Սոչիի օլիմպիադա. ամենակործանարար օլիմպիադան շրջակա միջավայրի համար

Սոչիի օլիմպիադա. ամենակործանարար օլիմպիադան շրջակա միջավայրի համար

ԷկոԼուր

Սոչիի օլիմպիադային մնացել է մի քանի օր: Օլիմպիադային պատրաստվելու արդյունքները սարսափելի են: «Հյուսիսային Կովկասի էկոլոգիական հերթափոխ» հասարակական կազմակերպության համակարգող Անդրեյ Ռուդոմախան «Ամերիկայի ձայնի» հետ հարցազրույցում  հայտարարել է. «Սա Օլիմպիական շարժման ողջ պատմության ամենակործանարար օլիմպիադան է...Վարկաբեկված է անգամ Օլիմպիական շարժման գաղափարը: Քսան տարի անց այն ամենը, ինչ տեղի է ունեցել այս Օլիմպիական խաղերի պատրաստման շրջանակներում, կկոչվի մեր երկրի մեծագույն խայտառակությունը»: 

Շինարարական աշխատանքների արդյունքում ոչնչացվել է Իմերեթի դաշտավայրի մեծ մասը: Ռուսական WWF կարծում է, որ դա Ռուսաստանում միակ վայրն է, որտեղ պահպանվել են կոլխիդյան տեսակի ջրաճահճային հանդակները: Այստեղ են գտնվում բույսերի և կենդանիների շատ հազվագյուտ տեսակներ, օրինակ՝ թագավորական Օսմունդ ձարխոտը (Osmunda regalis): Դաշտավայրն ունի շատ կարևոր դեր թռչունների պաշտպանության հարցում, որի հետ կապված էլ ունի կարեւորագույն թռչնաբանական տարածքի միջազգային նշանակության կարգավիճակ:

Բնապահպաններին հետապնդում են: « Այնպիսի տպավորություն է, որ Օլիմպիադայի համար գլխավոր սպառնալիքը մենք ենք,- ենթադրում է Ռուդոմախան,- այսինքն, Օլիմպիադայի քննադատությունը մեր երկրում ընկալվում է որպես հակապետական գործունեություն: Չնայած, ըստ էության,  Ձմեռային խաղերը մերձարեւադարձային գոտում  անցկացնելու խելահեղ գաղափարն է հակապետական գործունեություն»:

ՀԿ-ների ներկայացուցիչների մի խումբ և  WWF-ի փորձագետ Վ. Ակատովը 2009 թ-ի հոկտեմբերի 12 -ին ներկա են գտնվել շիմշատի տնկման արարողությանը: Հավաքված էր ավելի քան 100 մարդ, հիմնականում լրագրողներ: Անմիջապես արարողությունից առաջ սահմանապահ ծառայության սպաները և զինվորները ձեռբակալեցին  «Հյուսիսային Կովկասի էկոլոգիական հերթափոխ» ՀԿ-ի երեք ակտիվիստների, մեկ գերմանացի լրագրողի և պրոֆեսոր Ակատովին: Նրանց բոլորին տեղափոխեցին  սահմանապահ ուղեկալ: Մեկի նկատմամբ ուժ կիրառվեց: Ուղեկալում նրանց ներկայացրեցին մեղադրանք` սահմանապահ գոտու ռեժիմի խախտման վերաբերյալ: Այդ տարածքում գտնվելու համար պահանջվում էր հատուկ թույլտվություն:

Մի քանի օր անց Ադլերի դատարանը Ա. Ռուդոմախային և Էկոլոգիական հերթափոխի անդամ Սուրեն Ղազարյանին տուգանք նշանակեց: Սուրեն Ղազարյանը առաջացրել էր ռուսական իշխանությունների վրդովմունքը: 2012 թ-ին նա անցկացրել է Պուտինի դղյակ անվանումով հայտնի տան շինարարության մոնիտորինգը և ապացուցել այդ շինարարության անօրինականությունը: 2012 թ-ի օգոստոսին հարուցվել է գործ 119  հոդվածի 1-ի մասով`«Սպանության սպառնալիք կամ  առողջությանը լուրջ վնասի պատճառում»:  Դիմումը գրել են «Պուտինի դղյակի» անվտանգության աշխատակիցները, որոնք պնդում էին, որ Սուրենը «սպառնացել է սպանել» երեք զինված անվտնագության աշխատակիցների, իսկ ավելի կոնկրետ, գցել է նրանց վրա քարեր և սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդար տեսնել: Ներկայումս Սուրեն Ղազարյանը գտնվում է Էստոնիայում, որտեղ նրան տրամադրել են քաղաքական ապաստարան:

11:37 Փետրվար 04, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news