Սևանից ջուրը է բաց թողնվում, բայց Արարատի մարզում հողերը չորանում են

Սևանից ջուրը է բաց թողնվում, բայց Արարատի մարզում հողերը չորանում են

ԷկոԼուր

Օրակարգում շարունակում է մնալ Սևանա լճից հավելյալ ջրառի հարցը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարներին նախարարության ջրային կոմիտեն առաջարկում է Սևանա լճից ջրառը հասցնել 170 միլիոնից 210 միլիոն խմ-ի՝ Արարատյան դաշտի հողատարածքների ոռոգման համար: Թեպետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սևանա լիճը ջրի տարա չէ և ոռոգման ջրի խնդրի լուծման այլ տարբերակ գտնեն, սակայն Ջրային կոմիտեում շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների քննարկումներից ակնհայտ է դառնում, որ Սևանից չեն հրաժարվում: Ջրային կոմիտեի պաշտոնական կայքի համաձայն. քննարկումների ժամանակ իբրև Սևանա լճին այլընտրանք առաջարկներ են հնչել մասնակիցների կողմից՝ դոտացիոն հորերը շահագործել ամբողջ ծավալով, գործի դնել շարժական պոմպակայանները, օգտագործել ջրամբարների մեռյալ ծավալները: Ջրային կոմիտեի մասնագետները նշել են, որ անգամ այս տարբերակների կիրառումը չի բավարարի ոռոգման շրջանը նվազագույն կորուստներով ավարտին հասցնելու համար:

Սևանա լիճը Հայաստանի քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանն է, որի պահպանման, վերականգնման և կայուն օգտագործման համար 2 օրենք է գործում: Սակայն այսօր այդ օրենքների վատ կիրարկման արդյունքում Սևանա լիճը բռնել է ճահճացման ուղին:

 

Սևանա լիճ

Սևանա լճի ճահճացմանը նպաստող գործոններն են.

• Լճի մակարդակի իջեցումը հավելյալ ջրառի նպատակով: Լճի բարձրացմանը զուգահեռ ափերից լվացվում են կենսաբանական նյութերը և հայտնվում լճում, ինչպես նաև լճում նեխում է ջրածածկ ափերի չմաքրված բուսածածկը, ապա ջրբացթողումների արդյունքում դիտվում է այդ նյութերի կոնցենտրացիաների կուտակում լճում: Սևանա լճի էկոհամակարգի ինքնավերականգնման համար լճի մակարդակը պետք է բարձրացվի ամենաքիչը 1903.5մ նիշը, իսկ ալիքի բարձրությունը հաշվի առնելով, առնվազն 1905մ նիշը: Ներկայումս Սևանա լճի մակարդակն օրեցօր իջնում է և օգոստոսի 20-ի դրությամբ կազմում է 1900.67մ: Լճից ջրբացթողումների առավելագույն չափաքանակը պետք է լինի 170 միլիոն խմ-ն, սակայն 2008, 2012, 2014, 2017 թվականներին ջրառի սահմանաչափը գերազանցեց օրենքով սահմանված չափաքանակը:

• Սևանա լճի ավազանում քիմիական և կենսաբանական մաքրման կայանների բացակայությունը, արդյունքում գետերն, համայնքների ու ափամմերձ ռեստորանների կոյուղատարները լիճ բերում են մեծ քանակությամբ կենսաբանական և քիմիական նյութեր:

• Սևանա լճում ձկան արդյունագործական պաշարների ոչնչացումը ձկնագողության պատճառով, քանի որ լճում ձուկ չկա, որ յուրացնի օրգանական նյութերը:

• Բարձր ջերմաստիճանը, որը ակտիվացնում է քիմիական գործընթացները և նպաստում լճի ճահճացմանը:

Էկոլոգների գնահատմամբ անընդունելի է Սևանա լճից մի կաթիլ անգամ հավելյալ ջրառը: Լիճը կրիտիկական վիճակում է և հավելյալ ջրառը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել: Հավելյալ ջրառին դեմ են հանդես գալիս նաև Սևանա լճի ափամերձ համայնքների բնակիչները հատկապես այն բանից հետո, երբ այս ամառ լճի աննախադեպ ծաղկման արդյունքում տեղի զբոսաշրջային բիզնեսը մեծ վնաս կրեց հանգստացողների բացակայության պատճառով:

Հարցի մյուս կողմում Արարատյան դաշտի հողագործերն են, որոնք օգտվում են Սևանա լճի ջրից ոռոգման համար:

Ըստ Ջրային կոմիտեի պաշտոնական տեղեկատվության` Սևանա լճի ջուրն ուղղվում է 4 մարզ, որից Արարատի մարզում Սևան-Հրազդան համակարգի իշխման տակ 8733 հա ընդհանուր ոռոգման ենթակա տարածքով 37 համայնք է ընդգրկված: ԷկոԼուրը եղավ դրանցից մի քանիսում` պարզելու, թե ինչքանով են օգտվում Սևանա լճի ջրից և որտեղ են տեսնում իրենց ոռոգման խնդիրները:

Մարդիկ բողոքեցին ջրի կառավարումից, պատշաճ տեղեկատվություն չունեն, թե որ աղբյուրներից են ջուր ստանում ոռոգման համար: Այդ տեղեկատվությանը հստակ չեն տիրապետում նաև մեր այցելած Քաղցրաշենի և Մխչյանի պոմպակայանների աշխատակիցները:

Արտաշատի ջրանցքը Քաղցրաշենի պոմպակայանի մոտ

Քաղցրաշենի պոմպակայանում պնդեցին, որ Արտաշատի ջրանցքով, հոսում է Սև ջուր գետի և Ազատի ջրամբարի ջուրը, և բացառեցին, որ տվյալ պահին Սևանա լճից ջուր են ստանում: Մխչյանի պոմպակայանում, որն Արտաշատի ջրանցք է մղում Սև ջուր գետի ջուրը, չգիտեին, թե բացի Սև ջուրից, արդյոք Սևանի ջուրն էլ է հոսում ջրանցքով: «Եթե պոմպակայանի ջրթափի ձախ կողմից ջուր հոսում է ջրանցքով, ուրեմն Սևանի ջուրն է»,- անվստահ ասաց Մխչյանի պոմպակայանի աշխատակիցը: Ձախ կողմից ջուր գալիս էր:

Մխչյան 2 պոմպակայանի ջրթափը Արտաշատի ջրանցք

Մխչյան 2 պոմպակայանի ենթակառուցվածքներ

Արտաշատի ջրանցքը սնուցվում է Ազատի ջրամբարից, Վեդի, Սև ջուր և Հրազդան (Հրազդանով հոսում է Սևանի ջուրը) գետերից:

Արտաշատի ջրանցքը Քաղցրաշեն համայնքի տարածքում

Սևան-Հրազդան համակարգի իշխման տակ գտնվող Արարատի մարզի Նարեկ համայնք ոռոգման ջուրը պոմպերով հասնում է Արտաշատի ջրանցքից: «Նարեկում համայնքի 720 հա ոռոգելի հողատարածքներից 250 հա-ն չի ոռոգվում հիմնականում ջրի ոչ ճիշտ կառավարման հետևանքով: Նախկինում մարդիկ տնկել են այգին, հասել է բերքին: Բերքատու ծառը չորանում է ի՞նչ պատճառով, ջուր չլինելու, բայց այդ այգին դարձել է 10 տարեկան ինչի՞ հաշվին, ջուր է եղել չէ:.. Մարդ կա, ներդրում է արել, այգի է դրել, խաղողի 13-14 տարեկան այգին չորացել է»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Նարեկի համայնքապետ Գարուշ Հակոբյանը և հիշեց Ջրային տնտեսության կոմիտեի պատասխանը Նարեկի ջրի խնդրի կապակցությամբ «….ասաց՝ խոշոր հողատերերը թող չջրեն, փոքրերը ջրեն»:


Նարեկի համայնքապետ Գարուշ Հակոբյան

Համայնքապետը խնդրի մասին նամակով տեղեկացրել է և նախկին իշխանություններին, և ներկայիս: «Արտաշատ» ՋՕԸ-ի նորանշանակ տնօրենը մեր այցի օրը եկել է համայնք, ծանոթացել է խնդրին և խոստացել հարցին լուծում տալ: Գարուշ Հակոբյանն ասաց, որ եթե խնդրին լուծում չտրվի, կարող է համայնքը հրաժարվել ՋՕԸ-ից և ինքն ընկերություն ստեղծի, որը կսպասարկի գյուղացուն, առավել ևս որ համայնքը նախկինում նման դրական փորձ ունեցել է և շուրջ 10 միլիոն դրամ պակաս վարձ է վճարել ոռոգման ջրի դիմաց:

Նարեկը նաև Արարատի մարզի այն 13 համայնքների ցանկում է, որոնք ընդգրկված են Համաշխարհային բանկի վարկային միջոցներով իրականացված «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրում և պետք է ինքնահոս ոռոգվեն Ազատ գետի ջրով: «Քաղցրաշենի ծրագրի շինարարները եկան, իրենց թղթերը չստորագրեցի, գնացին: Նախագծային թերություն կա, վերջնամասում կիսատ են կառուցել, վինտիլ պիտի տեղադրեն, չեն տեղադրել: ՋՕԸ-ն էլ չի ստորագրել, որովհետև ջուրը բացելուց անընդհատ տրաքում է Գետազատի տարածքում: Խողովակաշարն ինչ-որ հատվածում չի դիմանում: ՋՕԸ-ի պետն ասեց, մի 3 օր ջրով մարդկանց ապահովեք, թող չտրաքի, նոր կստորագրենք: Բայց էսօր տալիս են 2 ժամ, 2 ժամ հետո գիծը տրաքում է,- ասաց համայնքապետը, ապա հավելեց,- եթե այդ գիծն աշխատի, մենք ջրի խնդիր չենք ունենա»: Սակայն հետո թվելով Քաղցրաշենի ինքնահոս համակարգից օգտվող համայնքները, որոնց, ըստ նրա, 100 միլիմետր տրամագիծ ունեցող խողովակներով 50լ/վ ջուր է տրվելու, ասաց. «Եթե ռեալ նայես, այդ ջուրը չի հերիքի բոլորին»:

Սևան-Հրազդան համակարգի իշխման տակ գտնվող Քաղցրաշեն համայնքը ևս ընդգրկված է Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրում: Քաղցրաշենցիներն ասում են, որ իրենք ընդհանրապես չեն օգտվի ինքնահոս համակարգից: «Քաղցրաշենի ծրագրի նախագծային հզորությունը1200 լ/վրկ է: 13 համայնքով պետք է անցնի: Մենք այդ գյուղերի ամենավերջում ենք: Այդ ջուրը որ ամբողջությամբ տան Նարեկին, չի բավարարի, պատկերացրեք, այդքան գյուղերի տարածքով անցնի, ո՞նց կարող է անջրդի տարածքներ մնան, և ջուրը գա, հասնի մեզ:...Այդ ջուրը մեզ համար չէին բերում, մենք չենք կարող օգտվել այդ ջրից...»,- ասացին քաղցրաշենցիները:

 

Քաղցրաշենի բնակիչներ

«Հիմնականում օգտվում ենք Արտաշատի ջրանցքից, հողերի մի մասը ինքնահոս է ոռոգվում, մի մասը Քաղցրաշենի 2 պոմպակայաններով, որը Արտաշատի ջրանցքից է սնվում: Կարմիր սարի տարածաշրջանում մի 150 տնտեսություն ունենք, որ մի պոմպակայանից է սնվում, շատ վատ վիճակ է, անընդհատ ամառվա ամիսներին բողոքներ, ջուրը չի բավարարում… Ջուրը պակաս է Կարմիր սարի տարածքում, որովհետև տարվա ընթացքում մի քանի անգամ ջրանցքն անջատում են 2-3 օրով, նույնիսկ մեկ շաբաթով: 3 օր ջուրն անջատելն աղետալի վիճակի է բերում»,- ասաց Քաղցրաշենի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահրամ Արարատյանը:

 

Քաղցրաշենի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահրամ Արարատյան

Ըստ գյուղացիների պատճառը ձկնաբուծարաններն են, որոնք տանում են ամբողջ ընդերքի ջուրը: «Մեր խնդիրն է, որ այդ ձկնաբուծարանները փակվեն, մեր ընդերքի ջրերը վերականգնվեն»,- ասացին բնակիչները:

Քաղցրաշենի պոմպակայանի աշխատակիցն էկոԼուրին հայտնեց, որ անցել են խնայողության ռեժիմի, 7 օր ջուր են տալիս, 3 օր ոչ: ԷկոԼուրի հարցին, թե պոմպակայանի աշխատանքը դադարեցվելու է Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի շահագործումից հետո, վերջինս պատասխանեց. «Քաղցրաշենի ծրագրի ժամանակ անպայման պոմպակայաններն աշխատելու են, որովհետև նա չի բավարարելու: Գառնիի գետից այդ ինքնահոս ջուրը որ բերում են, այստեղ 15 ագրեգատ է աշխատում, լավագույն դեպքում միայն ամենամեծ պոմպն է անջատվելու, մնացածը մնում է»:

Սևան-Հրազդան համակարգի իշխման տակ գտնվող Վերին Արտաշատ համայնքի բնակիչները ոռոգման ջրի խնդիր չունեն: Նրանք էլ են ջուրը վերցնում Արտաշատի ջրանցքից: Ասում են, որ իրենց ջուրը Ազատի ջրամբարից է գալիս, ոռոգում են ինքնահոս եղանակով, բողոքեցին ներցանցային համակարգում ջրի կորուստից:


Վերին Արտաշատ համայնքի բնակիչներ

Արարատի մարզի Ջրաշեն համայնքում, որտեղ Մխչյանի պոմպերի խողովակներից Արտաշատի ջրանցք է թափվում Սև ջուր գետի ջուրը, ոռոգման ջրի խնդիր չունեն, բողոքեցին ջրի բարձր սակագնից: 1 հա հողատարածքը մեկ անգամ ջրելու համար 20 հազար դրամ են վճարում, տարին ջուր անում են 6-7 անգամ:

Ջրաշեն համայնք

Որպես ոռոգման ջրի խնդրի լուծման առաջարկություններ բնակիչները նշեցին`
• Սևանա լճի մակարդակի բարձրացում Արփա-Սևան թունելով լիճ ջուր տեղափոխելու միջոցով
• Արարատյան դաշտի ձկնաբուծարանների փակում ստորգետնյա աղբյուրների վերականգնման համար
• Ներտնտեսային ցանցերի վերականգնում ջրակորուստներից խուսափելու համար:

17:30 Օգոստոս 20, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news