STOP թալանին, STOP կուտակային կենսաթոշակին

STOP թալանին, STOP կուտակային կենսաթոշակին

ԷկոԼուր

«STOP թալանին»,  «STOP անարդարությանը»,  «STOP անարդյունավետ կառավարությանը», «Դեմ եմ պարտադիրին», «STOP կուտակային կենսաթոշակին»: Նման գրությամբ պաստառներով այսօր` դեկտեմբերի 3-ին, ՀՀ քաղաքացիները բողոքի ցույց էին կազմակերպել` անցնելով ՀՀ  Ազգային ժողովից դեպի ՀՀ նախագահական նստավայր: «Մենք բոլորս դեմ ենք պարտադիր կենսաթոշակին: Բոլորին դիմել ենք, բայց ոչ ոք չի ուզում այս խնդիրը լուծել, որովհետև սա ոչ թե մեր գրպանի հարցն է, այլ իրենց գրպանի,  ուզում են գրպանել ժողովրդին»,- ասաց ցույցի մասնակից Գերասիմ Վարդանյանը` հավելելով, որ պահանջում են ՀՀ նախագահից խնդրին լուծում տալ:

Քաղաքացիները փորձեցին ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանին իրենց անհամաձայնությունը հայտնել նամակի տեսքով, սակայն դրան խոչընդոտեցին ոստիկանները` փակելով քաղաքացիների ճանապարհը: Ի վերջո, ցուցարարներին հաջողվեց հանձնել նամակը:

Ցուցարարներն իրենց պայքարը շարունակելու են նաեւ դեկտեմբերի 4-ին: Այդ օրը ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունենալու քվերակություն կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը մեկ տարով հետձգելու մասին օրենսդրական առաջարկության վերաբերյալ: «Այս կառավարության հետ հույսեր կապելն անիմաստ է: Կառավարությունը կարող է այսօր մի բան որոշել, վաղը նախագահը լրիվ ուրիշ բան ասի:  Մենք պետք է այստեղ լինենք և սատարենք այն պատգամավորներին, ովքեր ժողովրդի հետ են,- կոչ էին անում ցույցի մասնակիցները,-այս հարցը ծանրանալու է բոլորիս ընտանիքների վրա, մենք պետք է համախմբվենք, և այս պայքարը պսակենք հաղթանակով»:

17:15 Դեկտեմբեր 03, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news