Մագելի քարանձավ. եւս մեկ քանդող որոշում Նոր տարվա նախաշեմին

Մագելի քարանձավ. եւս մեկ քանդող որոշում  Նոր տարվա նախաշեմին

ԷկոԼուր

Ուշադրություն. Նորավանքի կիրճում գտնվող Մագելի քարանձավը հայտնվել է լուրջ վտանգի առջև: ՀՀ մշակույթի նախարարությունը որոշել է քարանձավը տալ վարձակալության` զբոսաշրջություն զարգացնելու նպատակով: Այս ահազանգը արդեն հասցրել է մեծ աղմուկ բարձրացնել բնապահպանների շրջանակներում և սոցիալական ցանցերում, որտեղ քաղաքացիները արտահայտում են իրենց վրդովմունքը խնդրի վերաբերյալ: 

ԷկոԼուրը դիմում է ՀՀ բնապահանության նախարարությանը շտապ տեսչական ստուգումներ անցկացնելու ՀՀ Վայոց ձորի մարզում գտնվող Մագելի քարանձավում, որտեղ ոչնչացվում են Կարմիր գրքում գրանցված ձեռնաթեւավորների տեսակները: 

Ներկայացնում ենք հասարակության ահազանգերը խնդրի վերաբերյալ. 

«Հայաստանի կարստային քարանձավներում հանդիպում են 235 տեսակի կենդանիներ, սնկեր եւ բույսեր, որոնց գերակշիռ մասը կազմում են կենդանիները ` 140 տեսակ: Ընդ որում, տեսակային հագեցվածությամբ առանձնանում է Մագիլի քարանձավը` 81 տեսակ, որը պայմանավորված է կենսաբազմազանությամբ հարուստ Նորավանքի կիրճում քարանձավի գտնվելով»,- նշում է « ՀՀ եւ ԼՂՀ կարստային քարանձավնների կենսաբազմազանությունը» գիտական աշխատանքի հեղինակ Սեւակ Բալոյանը:

Ձեռնաթեւավորների մասնագետ, պրոֆեսոր Էդուարդ Յավրույան. «Չղջիկները թռչուններից վերցրեցին միջատների ոչնչացման էստաֆետան: Յուրաքանչյուր չղջիկ մեկ գիշերվա ընթացքում կարող է ոչնչացնել մինչեւ 500 միջատ: Ահա եւ հաշվեք, թե ինչ կստանաք, եւ ինչից կարող եք զրկվել,- ասաց նա,- քիմիան վնասատուների դեմ պայքարի ամենալավ միջոցը չէ»:

ՀՀ ԳԱԱ Կեմդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյան. «Ի՞նչ իրավունքով է Մշակույթի նախարարությունը   որոշել  Մագելի քարանձավը   տալ վարձակալության` հասկանալի չէ: Մագելի քարանձավը կենսաբազմազանությամբ ամենահարուստն է Հայաստանում: Այս իսկ պատճառով Մշակույթի նախարարությունը նախևառաջ պետք է դիմեր Բնապահպանության նախարարությանը, քանի որ այնտեղ գրանցված ձեռքաթեւավորների (չղջիկների) տեսակների գրեթե կեսը գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում, իսկ Մշակույթի նախարարությունը ոչ մի կապ չունի կենսաբազմազանության հետ: Քարանձավը պատահական է ընկել Մշակույթի նախարարության տարածքը, իսկ իրենք ինչ ուզում են, այն էլ անում են: Զբոսաշրջիկներից հետո քարանձավում  չղջիկ չի մնա»: 

2011թ-ին «Ինկար» ՍՊ ընկերության կողմից ներկայացվել է «Մագելի քարանձավում տուրիստական երթուղիների կազմակերպման վերաբերյալ նախագիծը»: Անցել է երկու տարի, եւ անկախ այն եզրակացությանը, որը ստացել է  նախագիծը ՀՀ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ից, նախագիծը համարվում է ուժը կորցրած: Հետեւաբար, բոլոր այն աշխատանքները, որոնք այժմ իրականացվում են Մագելի քարանձավում անօրինական են եւ ուղղված են կենսաբազմազանության ոչնչացմանը: Այս ամենի համար պատասխանատվություն են կրում ոչ միայն այդ աշխատանքները իրականացնողները, այլեւ ՀՀ մշակույթի նախարարությունը:

Պահանջում ենք դադարեցնել Մագելի քարանձավում տեղի ունեցող անօրինականությունները եւ պատասխանատվության կանչել մեղավորներին:

Դեկտեմբեր 27, 2013 at 14:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր