Հայաստանում գլոբալ տաքացումն արտահայտվում է ամենավատ սցենարով

Հայաստանում գլոբալ տաքացումն արտահայտվում է ամենավատ սցենարով

ԷկոԼուր

Հայաստանում գլոբալ տաքացումն արտահայտվում է ամենավատ սցենարով: Առաջին եւ ամենածանր հարվածը հասցվեց ջրային ռեսուրսներին: Փաստերն ու մեկնաբանությունները «ԷկոԼուր» մամուլի ակումբում ներկայացրեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը և Հիդրոմետ ծառայության հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզիյանը, ինչպես նաև Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը:

Այս հրապարակման մեջ ներկայացնում ենք Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանի ելույթը:

Ըստ Զարուհի Պետրոսյանի` բարձր ջերմաստիճան ողջ հանրապետությունում շարունակվել է գրանցվել մինչև սեպտեմբերի կեսը. առաջին տասնօրյակում միջին տասնօրյակային ջերմաստիճանը բարձր էր նորմայից 3 աստիճանով, երկրորդ տասնօրյակում՝  2, առանձին վայրերում 3 աստիճանով: Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում: Բանախոսի խոսքով՝  ջերմաստիճանի էական նվազում դիտվում է արևելյան շրջաններում՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում: Ընդհանուր առմամբ, սեպտեմբերին ջերմաստիճանը մոտ 2 աստիճանով բարձր կլինի նորմայից:

Ինչ վերաբերում է 2014թ-ի ընդհանուր եղանակային պատկերին, ապա Զարուհի Պետրոսյանն ասաց. «2014 թ-ին Հայաստանում բոլոր ամիսներին միջին ամսական ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից: Հատկապես ապրիլ, մայիս, օգոստոս ամիսներին ջերմաստիճանը բարձր է եղել 3 աստիճանով: Այս տարվա օգոստոսը Հայաստանում աչքի ընկավ թերևս ոչ բացարձակ առավելագույն ջերմաստիճանների շատ բարձր արժեքով: Այս տարի մենք Մեղրիում գրանցեցինք 1 օր 42.2 աստիճան, իսկ Երևանում 2 անգամ ջերմաստիճանը գրանցվել է մոտ 40 աստիճան… Այս տաք ալիքը (հարավային տաք օդային հոսանքների տևական գերակայությունը տարածաշրջանում) մի քիչ ավելի երկար տևեց, քան սովորաբար այն տևում է, և ցուրտ ալիքի շատ փոքր միջամտությամբ 2 անգամ մենք օգոստոսին ունեցանք տաք ալիքի ազդեցություն Հայաստանի տարածքի վրա:  Հուլիսի կեսերից Հայաստանում արդեն կայուն եղանակային պայմաններ են գրանցվում, սակայն այս տարի այդ երևույթը չդիտվեց: Կարկուտի երևույթը, սովորաբար, հուլիսի կեսերից պետք է նվազի, կամ շատ քիչ դիտվի, կամ էլ ընդհանրապես չդիտվի: Այս տարի առ այսօր դեռևս առանձին վայրերում կարկուտը գրանցվում է, և գրանցվում է խոշոր չափերի կարկուտ: Պատճառը նույն տարածաշրջանում շատ տաք օդի  և միաժամանակ նաև ցուրտ օդի առկայության պայմաններն են: Այսինքն, հյուսիս-արևմուտքից Թուրքիայի տարածքում պահպանվում է ցուրտ օդի օջախը, հարավից մենք անընդհատ գտնվում ենք տաք օդի ազդեցության տակ և մի փոքր այս հավասարակշռության խախտման դեպքում կարելի է ասել, որ համարյա ամեն օր հատկապես հյուսիսային շրջաններում ականատես ենք լինում անձրևների, կարկուտի, քամու ուժգնացման»:

Անդրադառնալով տարվա սակավաջրության խնդրին՝ Զարուհի Պետրոսյանը նշեց, որ 2014 թ-ին  Հայաստանում տեղումները եղել են հիմնականում նորմայից ցածր, և շատ քիչ է եղել, երբ գրանցվել է տեղումների բարձր քանակ: «Օրինակ, մայիսին տեղումները գերազանցեցին նորման, բայց այդ տեղումները ներզանգվածային, հորդառատ բնույթի էին, և դրանք չեն կարող արագորեն ներծծվել և ջրի պաշար ստեղծել: Այս իմաստով առանձնապես օգտակար տեղումներ չէին», - նշեց Զ. Պետրոսյանը:

Ըստ Զարուհի Պետրոսյանի` վերջին ամենատաք 14 տարիներից 13-ը դիտվել է 21-րդ դարում:



13:15 Սեպտեմբեր 22, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news