Շրջակա միջավայրի համաշխարհային օրը` հունիսի 5-ին, հայտարարվում է պլաստիկի դեմ պայքար

Շրջակա միջավայրի համաշխարհային օրը` հունիսի 5-ին, հայտարարվում է  պլաստիկի դեմ պայքար

ԷկոԼուր

2018թ-ին շրջակա միջավայրի համաշխարհային օրը` հունիսի 5-ը, աշխարհը նշում է «Պայքար պլաստիկով աղտոտման դեմ» կարգախոսով:

Այս օրը նշվում է 1972թ-ից: Իր բանաձևում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան կոչ է անում պետություններին և ՄԱԿ-ի կազմակերպություններին ամեն տարի անցկացնել միջոցառումներ, որոնք հաստատեն իրենց` շրջակա միջավայրի պահպանման և բարելավման ձգտումները:

Պլաստիկով աղտոտումը մեր ժամանակների ամենամեծ էկոլոգիական խնդիրներից է և արդի է նաև Հայաստանի համար: Հայաստանում տարեկան օգտագործվում է ավելի քան 800 տոննա պոլիէթիլենային տոպրակ: Դրանց գինը, բացառությամբ մի քանի սուպերմարկետների, մտնում է ապրանքի ինքնարժեքի մեջ`խթանելով դրանց կիրառում: Էկոլոգների կոչերը` կարգավորել պլաստիկի օգտագործումը, չի հանդիպում ադեկվատ պատասխանի կառավարության կողմից, որը սահմանափակվում է ցուցադրական ակցիաներով և հրաժարվում է ներդնել պլաստիկից հրաժարվելուն խթանող մեխանիզմներ: Պլաստիկով աղտոտվում են մեր գետերն ու ափերը, կիրճերն ու անտառները: Պլաստիկն աղետ է Սևանա լճի համար, որում խեղդվում են լճի կենդանիները:

Բացի պլաստիկով աղտոտումից Հայաստանում կան այնպիսի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ, ինչպիսիք են հանքարդյունաբերական ձեռնարկությունների թափոններով և արտանետումներով ջրի, հողի և օդի աղտոտումը, շրջակա միջավարի համար վտանգավոր օբյեկտների նկատմամբ պատշաճ վերահսկողության բացակայությունը, փոքր ՀԷԿ-երի կողմից գետերի և այլ ջրաղբյուրների վրա ծանրաբեռնվածության մեծացումը, անտառների և կանաչ գոտիների ոչնչացումը:

Բոլոր թվարկված խնդիրները մտած են Կայուն զարգաման օրակարգ, և մեր երկիրն ունի պարտավորություններ: Մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, պատրաստ ենք աջակցել պետությանը այդ պարտավորությունների կատարման հարցում: Մենք հույս ունենք, որ կառավարության նոր ծրագրի բնապահպանական չափազանց սեղմ հատվածը կընդլայնվի և և կհարստանա առաջարկություններով, որոնք քաղաքացիական հասարակության ակտիվ սեկտորը ուղղել է կառավարություն, որոնք, ցավոք, դեռ ծրագրի մեջ չեն մտել:

«Ելք»-ի՝ 2017-ի նախընտրական ծրագրում բնապահպանական խնդիրներն ավելի լավ էին նշված, քան՝ կառավարության ծրագրում

http://www.aravot.am/2018/06/05/962000/

Բնապահպանները նոր կառավարության ծրագրից այնքան էլ գոհ չեն: Ասում են, որ բնապահպանական խնդիրներն ինչպես հարկն է արտացոլված չեն, չկան դրանց դեմ նախանշված պայքարի մեխանիզմները: Սակայն հույս ունեն, որ նոր կառավարությունը, ինչպես նախկինների պես «բնական պաշարներն անխնա չի օգտագործի ու բնությունը հասցնի անդունդի եզրին»: Այսօր «Տեսակետ» ակումբում «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանն ասաց, որ «Ելք»-ի՝ 2017-ի նախընտրական ծրագրում հանքարդյունաբերության, Սեւանա լճի, փոքր ՀԷԿ-երի խնդիրները շատ լավ նշված են եղել, եւ ծրագիրն ավելի հստակ է եղել, քան հիմա, որը կառավարությունը ներկայացրեց: Մանրամասները՝ տեսանյութում Այսօր աշխարհը նշում է «Շրջակա միջավայրի համաշխարհային օրը»: Կանաչների միության նախագահ

Հակոբ Սանասարյանի խոսքով, ինքը շատ կուզեր, որպեսզի այս օրը մեր երկրում ուրախությամբ նշեինք, բայց, հաշվի առնելով, թե մեր երկրում ՀԷԿ-երից ինչպիսի վիճակում են գետերը, լճերը, «Ամուլսարն» ու այլ հանքարդյունաբերական նախագծեր ինչպես են քանդում ու վնասում շրջակա միջավայրը, ուրախանալու առիթ չկա: Հակոբ Սանասարյանը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանը բնապահպան-ակտիվիստներին՝ ցույցերը դադարեցնելու կոչեր անելուն զուգահեռ պետք է բնապահպանական աղմկահարույց ծրագրերը դադարեցներ՝ մինչեւ որ լուրջ ուսումնասիրություն կատարվեր դրանց նախագծերի վերաբերյալ: Նրա խոսքով, Ամուլսարի դեմ ակցիաները դադարեցվեցին, բայց հանքում աշխատանքները բուռն թափով ընթանում են: Տիկին Զարաֆյանի ներկայացմամբ, երկրի վերցրած վարկերից 90 միլիոն եվրո պետք է տրամադրվի կենցաղային աղբի դեմ պայքարի նպատակով: Սակայն այդ ծրագրերն արդյունավետ չեն լինի, քանի որ դրանք չեն պարունակում տեսակավորում եւ վերամշակում. «Եթե դու չունես մեխանիզմ, արդյունք չի լինի»: Ըստ նրա, օրինակ՝ Շվեդիայում պլաստիկ թափոնների 90 տոկոսը վերամշակվում է, Հայաստանում այդ թիվը զրոյին մոտ է: Հակոբ Սանասարյանը գտնում է, որ բնապահպանական խնդիրները լուծելու, դրանք չառաջացնելու համար կրթության ուղղությունը պետք է փոխենք եւ ստեղծենք գիտական մանկավարժություն:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

59 մլն դրամը ուղղակի ջուրը գցվեց. Բնապահպանները ահազանգում են Նուբարաշենում կառուցվող նոր աղբավայրի առթիվ

http://haynews.am/hy/1528194628

Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրն է:
Շրջապատող միջավայրի աղտոտվածության, կլիմայի փոփոխությունների և էկոլոգիական ոլորտի առաջնահերթ խնդիրների շուրջ խոսելով «Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն Նազելի Վարդանյանն ասաց, որ թեև այսօր տոնական օր է, բայց շատ մեծ հաջողություններ չկան բնապահպանության ոլորտում, տարեցտարի այդ խնդիրները լուծվելու փոխարեն ավելանում են:

Ըստ բանախոսի՝ խնդիրները բոլոր ոլորտներում են՝ և՛ անտառների, և՛ ջրերի պահպանության, և՛ օդի մաքրության, և՛ կենսաբազմազանության պահպանության բնագավառներում: Բանախոսը հատկապես կանգ առավ անտառների պահպանման խնդրին, ըստ որի, բնապահպանության նախարարությունը շարունակում է մի թիվ հրամցնել մեզ ՀՀ անտառածածկ մակերեսի, որն է՝ 11.2 %, սակայն ըստ բանախոսի՝ դա 1991 թվականի տվյալներ են, իսկ դրանից հետո, բոլորս գիտենք, թե ինչ հսկայածավալ անտառահատումներ են տեղի ունեցել հատկապես «մութ ու ցուրտ» 90-93թվականներին, բայց որևէ գույքագրում տեղի չի ունեցել:

Ըստ բանախոսի՝ այսօր անտառապատ տարածքը ՀՀ-ում կազմում է 6-8%, ինչն արդեն կրիտիկական նիշ է, ոչ միայն անտառների քանակն է պակասել, այլև որակը, քանի որ հիմնականում հատվում են բարձրարժեք ծառատեսակներ: Ըստ Նազելի Վարդանյանի՝ եթե հաշվարկում ենք, որ մեկընտանիք մեկ սեզոնում օգտագործում է միջինը 15խմ փայտանյութ, ապաստացվում է, որ տարեկան Հայաստանում ապօրինի հատվում է համարյա 400-500 հազար խմ անտառ, այն դեպքում, որ թույլատվություն վերջին մի քանի տարիների ընթացքում տրվում է 30-40 հազար խորանարդ մետրի համար:

Հանքարդյունահանությունը այսօր ևս աղետ է դարձել անտառների պահպանության համար, քանի որ այն զարգանում է անտառների հաշվին, հատվում են հսկայածավալ անտառային տարածքներ, օրինակ Թեղուտում մի ամբողջ լեռ, որն անտառապատ էր, այսօր այնտեղ մեկ ծառ անգամ գոյություն չունի, բացի այդ հանքարդյունաբերությունը մեծ վնաս է հասցնում ջրային ռեսուրսներին՝ հանդիսանալով ջրերի աղտոտվածության պատճառ:

Ըստ բանախոսի՝ բոլոր պոչամբարները գտնվում են աղբյուրների և գետերի վրա, ստացվում է, որ մետաղական հանքերը կազմում են մեր համախառն ներքին արդյունքի 2.8%-ը, իսկ զբոսաշրջությունը՝ 15%, գյուղատնտեսությունը՝ 45%, բայց այդ 2.8%-ը ունենալու համար մենք ոչնչացնում ենք ամբողջ այն միջավայրը, որը նպաստավոր է զբոսաշրջության և գյուղատնտեսության զարգացման համար:

«ԷկոԼուր» կայքի գլխավոր խմբագիր, փորձագետ Վիկտորյա Բուռնազյանն էլ փաստեց, որ այս տարի ՄԱԿ-ը սահմանել է պայքար պլաստիկով աղտոտման դեմ, քանի որ աշխարհում պլաստիկով աղտոտումը այնքան մեծ ծավալների է հասել, իսկ գիտենք, որ 100-400 տարիների ընթացքում նոր միայն պլաստիկը կարող է քայքայվել շրջակա միջավայրում:

Տարեկան օգտագործվում է ավելի քան 4 տրիլիոն պոլիէթիլենային փաթեթ, մենք այն օգտագործում ենք 10-15 րոպե, հետո դեն ենք նետում, իսկ այն օգտագործելուց տարեկան 1 մլն թռչուն է սատկում, 100 հազար ծովային կաթնասուն և անհաշվելի թվով ձկներ: ՀՀ-ում ևս կա պլաստիկով աղտոտման խնդիր, ԵԱՀԿ գնահատականի համաձայն՝ տարեկան ՀՀ-ում կուտակվում է մոտ 5000 տոննա պոլիէթիլենային թափոն, բայց չունենք վերամշակում:

Ընդհանրապես ՀՀ-ն օգտագործում է 823 տոննա պոլիէթիլենային տոպրակ՝ 1 շնչի հաշվով՝ 0.25 կգ: Ըստ բանախոսի՝ Նուբարաշենի աղբավայրի տարածքում պետք է նոր աղբավայր կառուցվի և դրա համար 26 մլն դրամ պետք է պգտագործվի, որից 16-ը վարկային միջոցներ են, 10-ը՝ դրամաշնորհային, սակայն այս ծրագրում չկա աղբի տեսակավորման և վերամշակման կոմպոնենտ: Ըստ բանախոսի՝ այդ աղբավայրը պետք է ծառայի 28 տարի, բայց այդպես էլ կուտակվի:

Անդրադառնալով անտառների խնդրին, բանախոսը փաստում է, որ աղբավայրը, որ պետք է կառուցվի, կառուցվելու է անտառային հողերի վրա, իսկ մենք Երևանում շատ քիչ անտառներ ունենք: 2011 թվականին մեր Կառավարությունը որոշում ընդունեց, որ գյուղատնտեսության նախարարությունը պետք է 59 մլն դրամ նվիրաբերի անտառների զարգացման հիմնադրամին, որպեսզի «Էրեբունի» անտառպետությունում ստեղծվի անտառ, ոռոգման ցանց, այդ տարածքը ցանկապատվի: 2016 թվականին՝ կառավարությունը ընդունեց մեկ այլ որոշում, ըստ որի՝ 24.42 հա տարածք Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ, որոնք անտառային նշանակության հողեր էին, նվիրեցին Երևանի քաղաքապետարանին, որպեսզի վերջինս այդ տարածքում նոր աղբավայրը կառուցի: «Ստացվում է, որ մեր երկրի պես աղքատ երկրի պարագայում 59 մլն դրամը ուղղակի ջուրը գցվեց»,- ասում է «ԷկոԼուր» կայքի գլխավոր խմբագիրը:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով՝ իրենք, բնապահպանները, բազմաթիվ անգամներ դիմել էին նախորդ Կառավարությանը, բարձրաձայնելով այն բոլոր խնդիրները, որ ծառացել են մեր բնապահպանական ոլորտի առջև, հատկապես հանքարդյունաբերական ոլորտի ահռելի վնասների մասին մարդկանց առողջությանը, երեխաների առողջությանը, սակայն ոչ մի լուրջ արձագանքի այդ բողոքները չեն արժանացել, անգամ զարմանալիորեն հանգիստ արձագանք է եղել նախկին Բնապահպանության նախարարի կողմից:

Ըստ բանախոսի՝ մեր երկրի պես փոքր տարածք ունեցող պետության համար անհամատեղելի է զուգակցել գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը և հանքարդյունաբերությունը: Մենք ուզում ենք մեր գյուղատնտեսական արտադրանքը դուրս հանել արտասահմանյան շուկա, բայց եթե այդ արտադրանքը անցի մետաղական հանքանյութերի փորձաքննություն, մեր առջև իսկույն կփակվեն արտասահմանյան շուկաները:

Անուշ Կրկյաշարյան



15:23 Հունիս 05, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news