Առողջապահության նախարարությունը հորդորում է չլողալ Սևանա լճի «ծաղկած»` ջրիմուռներով առատ ափերում

Առողջապահության նախարարությունը հորդորում է չլողալ Սևանա լճի «ծաղկած»` ջրիմուռներով առատ ափերում

ԷկոԼուր

Առողջապահության նախարարությունն, անդրադառնալով Սևանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետևանքով ջրի կանաչ գույն ստանալու կամ «ծաղկելու» խնդրին` քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ այդպիսի վայրերում լողալուց:

«Ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով։

Նման ջրում լողալու դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանշանները՝ ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի և քթի շուրջ, մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա: Անզգուշությամբ ջուր կուլ տալու դեպքում կարող է ի հայտ գալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային և հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լյարդի հետ կապված խնդիրներ», - ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Առողջական այսօրինակ խնդիրներից զերծ մնալու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է չլողալ կանաչ կամ «ծաղկած» ջրում, արգելել երեխաներին` լողալ չթույլատրված վայրերում, վերը նշված ախտանիշերի դեպքում անհապաղ դիմել բժշկի:

ՀՀ բնապահպանության նախարարությունն էլ ներկայացրել է 2018 թվականի հուլիսի դրությամբ Սևանա լճում ազոտի և ֆոսֆորի պարունակության նախնական հետազոտությունների արդյունքները: Ըստ արդյունքների` 2018 թվականի գարնանը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Սևանա լճում ֆոսֆատ և ամոնիում իոնների կոնցենտրացիաները բարձր են դիտվել, և ջերմաստիճանի կտրուկ աճը նպաստավոր պայմաններ է ստեղծել լճի ինտենսիվ ծաղկման համար:

«Ֆոսֆատ իոնի կոնցենտրացիայի միջին արժեքը մակերևութային և միջին շերտերում գնահատվել է 0.08 մգ/լ, իսկ հատակամերձ շերտում՝ 0.15 մգ/լ, որոնք չեն գերազանցում ՀՀ էկոլոգիական նորմը (0.3 մգ/լ): Ամոնիում իոնի միջին կոնցենտրացիան մակերևութային շերտում 0.25 մգ/լ, իսկ հատակամերձ շերտում՝ 0.17 մգ/լ, որոնք չեն գերազանցում ՀՀ էկոլոգիական նորմը (0.5 մգ/լ):
Նիտրատ իոնի կոնցենտրացիայի միջին արժեքը մակերևութային շերտում գնահատվել է 0.19 մգ/լ, իսկա հատակամերձ շերտում՝ 0.12 մգ/լ: Դիտված կոնցենտրացիաները չեն գերազանցում ՀՀ էկոլոգիական նորմը (11 մգ/լ)», - նշված է նախարարության հաղորդագրության մեջ:

Լճի ընդհանուր էկոլոգիական վիճակը տարբեր հատվածներում և խորություններում ավելի մանրամասն կուսումնասիրվեն ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հետ համատեղ հուլիսի 30-31-ի գիտարշավի ընթացքում:

Նշենք, որ Սևանա լճի մակարդակը սույն թվականի հուլիսի 25-ի դրությամբ 5 սմ-ով  ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից` 1900.81 մ-ից, և կազմում է 1900.76 մ:

17:27 Հուլիս 25, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news