Պայքար 21-րդ դարի գլխավոր աղետի դեմ

Պայքար 21-րդ դարի գլխավոր աղետի դեմ

ԷկոԼուր

Վերջին 50 տարվա ընթացքում   Հայաստանում օդի ջերմաստիճանը բարձրացել է 1.1 աստիճանով: Ըստ գիտնականների կանխատեսումների` հետագայում կլիմայի փոփոխությունը կընթանա ավելի արագ, ինչը մարդկային գործոնի ուղղակի հետևանքն է: Անտառհատումները, տարբեր գործարանները, էլեկտրակայանները, մարդկային գործունեությունը նպաստեցին կլիմայի փոփոխությանը, որը 21-րդ դարի գլխավոր աղետն է: 

Գլոբալ տաքացման հետևանքների մեղմացման նպատակով՝ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի կողմից Հայաստանում իրականացվում է   «Հարավային Կովկասի երկրներում անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկատմամբ» տարածաշրջանային ծրագիր: Ծրագիրը  ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: 

«Անտառները մեծ դեր են խաղում կլիմայի փոփոխության հարցում, այդ իսկ պատճառով մենք ընտրեցինք այս ծրագիրը,- ասաց Հայաստանում  Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչ Ջոն Բարքերը,- Հայաստանում  մեր կողմից իրականացվող ծրագրերի մեծամասնությունը ազգային է, սակայն կլիմայի դեմ պայքարի ուղղված բոլոր ծրագրերը կրում են տարածաշրջանային բնույթ, քանի որ բնությունը չի ճանաչում սահմաններ»:

Ծրագրի համակարգող Սիրանույշ Գալստյանի խոսքով՝ չափանիշներց մեկը եղել է էռոզիայի կանխարգելումը: «Մեր նպատակն է բարձրացնել անտառային էկոհամակարգերի դիմադրողականությունը կլիմայի փոփոխության նկատմամբ, ինչպես նաև  ավելացնել տեղական բնակչության կենսամիջոցները և բարելավել կենսաբազմազանությունը»,- ասաց Սիրանույշ Գալստյանը` նշելով, որ տեղանքին հարմարված տնկանյութ ունենալու համար օգտագործել են տեղում աճեցված սերմեր:

Ծրագրի երկու պիլոտային տարածքները (ընդհանուր 150 հա) գտնվում են Լոռու և Տավուշի մարզերում` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի և Նոյեմբերյանի անտառտնտեսություններում:  

«Աշխարհում և Հայաստանում ապագայում սպասվում են բավականին բարդ ժամանակներ, սա շատ լուրջ խնդիր է, և կլիմայի փոփոխության ազդեցության նվազեցման ամենամեծ գործոններից մեկը անտառն է»,- նշեց  ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը: Նա նաև առանձնացրեց ծրագրի դրական ազդեցությունը անտառտնտեսություններին կից համայնքների սոցիալական բարեկեցության վրա: «Ծրագրի շրջանակներում դաշտային աշխատանքներում երկու մարզերում կից համայնքներից աշխատել են 150-200 մարդ»,- ասաց նա:  ԷկոԼուրի հարցին, թե ինչ ազդեցություն կունենա մեր գետերի ցամաքումը անտառների և կլիմայի փոփոխության վրա, Ռուբեն Պետրոսյանը պատասխանեց. «Գետերի ցամաքումը շատ վատ ազդեցություն կունենա անտառների վրա և անտառներն էլ գետերի վրա: Ամեն ինչը պետք է լինի չափավոր, մեզ մոտ դա պակասում է»: 

«Մեր ծրագրի նպատակը ոչ թե ծավալն է, այլ նոր մոտեցումների, նոր տեխնոլոգիաների և մեթոդաբանության ներդրումը»,-  ասաց Բնության համաշխարհային հիմնադրամի Գերմանիայի ներկայացուցիչ Մատիաս Լիխտենբերգերը եւ հավելեց. «Հույս ունենք նաև բարելավել տեղի բնակչության սոցիալական վիճակը: Այդ տարածքների հարևան համայնքները կունենան ավելի առողջ միջավայր, ավելի մաքուր ջուր և անտառներ, և որքան բազմազան լինի անտառը, այդքան բազմազան կկարողանա տեղի բնակչությունը օգտվել անտառներից»,- նշեց Մատիաս Լիխտենբերգերը: 

Ծրագիրը մեկնարկել է 2011 թ-ին և կավարտվի 2014թ-ին: Հայաստանում ծրագրի արժեքն է 430 հազար եվրո: 

17:36 Դեկտեմբեր 05, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news