S.O.S.` Սեւանա լճից ջրառը հնարավոր է ընդմիշտ 240 միլիոն խմ դարձնեն

S.O.S.` Սեւանա լճից ջրառը հնարավոր է ընդմիշտ  240 միլիոն խմ դարձնեն

ԷկոԼուր

Նոր հարված Սեւանա լճին: ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեն մշակել է  ««Uևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որի ընդունմամբ կհաստատվի «Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը» (այսուհետ Ժամանակավոր ծրագիր) եւ Սեւանա լճից տարեկան բաց կթողնվի 240 միլիոն խմ ջուր:

Ներկայիս օրենքով Սեւանա լճից ջրի բացթողման առավելագույն չափաքանակը 170 միլիոն խմ է: Ժամանակավոր ծրագրով այս առավելագույն չափաքանակին կավելանա  եւս 77.2 միլիոն խմ` դառնալով 240 միլիոն խմ: Պատճառը, ըստ Ժամանակավոր ծրագրի բացատրության, Սեւ ջուր գետի սակավաջուր լինելն է: Պարզվում է, որ Արարատյան հարթավայրի ստորգետնյա աղբյուրներից սկիզբ առնող այս գետի ջուրը պակասել է Արարատյան հարթավայրում ստորգետնյա ջրերի անխնա շահագործման հետեւանքով: Սեւ ջուր գետի ջրերով սնվում են Արևշատի I աստիճանի, Ակնալճի և Մեծամորի պոմպային կայանները, որոնք ոռոգման ջրով ապահվում են 29 համայնքների 8180 հա հողատարածքների: Այժմ դրանց ոռոգումը վտանգված է: Հիշեցնենք, որ Արարատի եւ Արմավիրի մարզերում այս տարի գույքագրվել է շուրջ 562 լուծարման ենթակա ապօրինի խորքային հոր, ՀՀ բնապահպանության նախարարությանն էլ պետբյուջեից հատկացվել է 107.5 միլիոն դրամ` Արարատի և Արմավիրի մարզերում ապօրինի շահագործվող 43 հորերի լուծարումն իրականացնելու համար: 2011թ.պաշտոնական տվյալներով` Արարատյան հարթավայրում մոտ 450 խորքային հոր շահագործում էին 234 ձկնաբուծարան: Ըստ մասնագետների հաշվարկների` միայն ձկնաբուծական տնտեսությունները տարեկան 800 մլն խմ ջուր են արդյունահանել:

Սեւանա լճից ջրառի ծավալի ավելացման մյուս պատճառն էլ, ըստ Ժամանակավոր ծրագրի, այն է, որ Սեւանա լճից Սևան-Հրազդան էներգետիկ դերիվացիոն համակարգ մուտք գործած ջրի կորուստը կազմում է ոչ թե 7%, այլ 18%, ինչի հետեւանքով 42.7 միլիոն խմ ջուր կորում է` ջրի դեֆիցիտ առաջացնելով ոռոգման համակարգում:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն` այս խնդրի լուծման համար արդեն իսկ  ծախսվել է 1 միլիարդ դրամ, սակայն դա բավական չէ, եւ անհրաժեշտէ եւս 700 միլիոն դրամ:

Ժամանակավոր ծրագրում ուշագրավն այն է, որ նշված չէ, թե այն քանի տարի է տեւելու: Պարզապես գրված է, որ Uևանա լճից ջրառը կկազմի 240 միլիոն խմ մինչև`

«- Սև ջուր գետի և ստորգետնյա ավազանի սակավաջրության հետևանքով ջրապահովման մակարդակի բարձրացման միջոցառումների իրականացումը.

- առաջնահերթ ջրամբարաշինության (Կապսի, Մաստարայի և Վեդու) ծրագրերի նախապատրաստումը և իրականացումը.

- Եղվարդի ջրամբարի ֆինանսավորման հարցի լուծումը.

- որոշ ջրանցքների համար դոտացիոն ջրամբարներում կուտակված (Ապարանի և Ազատի ջրամբարներ) ջրի արդյունավետ oգտագործումը.

- Uևանա լճից բաց թողնված ջրի արդյունավետ oգտագործումը.

- հաշվետվության և վերահuկողության ապահովումը.

- oրենuդրական դաշտի ապահովումը»:

Պարզ է, որ այս միջոցառումները մեկ տարվա գործ չեն: Այնպես որ Սեւանա լճի էոլոգիական վիճակը լավացնելու նպատակով իրականացվող լճի մակարդակը բարձրացնելու պետական ծրագիրը ջուրը կընկնի: Սա չի բացառում նաեւ Ժամանակավոր ծրագիրը: Այստեղ նշված է. «Ծրագրի իրականացման ընթացքում առկա են Սևանա լճի ջրային բացասական հաշվեկշռի հնարավոր ռիսկեր»:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը, որոշումներ ընդունելիս, դրանք հիմնականում չի քննարկում հասարակայնության հետ: Պահանջում ենք, որ նախքան ««Uևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի եւ «Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագրի» ընդունումը անցկացվեն հասարակական լսումներ, եւ որոշումները ընդունվեն` հաշվի առնելով հասարակայնության կարծիքը, առաջարկություններն ու դիտողությունները:

11:49 Դեկտեմբեր 03, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news