156,784.3 հազար դրամ Հայաստանի ռադիոակտիվ թափոնների վնասազերծման համար

156,784.3 հազար դրամ Հայաստանի ռադիոակտիվ թափոնների վնասազերծման համար

ԷկոԼուր 

Հայաստանի ռադիոակտիվ թափոնների վնասազերծման համար 2014-2016թթ. նախատեսվում է ծախսել 156,784.3 հազար դրամ: 2014թ. կծախսվի 49,353.9 հազար դրամ, 2015թ.` 51,736.1 հազար դրամ և 2016թ.` 55,694.3 հազար դրամ: Այս մասին նշված է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության 2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում:   Այդ գումարների շրջանակներում իրականացվելու է միջուկային և ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահպանմամբ ռադիոակտիվ թափոնների կենտրոնացված փոխադրում, ուսումնասիրում, պահպանում, վնասազերծում և թաղում՝ մարդկանց և շրջակա միջավայրի իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից պաշտպանելու համար: Ծրագիրն իրականացնելու է «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ-ն:

Հայաստանում ռադիոակտիվ թափոնները պահվում են Արմավիրի մարզում` Մեծամորում գտնվող Հայկական ատոմային էլեկտրակայանի տարածքում: Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի պաշտոնական կայքի` ցածր ակտիվությամբ պինդ թափոնների պահեստարանը գտնվում է  Հայկական ԱԷԿ-ի հարթակում: Պահեստարանը (10 մետր խորությամբ մակերեսային գերեզմանոց) նախատեսված է չմշակված ցածր ակտիվությամբ թափոնների երկարաժամկետ պահեստավորման համար: Միջին ակտիվությամբ  պինդ և հեղուկ թափոնների պահեստարանը գտնվում է Հայկական ԱԷԿ-ի հատուկ մասնաշենքում: Միջին ակտիվությամբ հեղուկ թափոնները որոշակի ջրազրկումից հետո պահվում են հատուկ կոնտեյներներում, որոնք  ապահովված են ավտոմատ ազդարարման և հսկողության հատուկ սարքերով: Բարձր ակտիվությամբ պինդ և հեղուկ  թափոնների պահեստարանները գտնվում են Հայկական ԱԷԿ-ի ռեակտորի մասնաշենքում և հատուկ մասնաշենքում: Պահեստարանները նախատեսված են բարձր ակտիվությամբ ռադիոակտիվ թափոնների ժամանակավոր պահեստավորման համար: Նախկինում ՀԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնները տեղափոխվում էին Ռուսաստան, սակայն շրջափակման պատճառով երկաթուղին փակվեց, եւ ռադիոակտիվ թափոնները պահվում են ՀԱԷԿ-ի տարածքում: ՀԱԷԿ-ի տարածքում է գտնվում նաեւ ՌԱԴՈՆ տիպի գերեզմանոցը:  Գերեզմանոցի նախագծային ծավալը կազմում է 2520մ3: Այն բաղկացած է 3 առանձին գերեզմանոցներից, յուրաքանչյուրը 840մ3: Շահագործման մեջ է գտնվում մեկ գերեզմանոց,   որի միայն 3 առանձնացված մեկուսարաններն են մասամբ կամ ամբողջովին զբաղեցված թափոններով:

Հիշեցնենք, որ 2010թ. ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պատվերով Երեւանի պետական համալսարանի «Երկրաբանական հետազոտությունների կենտրոն»-ը հետազոտական աշխատանքներ սկսեց Արարատի մարզի Զանգակատուն եւ Ուրցալանջ համայնքների վարչական տարածքում, որտեղ նախատեսվում էր ռադիոակտիվ, քիմիական վտանգավոր նյութերի եւ թափոնների նոր  գերեզմանոցի կառուցում: Գերեզմանոցի կառուցման համար 150 մետր խորության վրա պետք է պատրաստվեին բունկերներ՝ բոլոր թափոնների մշտական տեղադրման համար, և փորվեր 1 կիլոմետրանոց թունել: Սակայն տեղի բնակիչների եւ բնապահպանների ընդվզումից հետո հարցը փակվեց. Արարատի այդ ժամանակվա մարզպետ Էդիկ Բարսեղյանը արարատցիներին խոստացավ, որ իրենց մարզում գերեզմանոցը չի կառուցվի:

Ոլորտի մասնագետների խոսքերով` դեռեւս լուծված չէ այն հարցը, թե ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների լցվելուց հետո թափոնները որտեղ են թաղվելու, սակայն հստակ է մի բան, որ լուծված է գործածված միջուկային վառելիքի անվտանգ պահելու հարցը: «Մեզ մոտ` ՀԱԷԿ-ում, ժամանակակից տեխնոլոգիաներ են կիրառվում: Սկզբում որպեսզի գործածված վառելիքի ռադիացիայի մակարդակը իջեցվի, երեք տարի վառելիքով կասսետները պահվում են ջրավազանում, հետո ֆրանսիական տեխնոլոգիայով տեղադրվում են չոր պահեստում 50 տարով: Թափոնները թաղում են հատուկ գերեզմանոցներում: Մենք դեռ  գերեզմանոց չունենք, բայց տեղ ենք փնտրում կառուցելու համար: Նման պոտենցիալ վայրեր կան, օրինակ, աղի հանքերում կամ Արագածի մոտ: Նման թափոնների ծավալները մեծ չեն: Բայց պետք է ուսումնասիրել բոլոր գործոնները` սեյսմիկան, ենթակառուցվածքը, հաղորդակցությունները եւ այլն: Ես կարծում եմ, որ 50 տարվա ընթացքում գերեզմանոցների անվտանգությունն ապահովող տեխնոլոգիաները կլավանան»,-ԷկոԼուրին տված հարցազրույցներից մեկում ասել է Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վահրամ Պետրոսյանը:

10:15 Նոյեմբեր 12, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news