ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնն առաջարկում է Սևանա լճում իրականացնել կողակի վերականգման աշխատանքներ

ՀՀ  ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնն առաջարկում է Սևանա լճում իրականացնել կողակի  վերականգման աշխատանքներ

Մարիամ Մարգարյան, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի, ԷկոԼուրի համար

Սևանա լճի ձկնապաշարները նվազել են: ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը դա պայմանավորում է գերորսով, Սևանա լիճ թափվող գետերի վատ վիճակով, ձկների ձվադրավայրերի վերացմամբ:

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյան

«Սևանա լիճ թափվում է 28 գետ, որոնցից 9-ը ձկնատեսակների համար հիմնական ձվադրավայրերն են, սակայն այսօր ոչ մի գետ չունի համապատասխան պայման, որ տեղի աբորիգեն ձկնատեսակները կատարեն ձվադրում։ Պատճառները տարբեր են, որնցից կարելի է առանձնացնել ոչ կառավելի ջրառը, գետերի աղտոտումը, գետերի հուների փոփոխումը, փոքր ՀԷԿ-երի ազդեցությունը և տարբեր այլ խոչընդոտներ»,- ասաց Բարդուխ Գաբրիելյանը։

Սևանա լիճթափվող և ձկների ձվադրավայր հանդիսացող Արգիչի գետը փոքր ՀԷԿ-ի ջրառից հետո

Սևանա լճում իշխան ձկնատեսակի պաշարների վերականգնումն արդիական խնդիրներից է: Բարդուխ Գաբրիելյանի կարծիքով` սաղմոսազգի ձկան պաշարի ռեալ վերականգման համար անհրաժեշտ է ապահովել նրա բնական վերարտադրությունը, այսինքն, պետք է կարգի բերվեն այն գետերը, որտեղ կատարվում է ձվադրություն: Պետք է պահպանել մայրական կազմը և մանրաձուկը, որպեսզի վերականգնվի բնական վերարտադրությունը, սակայն կատարվում է մանրաձկների և մեծ ձկների որսագողություն, որոնք չեն հասցնում սերունդ տալ:

Սևանի իշխան

«Իշխանն ընդունված է բաժանել 4 ենթատեսակի։ Լճում ձվադրածներն անհետացել են, մնացել է 2 տեսակ, որոնք ձվադրում են գետերում։ Իշխանի պոպուլյացիայի վերականգման համար տարվում են համապատասխան աշխատանքներ։ Հաջողվել է վերականգնել իշխան տեսակի գենոմը։ Ներկայումս աշխատանքներ են իրականացվում ձմեռային բախտակը վերականգնելու ուղղությամբ»,- ասաց Բարդուխ Գաբրիելյանը։

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնն առաջարկել է ՀՀ բնապահպանության նախարարությանը Սևանա լճում իրականացնել կողակ ձկնատեսակի վերականգման աշխատանքներ։

Սևանի կողակ

«Սևանա լճում կողակի վերականգնումն առաջին հերթին էկոլոգիական նշանակություն ունի, որովհետև այս ձկնատեսակը հատակային օրգանական նյութով է հիմնականում սնվում, իր միջոցով կարելի է լճից հանել օրգանական նյութը: Հիմա սննդային շղթայում խեցգետինն է յուրացնում օրգանական նյութը: Կողակը միշտ եղել է երկրորդ ձուկը իր արդյունագործական նշանակությամբ: Այժմ կողակն ամենավերջին տեղում է իր պաշարներով»,- ասաց Բարդուխ Գաբրիելյանը և նշեց, որ պետք է կողակի արհեստական վերարտադրություն կազմակերպել:

Խոսելով խեցգետնի պաշարներից` մասնագետն ասաց, որ շուկաներում ու խանութներում այսօր տեսնումէ խեցգետնի գնի կտրուկ աճ, որը պայմանավորված է լճում նրա պաշարների կրճատմամբ:

Ձկնապաշարների կրճատման արդյունքում մարդիկ սկսել էին զբաղվել խեցգետնի վաճառքով, և եթե մինչ այդ կիրառվում էին կասպիական որսագործիքները, որոնց հիմքում ընկած էր խայծով որսը, և խայծի համար գնում էր առանձնյակների մրցակցություն, ու ամենախոշոր ու ճարպիկ խեցգետնատեսակներն էին որսվում, ապա այժմ կիրառվում են զսպանակավոր, ծալովի չինական թակարդները, որոնց որսունակությունը մոտ 3 անգամ գերազանցում է նախորդ որսագործիքների որսունակությaնը»,- ասաց Բարդուխ Գաբրիելյանը:



Քիչ թե շատ ավելացել է լճում սիգի քանակը: Սակայն դեռ այն չի անցել 1000 տոննայի սահմանը, որպեսզի որոշ քանակի որսի առաջարկություն տրվի: Չնայած այս հանգամանքին` շուկաներում կարելի է տեսնել վաճառվող սիգ:


«Սիգի ավելացումը պայմանավորված է մանրաձկների պաշարների ավելացմամբ և ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրության ապահովմամբ, սակայն հարկ է նշել, որ 90-ականների սկզբին սիգի մաքսիմալ կենսազանգվածը հասել էր 30․ 000 տոննայի, իսկ այսօր այն գնահատվում է մոտ 2000 տոննայից մի փոքր ավելի»,- ասաց Բարդուխ Գաբրիելյանը։

14:25 Նոյեմբեր 21, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news