ԷկոԼուր
Հուլիսի 1-ին շարունակվեց «Dundee Precious Metals Kapan»-ը (նախկինում «Deno Gold Minig Company») ընդդեմ հասարակական գործիչ Եղիա Ներսիսյանի գործով դատական նիստը: Եղիա Ներսիսյանի դատապաշտպաններ Լուսինե Հակոբյանը եւ Տիգրան Եգորյանը հայտարարեցին վկաներ Մարիամ Սուխուդյանին եւ Գեւորգ Սաֆարյանին հարցաքննելու անհրաժեշտության մասին:
Գործընթացը ձգվում է արդեն մի քանի տարի: Ընկերությունն ակտիվիստին մեղադրում է զրպարտության մեջ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087 հոդվածի առաջին կետի համաձայն: Հիշեցնենք, որ մեղադրանքի հիմքում 2012թ. դեկտեմբերի 14-ին ԱՄՆ-ում հայակական Սփյուռքի հետ հանդիպման ժամանակ ունեցած Եղիա Ներսիսյանի ելույթն է, որտեղ նա ասել է. «…գիտեք չէ` Հայաստանում ոնց են վերաբերվում արտասահմանյան` օրինակ Ղափանում Գոլդ Մայնինգ կա` կանադական, գիտեք չէ, էլեկտրաշոկով բանվորներին հոսանքի են տալիս, որ 24 ժամ չքնեն, որ կարողանան աշխատեն: Դա իրականություն է, եկեք, նայեք»:
Հայցի կապակցությամբ պաշտպան կողմի դիրքորոշումը հետեւյալն է. «Փաստերը թեեւ գուցե չեն համապատասխանում իրականությանը, բայց ողջամիտ հրապարակման սկզբունքին համապատասխան են ներկայացվել: Մեր օրենսդրությունն ասում է, որ զրպարտություն չորակվելու համար արտահայտությունը պետք է լինի կամ համապատասխանող իրականությանը, կամ լինի ողջամիտ հրապարակման սկզբունքի սահմաններում հրապարակված: Մենք պնդում ենք երկրորդին: Երկրորդ, մենք ասում ենք, որ հայցվորը չի կարող պահանջել հերքում, որովհետեւ նման պահանջ նախատեսված չէ մեր օրենսդրությամբ Եղիա Ներսիսյանի կամ YouTube սոցիալական կայքի համար, որովհետեւ YouTube կայքը լրատվություն իրականացնող միջոց չէ, ինչպես եւ սահմանվում է մեր օրենսդրությամբ: Եւ երրորդ, որ իրենք բաց են թողել հայցային վաղեմության ժամկետը, որովհետեւ կայքում հայտնվել է այդ տեղեկատվությունը դեկտեմբերի 14-ին, իրենք հայցը ներկայացրել են մեկամսյա ժամկետի բացթողմամբ»,- ասաց Լուսինե Հակոբյանը:
Հուլիս 02, 2013 at 11:49