Կարեն Մանվելյան՝ ընձառյուծները վերադարձել են Հայաստան

Կարեն Մանվելյան՝ ընձառյուծները վերադարձել են Հայաստան

ԷկոԼուր

Մայիսի 22-ին աշխարհը նշում է կենսաբազմազանության միջազգային օրը: Մայիսի 21-ին՝ «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) տնօրեն Կարեն Մանվելյանը ներկայացրեց Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության ներկայիս վիճակը: 

«Մինչ օրս ընդհանուր առմամբ Բնության համաշխարհային հիմնադրամի ծրագրերով ստեղծվել են 5 պահպանվող տարածքներ՝ «Արփի լիճ» ազգային պարկը՝ 21000 հա, «Արևիկ» ազգային պարկը՝ 34401 հա, «Զանգեզուր» արգելավայրը, «Խուստուփ» արգելավայրը և «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտը: Բոլորը միասին կազմում են 94407 հա, որը Հայաստանի ընդհանուր տարածքի 3.2 տոկոսն է, ինչը բավականին մեծ արդյունք է, եթե համեմատենք այլ երկրների  հետ»,- ասաց Կարեն Մանվելյանը: Նա նաև նշեց, որ Հայաստանում ընդհանուր հատուկ պահպանվող տարածքների ծածկույթը կազմում է 13 տոկոսից մի քիչ ավելի, բայց դա բավարար չէ, քանի որ մինչ 2020 թ-ը բոլոր ցամաքային պահպանվող տարածքները երկրներում պետք է հասցվեն մինչև 15 տոկոս ծածկույթի: 

Ըստ WWF-Հայաստանի տնօրենի՝ «Խուստուփ» արգելավայրի ստեղծման, «Զանգեզուր» արգելավայրի ընդլանման և «Գնիշիկ» համայնքային պահպանվող լանդշաֆտի ստեղծման ծրագիրը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի և գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից: Ծրագրի արժեքը կազմում է 290 000 ԱՄՆ դոլար:

«Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման վերաբերյալ WWF-Հայաստանի տնօրենը ասաց. “Մենք ներգրավված ենք եղել նաև նոր ռազմավարության մշակման գործընթացում՝ հատուկ պահպանվող տարածքների զարգացման, և այնտեղ առաջարկություններ ենք արել ներգրավել նաև Ջերմուկ ազգային պարկի ստեղծումը: Ցավոք, մենք չկարողացանք ընդգրկել այն տարածքները, որոնք նույնպես կարևոր էին թե ընձառյուծի, թե այլ վտանգված տեսակների համար, քանի որ խնդիրներ կար հանքերի ուսումնասիրության հետ կապված: Շահագրգիռ մարմինները չտվեցին այդ թույլատվությունը, որ մենք ընդգրկենք այդ տարածքները (Սյունիքի մարզ): Երկու տարածք նույնպես կար, որոնք ուզում էինք ընդգրկել, բայց համայքները չհամաձայնեցին, որովհետև ուզում էին զարգացնել ոչխարաբուծությունը»: 

 Անդրադառնալով Հայաստանում անհետացող տեսակներին՝ Կարեն Մանվելյանն ասաց․ «Վտանգված տեսակներն են ազնվացեղ եղջերուն, որը գրեթե վերացել է,  7-8 տարի առաջ վերացել է Դալի մկնիկը, որը գրանցված է միջազգային Կարմիր գրքում: Վտանգված է համարվում ընձառյուծը։ Ունենք կորուստներ հարավում վայրի խոզերի հետ կապված, որի պատճառը աֆրիկյան ժանտախնտն է: Ունենք շերտավոր բորենին, որը նույնպես ամենավտանգված տեսակներից է և, իհարկե, ՀԷԿ-երի զարգացումով քիչ-քիչ վտանգված կլինեն բոլոր մերձկնատեսակները, այդ թվում կարմրախայտը»: 

WWF-Հայաստանը ծրագրեր է իրականացնում անհետացող տեսակների պահպանության վերաբերյալ։ Այս կապակցությամբ Կարեն Մանվելյանն ասաց․ «2002 թ-ից մինչև օրս մենք իրականացնում ենք ընձառյուծի պահպանության ծրագիրը։Ընդհանուր բյուջեն կազմում է տարեկան մոտ 40 000 դոլար: Մենք շարունակում ենք մոնիտորինգը, տեղադրել ենք 40 տեսախցիկ, որոնցից մոտ 5-7 տեսախցիկ գողացել են: Մեր աշխատակիցն ամիսը 15 օր գտնվում է սարերում և հետևում է տեսախցիկի տվյալներին: Վերջին 8-9 ամիսներին ունենք բավականին լավ հաջողություններ այն առումով, որ ընձառյուծները վերադարձել են Հայաստան:  Ունենք մեկ արու և երկու էգ: Ունենք եղջերուների վերկանգնման ծրագիր «Դիլիջան» ազգային պարկում: Բնապահպանության նախարարության հետ համատեղ փորձում ենք տարբեր երկրներից բերել ազնվացեղ եղջերուներ: Եղջերուները նախատեսվում է բերել Վրաստանից, Ռուսաստանից և Իրանից»:

Ինչ վերբերում է որսագողությանը, ապա Կարեն Մանվելյանը որսագողության նվազման միտում է տեսնում։ «Որսագողության քանակը և տոկոսը հիմա բավականին իջել է, բայց դեռ չի վերացել: Գնալով այդ տենդենցը քչանում է: Խոսրովի արգելոցը խոցելի է ծայրամասերում, իսկ ընդհանուր առմամբ լավ վիճակում է»։

Ասուլիսի մյուս  բանախոսը՝ Կովկասի բնության հիմնադրամի ազգային համակարգող Արման Վերմիշյանը ներկայացրեց բնության հատուկ պահպանվող տարածքների  (ԲՀՊՏ) ֆինանսավորման մասին։ «Հայաստանում ակտիվ ներդրումներ սկսել ենք կատարել 2010 թ-ից: 2010-2012թթ. մոտ 560 000 եվրոյի ֆինանսական աջակցություն ենք տվել տարբեր ԲՀՊՏ-երին։Անցած տարի միայն 260 000 եվրոյի, այս տարի կտրուկ ավելացրել ենք ֆինանսավորման չափերը և 500 000 եվրոյից ավելի գումար ենք ներդնելու»,- մասնավորապես ասաց Արման Վերմիշյանը: Նա նշեց, որ այս տարվա կարևոր ծրագրերից մեկը կապված է «Դիլիջան» ազգային պարկի հետ, քանի որ կառավարման պլանն արդեն սպառել է իր ժամանակը. «Հայտարարել ենք միջազգային մրցույթ և հաղթող կա։Խումբը գալիք ամիս արդեն պատրաստվում է գալ Հայաստան, որպեսզի սկսի աշխատանքները»,- ասաց Արման Վերմիշյանը: 

Մայիսի 22-ին՝ ժամը 11:00,  WWF-Հայաստանը Հայաստանի բնության պետական թանգարանում անցկացնելու է միջոցառում՝ նվիրված կենսաբազմազանության միջազգային օրվան:



22:19 Մայիս 21, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news