Էկոլոգիա 2013. այլընտրանքային ակնարկ

Էկոլոգիա 2013. այլընտրանքային ակնարկ

ԷկոԼուր

2013 թ-ին վատ կառավարման ընդհանուր միտումներն արտացոլվեցին  տնտեսական և սոցիալական իրավիճակի վրա, ինչպես նաև շրջակա միջավայրի և բնապահպանության ոլորտների վրա: Նշենք բնօգտագործման ոլորտում  քաղաքական պատվերների ուժեղացումը, իրավախախտումներ կատարած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու բացակայությունը, բնապահպանական օրենսդրության անտեսումը, միջազգային կոնվենցիաներով ընդունված պարտականությունների չկատարելը, ՀՀ բնապահպանության նախարարության լիազորությունների մի մասի տեղափոխումը այլ գերատեսչություններ: Այս միտումը նկատվում է 2008 թ-ից: Արդեն փորձ է ձեռք բերվել ենթաօրենսդրական ակտերը՝ կառավարության որոշումներ, տարբեր լիցենզիաներ հաստատել օրենքների ակնհայտ խախտումներով: Իսկ էկոլոգիական կառավարման հիմանական մեխանիզմները՝ փորձաքննությունը, թույլտվությունների տրամադրումը և վերահսկողությունը, կիրառվում են կամայականորեն: Փաստացիորեն, «բնապահպանություն» հասկացությունն օգտագործվում է բիզնեսի շահերը կոծկելու համար: 2013 թ-ին այս մասին բացահայտ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, երբ «Շրջակա  միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրինագիծը վերադարձրեց բնապահպանության նախարարությանը լրամշակելու: «Օրիանգիծը չի նպաստում բիզնես-միջավայրի բարելավմանը»,- ասաց նա: Չնայած այն պարզ ճշմարտությանը, որ բնապահպանական օրենքը պետք է նպաստի բնապահպանությանը, այլ ոչ թե բիզնես-շահերին, ՀՀ բնապահպանության նախարարությունը կատարեց վարչապետի կարգադրությունը: Օրինագծից հանվեցին համապատասխան դրույթները, և այդ տեսքով այն ներկայացվեց ՀՀ Ազգային Ժողով:

Բնապահպանական փորձաքննության մասին

2013 թ-ին բնապահպանական փորձաքննության է ենթարկվել 125 նախագիծ: 53 նախագիծ վերաբերում են հանքարդյունաբերությանը և հարակից օբյեկտներին: Նշենք առավել ռիսկային նախագծերը, որոնց դեմ են եղել բնակիչները և հասարակությունը. Սյունիքի մարզում` Մեղրիի շրջանում, հանքավայրերի շահագործման նախագծեր՝ Լիճքի պղնձի և Այգեձորի պղնձամոլիբդենային հանքավայրերը («Թաթսթոուն» ընկերություն), վերամշակող ֆաբրիկա Տաշտունում  («Ատ-Մետալս» ընկերություն), Վայոց ձորի մարզում Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման նախագիծ («Վայք Ռեսուրս» ընկերություն), Գնդեվազում ցիանային ֆաբրիկայի կառուցման նախագիծ («Գեոթիմ» ընկերություն), Արագածոտնի մարզում Թուխմանուկի ոսկու հանքավայրի պոչամբարի կառուցման նախագիծ («Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերություն), Կոտայքի մարզում՝ Մեղրաձորում, ցիանային ֆաբրիկայի կառուցման նախագիծ («Մեղրաձոր Գոլդ» ընկերություն), որտեղ հետագայում ընկերությունը հանքաքարը ցիանային եղանակով մշակման նախագիծը փոխարինեց թիոմիզանյութի մշակման նախագծով, Գեղարքունիքի մարզում Շորժայի հանքավայրի նախագիծը («Գեգամետ պլյուս» ընկերություն):

Հանքարդյունաբերության ոլորտում ներկայացված 53 նախագծերից «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը մերժել է 4-ին, այդ թվում՝ ցիանային արտադրությանը Մեղրաձորում, Թուխմանուկի պոչամբարի կառուցմանը, Գլաձորի և Շորժայի հանքավայրերի շահագործմանը: Մնացած 49 նախագծերը հաստատվել են:

Փորձաքննությանը ներկայացված 23 նախագծեր վերաբերում են փոքր ՀԷԿ-երի կառուցմանը: Նշենք նախագծերից առավել աղմկահարույցները՝ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ, «Մարցիգետ-1» ՓՀԷԿ, «Դարանակ» ՓՀԷԿ, «Ստեփանավան-2» ՓՀԷԿ, «Գնդեվանք» ՓՀԷԿ: Այս նախագծերը առաջացրեցին տեղի բնակչության և ակտիվ հասարակության բողոքը: Չնայած նախագծերի վերաբերյալ փորձաքննության ներկայացված բացասական կարծիքների, որոշ դեպքերում հասարակական լսումների արձանագրությունների կեղծված լինելու վերաբերյալ  ապացույցների, համայնքների բնակիչների կողմից բողոքի նամակների և անգամ  ՀՀ դատախազություն  ուղարկված տեղեկությունների հանցագործությունների վերաբերյալ, բոլոր 23 նախագծերը ստացան փորձաքննության դրական եզրակացությունը:

Վերահսկող մեխանիզմներ

Ինչպես բնապահպանական փորձաքննությունը, այնպես էլ վերահսկողությունը շրջակա միջավայրի ոլորտում իրականացվում է կամայականորեն և չի համապատասխանում արձանագրած իրական խախտումներին: Նշենք, որ խախտումների մի մասը, որոնց մասին հասարակությունը տեղեկացնում է բնապահպանության նախարարությանը, այդպես էլ չեն ստուգվում լիազորված մարմնի՝ բնապահպանական տեսչության կողմից:

Բնապահպանական տեսչությունն իրավունք չունի զբաղվելու ստուգումներով, եթե չկա նախարարի կարգադրությունը, և իրավունք չունի տրամադրել տեղեկատվություն անգամ այն դեպքում, եթե վթարի արդյունքում շրջակա միջավայր են թափվում ջրերը և հողերը աղտոտող պոչեր,  որոնցից օգտվում են բնակիչները: Այսինքն, վերահսկողությունը համարվում է կամայական, ինչը հիմք է տալիս խոսելու ոլորտում բարձր կոռուպցիոն ռիսկերի մասին:

Համեմատենք շրջակա միջավայրին հասցված վնասների իրական վիճակը տեսչության ստուգումների հետ: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ միայն պաշտոնական տվյալներով 2013 թ-ին արձանագրվել են.

1. երկու վթար Գեղիի պղնձամոլիբդենային հանքավայրում («Լեռ Էքս» ընկերություն)

2. երեք վթար տարբեր ժամանակներում Զանգեզուրի պզնձամոլիբդենային կոմբինատի պոչատարում

3. երկու վթար «Արգիճի» ՓՀԷԿ-ում, ընդ որում, խողովակատարից դուրս են նետվել ձկներ` Սևանի լճի ավազանի էնդեմիկ տեսակներ

4. վթար Ալավերդու պղնձաձուլական կոմբինատում, որի արդյունքնում թունավոր արտանետումները ծածկել էին քաղաքը

5. արտանետումներ Ստեփանավանի Ձորագետ գետի մեջ, պաշտոնապես հայտարարվել է, որ արտանետումների պատճառը հայտնաբերված չէ

6. երկու անգամ արձանագրվել է ձկան զանգվածային ոչնչացում  Արարատի մարզի Դալար, Հրազդան գետերում»

7. ջրատարի վթար Թեղուտում

8. Տաշտունում վերամշակող ֆաբրիկայի անօրինական շինարարություն «Ատ-Մետալս» ընկերության կողմից: Մեկ ամիս անց նախագծի փաստաթղթերը ձևակերպվել էին հետին թվով, և ոչ մի պատժամիջոց չկիրառվեց:

Վթարային դեպքերը ուղեկցվում են դժբախտ պատահարներով: «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի  չմտածված շինարարության արդյունքում սկսվել էին սողանքներ, և գրանցվել է մահվան դեպք: Սոտքում, որտեղ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը չի հետևում հանքավայրի տարածքի վերականգնմանը, մասնավորապես, չի լցնում շահագործված հանքերը, բաց հանքում նույնպես գրանցվել է մահվան դեպք: Կապանում «Դանդի Փրեշս Մետալս Կապան» ձեռնարկությունում աշխատակիցը դարձել է անդամալույծ:  «Թեղուտ» ՓԲԸ-ի ձեռնարկությունում աշխատակիցներից մեկը մահացել է, իսկ մյուսը անդամալույծ է դարձել: «Մեղրաձոր Գոլդ» ընկերությունում աշխատողներից մեկը մահացել է: Մարդկանց մահվան համար ոչ ոք պատասխանատվություն չկրեց:

Իսկ բնապահպանական տեսչության տվյալներով՝ 2013 թ-ին հայտնաբերված է 897 խախտում, կազմված է 45,5 միլիոն դրամի 663 ակտ, 103,7 միլիոն դրամի վնասի փոխհատուցման 438 արձանագրություն (ընդհանուր՝ շուրջ  400 000 դոլար): Տուգանքների մեծ մասը վերաբերում է անօրինական ծառահատումներին, բայց այն խախտումները, որոնց հետևանքները և ռիսկերը կարող են անդառնալի լինել, փաստորեն, մնում են անպատիժ: 

Հանքարդյունաբերող ընկերությունները, որոնք լցնում են իրենց թափոնները գետերը, տուգանվում են մի քանի հարյուր հազար  դրամներով, ինչը ցանկացած հանքարդյունաբերող ընկերության համար չնչին գումար է: Այս սեկտորում ամբողջությամբ կամայականություն է: Այնպիսի ընկերությունները, որոնք անընդհատ թունավորում են շրջակա միջավայրը՝ «Գեոպրոմայնինգ Գոլդը», Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Սագամարը», Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը, տուգանվում են 100 000-ից մինչև 400 000 դրամի չափով (300-1000 դոլար): Ստուգումների, ահազանգերի, տուգանքների և այլնի վերաբերյալ մեր հարցումներին բնապահպանության նախարարությունը պատասխանում է. «Ձեր հարցման վերաբերյալ ողջ տեղեկատվությունը տեղադրվում է նախարարության կայքում և տարածվում է մամլո հաղորդագրությունների միջոցով»: 

Կանխատեսումներ

Արդյունքում Հայաստանի տնտեսական զարգացումը տեղի է ունենում բնական ռեսուրսների սպառման, բնակչության զանգվածային աղքատացման, համայնքների բնակիչների արտագաղթի  հաշվին: Եվ մենք ունենում ենք անընդհատ վատացող շրջակա միջավայր, աղտոտված ջուր, հող, տեսակների կորուստ:

2014 թ-ին գլխավոր խնդիրներ են լինելու այն խնդիրները, որոնք արդեն ունեն բոլոր հիմքերը համարվելու անկառավարելի և դիպչում են երկրի ռազմավարական և ազգային շահերին: Այս մասին ակնարկի շարունակությունում:

15:01 Հունվար 17, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news