո միայն առաջարկել են շենքի երեսպատման աշխատանքներ իրականացնել:  Այժմ բնակիչները դիմել են փաստաբանին ու պատրաստվում են հարցը լուծել իրավական դաշտում: 

Հիշեցնենք, որ Ամիրյան 18, Ամիրյան 18ա, Մաշտոցի 15 շենքերի բնակիչների դեռեւս ապրիլին էին ահազանգել կատարավող շինարարության մասին: Աշխատանքները դադարեցվել էին:

17:12 Հոկտեմբեր 28, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news