Բաց նամակ KfW-ի ֆինանսավորմանը ներկայացված նախագծերի ցուցակից «Արգիճի» փոքր ՀԷԿ-ը հանելու մասին

Բաց նամակ KfW-ի ֆինանսավորմանը ներկայացված նախագծերի ցուցակից «Արգիճի» փոքր ՀԷԿ-ը հանելու մասին

ԷկոԼուր

KfW գերմանական զարգացման բանկի գործադիր տնօրեն
պարոն Ուլրիխ Շրեդերին,

Շրջակա միջավայրի, բնության պահպանության եւ միջուկային անվտանգության Գերմանիայի դաշնային նախարար
պարոն Պետեր Ալտմայերին,

Հայաստանում Գերմանական զարգացման բանկի ներկայացուցչության համակարգող
տիկին Զառա Չատինյանին

KfW գերմանական զարգացման բանկի ֆինանսավորմանը ներկայացված «Արգիճի» փոքր ՀԷԿ-ը գտնվում է Հայ-գերմանական հիմնադրամի փոքր ՀԷԿ-երի նախագծերի ցուցակում: KfW-ի ուշադրությունն ենք ուղղում այն բանի վրա, որ «Արգիճի» ՓՀԷԿ-ը կառուցված է անօրինական: «Արգիճի» փոքր ՀԷԿ-ի նախագծին տրված բնապահպանական փորձաքննությունը ժամկետանց է, և  կորցրել է օրինական ուժը: Նախագիծը ստացել է «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի եզրակացությունը 04.06.2006թ-ին, այսինքն՝ կառուցումը սկսելուց 8 տարի առաջ: Իսկ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետում ասված է. «Փորձագիտական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսված գործունեության իրականացումը սկսված չէ փորձագիտական եզրակացության ստացումից հետո մեկ տարվա ընթացքում, որից հետո պահանջվում է նոր փորձագիտական եզրակացություն»: Նույն օրենքի հոդված 12-ում ասված է. «Արգելվում է,  շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանը ենթակա,  նախատեսվող գործունեության իրականացումը՝ առանց դրական փորձագիտական եզրակացության»: Ինչպես հայտնի է, նոր եզրակացություն «Արգիճի» փոքր ՀԷԿ-ը չունի: Այդ մասին ասված է ԷկոԼուրին ուղղած ՀՀ Բնապահպանության նախարարության նամակում,  N 5/23.8.07/52963, «...«Արգիճի» փոքր ՀԷԿ-ի նախագիծը ստացել է բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն  04.06.2006թ-ին»:

Նոր նախագիծը նոր փորձաքննության չի ներկայացվել, չեն անցկացվել պարտադիր հասարակական լսումները, չեն ներկայացվել փորձագիտական եզրակացությունները: Այստեղ պարտադիր եզրակացություն է հանդիսանում Սևանա լճի էկոհամակարգի  պահպանման հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի գիտափորձագիտական գնահատումը:

Նախարարության նամակում նաև նշված է. «Գեղարքունիքի մարզի տարածքային բնապահպանական տեսչության կողմից անցկացվել են ստուգումներ, և պարզվել է, որ կառուցման գործընթացի ժամանակ նախագիծը չի փոխվել»: 

Սակայն, բնապահպանական տեսչությունը պետք է  արձանագրեր այն փաստը, որ նախագիծը չունի եզրակացություն, և կազմեր ՀՀ Օրենքը խախտելու ակտ, ոչ թե տրամադրեր եզրակացություն շինարարության սկզբնական նախագծին, քանի որ դա չի մտնում տեսչության գործառույթների մեջ:

Տեսչությունը անտեսում է իր անմիջական պարտականությունները և իր վրա է վերցնում այլ կառույցի գործառույթները՝ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի, ինչը, փաստորեն, հաստատեց Բնապահպանության նախարարությունը ԷկոԼուրին ուղղած նամակի իր պաշտոնական պատասխանում:  

Բացի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ Օրենքի խախտումից, «Արգիճի» փոքր ՀԷԿ-ի կառուցումը խախտել է «Սևանա լճի մասին» ՀՀ Օրենքը: 

Համաձայն «Սևանա լճի մասին» ՀՀ Օրենքի 8-րդ հոդվածի` Արգիճի գետը Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում է: «Անմիջական աղդեցության գոտին ներառում է Սևանա լճի ջրհավաք ավազանը մինչ ջրբաժան գիծը: Արգելվում է ցանկացած գործունեություն, որը ուղղակի կամ անուղղակի ազդում է Սևանա լճի վրա, լիճը թափվող հիդրոֆիզիկական, հիդրոքիմիական, հիդրոկենսաբանական, սանիտարական և թունաբանական, հիգիենիկ և այլ որակական և քանակական ցուցանիշների վրա: Արգիճի գետը էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայր է, որոնց պոպուլյացիայի պահպանման և վերականգնման համար ՀՀ պետբյուջեից տարեկան հատկացվում է մոտ 70 միլիոն դրամ, որը համարժեք է 170 000 դոլարի: Այսինքն, «Արգիճի» ՓՀԷԿ-ը էական վնաս է հասցնում Սեւանա լճի էկոհամակարգին՝ խախտելով «Սևանի լճի մասին» ՀՀ Օրենքի 11-րդ հոդվածը, որում ասված է, որ պետք է պահպանվի կենսաբազմազանության առաջնահերթությունը: Նաև վնաս է հասցվում պետական բյուջեին և «Սևանա լճի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրեր» պետական ծրագրին:

Կարծում ենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից՝ ի դեմս բնապահպանական տեսչության, «Սևան» ազգային պարկի, բնական ռեսուրսների կառավարման գործակալության,  ցուցաբերվել է անգործություն և գործառույթների անտեսում, չեն հայտնաբերվել բնապահպանական օրենսդրության խախտումները, չի կազմվել համապատասխան ակտ և չի սահմանվել կատարված խախտումների համար պատիժ:

Կարծում ենք, որ հայտնաբերված խախտումները կարող են հիմք ծառայել, որպեսզի «Արգիճի» փոքր ՀԷԿ-ը հեռացվի տնտեսվարող սուբյեկտների ցուցակից, որոնք կարող են ստանալ KfW-ի «կանաչ» վարկերը, քանի որ «Արգիճի» փոքր ՀԷԿ-ի գործունեությունը անօրինական է և էական վնաս է հասցնում Սևանա լճի էկոհամակարգին:

15:45 Հոկտեմբեր 21, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news