Ջուր չմտնենք, որ չթրջվե՞նք. հասարակական լսումներ Ջերմուկում

Ջուր չմտնենք, որ չթրջվե՞նք. հասարակական լսումներ Ջերմուկում

ԷկոԼուր

Հակասություններ նախագծում, հակասություններ մեկնաբանություններում. այս ամենը նորություն չէ ՓՀԷԿ-երի նախագծերում: Նոյեմբերի 14-ին Ջերմուկի քաղաքապետարանում տեղի ունեցան «Արփա-3» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի վերաբերյալ հասարակական լսումները: Նախագիծը  ներկայացվել է «Ջինջ Արփա» ՍՊ ընկերության կողմից:

Ըստ ընկերության գործադիր տնօրեն Սպարտակ Ավագյանի` ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ կնքվել է համապատասխան համաձայնագիր, ըստ որի` «Կտրված ցանկացած թփի, ծառի համար պետք է կատարվի  պատճառված վնասի փոխհատուցում»: Միևնույն ժամանակ տնօրենը ընդգծեց, որ 2.8 կմ երկարությամբ խողովակաշարը չի անցնում անտառի և հատուկ  պահպանվող տարածքների միջով: «Հավատացեք իմ սպիտակ մազերին»,- ասաց նա: Հարց է առաջանում` այդ դեպքում ինչի համար է ստորագրվել համաձայնագիր «Հայանտառ»-ի հետ, որը պատասխանատու է միայն անտառային ֆոնդի տարածքների համար: 

ԷկոԼուրի հարցին, թե ինչու ՓՀԷԿ-ի նախագծում կենսաբազմազանությանը վերաբերող նոր ուսումնասիրություններ չեն արվել, Սպարտակ Ավագյանը զարմացած պատասխանեց. «Այսի՞նքն` նոր ուսումնասիրություն: Ամեն մի ծտի վրա աղմուկի ձայնը ինչքանով կազդի՞»: Այո, ամեն թռչունի համար, քանի որ Ջերմուկի շուրջ ընկած տարածքը համարվում է շատ կարևոր տարածք, որտեղ բնակվում են Կարմիր գրքում գրանցված թռչուններ: Իսկ WWF-Հայաստանի ուսումնասիրությունների համաձայն` մոտակայքում կան նաև Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծեր, որոնք կարող են իջնել Արփա գետի մոտ ջուր խմելու: Այսինքն, նախագծում ոչ միայն չեն կատարվել սեփական ուսումնասիրություններ, այլև հեղինակներն անգամ տեղյակ չեն արդեն իսկ արված ուսումնասիրություններից, որոնց արդյունքները մտել են Հայաստանի կենդանիների Կարմիր գրքի մեջ:

Պարզ չէ նաև` ինչ նկատի ուներ ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետ Զարուհի Զուռնաչյանը, երբ ասաց. «Մեր դերը՝ լսել համայնքի բնակիչների կարծիքը, հասկանալ` դեմ են նրանք, թե կողմ: Եթե դեմ են, ինչի համար են դեմ»: Բանն այն է, որ Ջերմուկի քաղաքապետարանի ներկայացուցիչներից բացի հասարակական լսումներին ներկա էր ընդամենը Ջերմուկ քաղաքի մեկ բնակիչ՝ Մակեդոն Ալեքսանյանը: ԷկոԼուրի կողմից Ջերմուկի փողոցներում անցկացված հարցումների համաձայն` բնակիչներից շատերը տեղյակ չեն եղել հասարակական լսումների, նույնիսկ անգամ նախագծի մասին: Մակեդոն Ալեքսանյանի հարցին. «Ասում եք` 13 միլիոն դրամի ծախս եք արել: Եթե պարզվի, որ դուք իրավունք չունեք այդտեղ ՀԷԿ կառուցելու, ո՞վ պիտի փոխհատուցի ձեր ծախսերը», ընկերության գործադիր տնօրենը պատասխանեց. «Ջուր չմտնենք. կարողա թրջվե՞նք...մեժելու կամ արգելանք դնելու համար պետք է լինի հիմնավորված պատճառ»:

Մակեդոն Ալեքսանյանըն այսպես մեկնաբանեց բնակիչների անտարբերությունը. «Բնակիչները, եթե անգամ տեղյակ լինեին,  մի շարք պատճառներով չէին մասնակցի: Կոնկրետ քաղաքապետարանի շենքում այնքան էլ հարմար չէր անցկացնել այս լսումները: Այսպիսի հարցերում տեղական իշխանությունները շատ մեծ դեր ունեն, և բնակիչները վախենում են մասնակցել լսումներին ու հակառակ բան խոսան»,- ասաց նա:

 



Նոյեմբեր 20, 2013 at 14:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր