Կրկին քննարկումներ են ընթանում Սևանա լճից ջրառն ավելացնելու ուղղությամբ. Բարդուխ Գաբրիելյան

Կրկին քննարկումներ են ընթանում Սևանա լճից ջրառն ավելացնելու ուղղությամբ. Բարդուխ Գաբրիելյան

ԷկոԼուր

Սևանա լճի ջրառի ավելացումը դառնում է նորմա: Այս տարի կրկին քննարկումներ են ընթանում, որ ջրամբարները լցված չեն և ջրի դեֆիցիտ է լինելու: Այս մասին մարտի 25-ին ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովին հայտարարեց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը` նշելով, որ այս տարի նույնպես ցանկանում են Սևանա լճի ջրառն ավելացնել, մինչդեռ նախորդ տարվա ջրառի ավելացումը հանգեցրել է լճի մակարդակի 3-4 սմ-ով իջեցման:

«Ջրի մակարդակի բարձրացման ժամանակ լվացվում են ափերը, նոր սնուցող նյութեր են ներմուծվում լճի մեջ: Հետո երբ ջրի մակարդակը կրկին նվազում է այդ նյութերի կոնցենտրացիան ավելանում է», - Սևանա լճի էկոհամակարգի և նրա ռեսուրսների վերաբերյալ իր ելույթում ասաց Բարդուխ Գաբրիելյանը: Նա ընդգծեց, որ նախորդ տարի Սևանա լճի մասշտաբային ծաղկման հիմնական գոծոնները ջերմային ֆոնն ու կենսածին էլեմենտներն էին:

«Այդ կապտականաչ ջրիմուռները համարվում են տոքսիկ և պարունակում են թունավորման ռիսկ՝ կեդնանիների և մարդու մոտ առաջացնելով ալերգիկ երևույթներ, նույնիսկ՝ թունավորումներ:

Եթե այս տարի չունենանք լճի մակարդակի բարձրացում, ամառային սեզոնին կրկին կունենանք ջրի ծաղկում, ինչն ազդում է նաև կենսառեսուրսների՝ և՛ ձկան, և՛ խեցգետնի քանակի վրա», - նշեց նա:

Գաբրիելյանի խոսքով, իրենց կենտրոնն ամեն տարի ՀՀ կառավարությանն է ներկայացնում տարբեր առաջարկները: Սակայն մինչ օրս համագործակցությունը սահմանափակվել է միայն նրանով, որ իրենց նամակներ են ուղարկել այս կան այն հարցի վերաբերյալ կարծիք հայտնելու խնդրանքով:

«Մեր առաջարկները ոչ միշտ են ընդունվում: Թեև մեր ինստիտուտը և ԳԱԱ-ն հանդիսանում են կառավարության պաշտոնական խորհրդատուն», - նշեց նա:

Բարդուխ Գաբրիելյանի խոսքով` պետք է 3 ուղղությամբ աշխատել՝ լճի ջրի մակարդակը բարձրացնել, իրականացնել սնուցող նյութերի՝ ֆոսֆորի քանակի կրճատում ջրահավաք ավազանից և խեցգետնի ու արդյունագործական ձկնատեսակների պաշարների պատշաճ քանակի պահպանություն: Ըստ նրա` անհրաժեշտ է կենսառեսուրսների նկատմամբ վերահսկողությունը սահմանել ոչ միայն ձվադրման, այլև՝ նախաձվադրման ամիսներին:

18:41 Մարտ 26, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news