Ցավով տեղեկացնում ենք, որ 2024 թվականի հոկտեմբերի 8-ի գիշերը 88 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի բնապահպան, քիմիական գիտությունների թեկնածու, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր, Գերագույն Խորհրդի բնության պահպանության և բնական պաշարների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Հայաստանի կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանը։
Հակոբ Սանասարյանն իր ամբողջ գիտակցական կյանքում պայքարել է ՀՀ շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման համար՝ ի նպաստ մեր երկրի օգտագործելով իր մասնագիտական գիտելիքները։
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի թիմը ցավում է Հակոբ Սանասարյանի կորստի համար։
Լավ գործընկեր, մարդ, քաղաքացի Սանասարյանի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողներիս և գնահատողներիս սրտերում։
Հակոբ Արբակի Սանասարյանը ծնվել է 1936թ․ Մարտունու շրջանի Երանոս գյուղում։ Նրա գիտական և հասարակական գործունեությունը ընդգրկում է քիմիայի, բնապահպանության և հանրային առողջության ոլորտները։
Կրթություն և Գիտական Գործունեություն
1961թ․ Սանասարյանը ընդունվել է Երևանի Պետական Համալսարանի Քիմիայի ֆակուլտետը, որտեղ ուսման ընթացքում աշխատել է ԳԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում՝ որպես լաբորանտ։ Համալսարանն ավարտելուց հետո նա շարունակել է ասպիրանտուրան ԽՍՀՄ ԳԱ բնական միացությունների քիմիայի ինստիտուտում Մոսկվայում։ 1975թ․ պաշտպանել է դիսերտացիան և ստացել քիմիական գիտությունների թեկնածուի աստիճան։ Նրա գիտական աշխատանքները կենտրոնացել են նուրբ օրգանական քիմիայի վրա, որի ընթացքում նա գրել է 22 գիտական հոդված։
Բնապահպանական Գործունեություն
Սանասարյանի ուշադրությունը շրջակա միջավայրի պաշտպանության վրա սկսվեց 1975թ․, երբ նա ուսումնասիրեց Հայաստանի շրջակա միջավայրի աղտոտվածությունը։ Նրա հետազոտությունները ներառել են Ատոմային էլեկտրակայանի ռադիացիոն ռիսկերը և «Նաիրիտ» ԳԱՄ քլորոպրենային կաուչուկի արտանետումների վտանգները։ Սանասարյանը հրապարակել է բազմաթիվ նյութեր՝ հանրությանը իրազեկելով այդ վտանգների մասին։
Սանասարյանը Հայաստանում էկոլոգիական շարժման հիմնադիրներից ու առաջնորդներից էր։ 1987թ. նրա և մի քանի այլ մտավորականների ջանքերով ստեղծվեց «Գոյապահպանություն» միությունը, որն ակտիվ պայքարել է Հայաստանի կենսոլորտի փրկության համար։ Միության Աբովյան քաղաքի ցույցից հետո էլ սկիզբ առավ Արցախյան շարժումը։
1989 թ-ից հանդիսանում է «Հայաստանի կանաչների միության» նախագահ և ակտիվ մասնակցություն է ունեցել բնապահպանական հարցերի լուծման գործում։
Հանրային Պաշտոններ և Նվաճումներ
Բացի իր գիտական և հասարակական գործունեությունից, Հակոբ Սանասարյանը ակտիվորեն զբաղվել է նաև հուշարձանների պահպանությամբ։
Հայաստանի պատմության պետական թանգարանին նվիրաբերել է Թիֆլիսի Ս․Ստեփանոս եկեղեցու 1870թ․ արձանագրություն, որի համար ստացել անվանական շնորհակալագիր թանգարանի տնօրենությունից։
Նա հանդիսանում է Օրգանական թափոնների անաերոբ խմորման կայանքի գյուտի հեղինակ (2002թ․ ՀՀ մտավոր սեփականության արտոնագիր թիվ 1256 A2)։
Ողջ կյանքում պայքարել է Հայաստանի շրջակա միջավայրի պաշտպանության համար, հրապարակել է շուրջ 30 գիտական հոդված, ինչպես մի շարք բնապահպանական-քաղաքական վերլուծական աշխատություններ, ինչպիսիք էին «Դրվագներ Հայաստանի Էկոլոգիական Շարժումից», «Հայրենաբաղձը», և այլն։
Հակոբ Սանասարյանը եղել է ՀԽՍՀ գերագույն խորհրդի անդամ և անկախ Հայաստանի առաջին գումարման պատգամավոր, ՀՀ ԳԽ բնության պահապանության եւ բնական պաշարների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Վերջին երեսուն տարիների ընթացքում կամավոր և անշահախնդիր հետևել է ՀՀ-ում բնապահպանական օրենսդրության խախտումների դեպքերին, պայքարել է ապօրինի հանքերի շահագործան դեմ և հանուն ապագա սերունդների մաքուր հող, մթնոլորտ և ջուր ունենալու իրավունքի համար։ Ողջ կյանքում պայքարել է Սևանա լճի պաշտպանության համար։
Հոկտեմբեր 09, 2024 at 13:09