Ինչի վրա է ծախսվելու Սևանից հավելյալ ջրառի արդյունքում գոյացած գումարը, պատասխանում է լիազոր մարմինը

Ինչի վրա է ծախսվելու Սևանից հավելյալ ջրառի արդյունքում  գոյացած գումարը, պատասխանում է լիազոր մարմինը

ԷկոԼուր

Սևանա լճից 2017 թվականին վերցված շուրջ 100 միլիոն խմ և 2018 թ-ին՝ 40 միլիոն խմ հավելյալ ջրառի արդյունքում Սևան-Հրազդան հիդրոկասկադում արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքից գոյացած հասույթը կազմել է համապատասխանաբար 1,645,139.6 հազար դրամ և 481,720.2 հազար դրամ: Այս մասին ԷկոԼուրը տեղեկացավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղարին փոխարինող Հ. Բատիկյանի՝ 2019թ-ի հոկտեմբերի 24-ին N 02/20/17692-19 պատասխան նամակից՝ ուղղված ԷկոԼուրի հարցմանը: Հիշեցնենք, որ ԷկոԼուրը հարցում էր ուղարկել նախարարություն՝ տեղեկանալու Սևանա լճից լրացուցիչ ջրառի արդյունքում արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքից առաջացած գումարների օգտագործման մասին:

Նախարարության պատասխանում նշված է. «ՀՀ կառավարության 17.08.2017թ. N1018-Ն և ՀՀ կառավարության 17.01.2019թ. N42-Ն որոշումների համաձայն՝ հաշվարկվել և 2018 ու 2019թթ-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության արտաբյուջետային հաշվին են փոխանցվել 2017 – 2018թթ. ընթացքում Սևանա լճից բաց թողնված ջրի՝ 170 մլն խմ գերազանցող չափաքանակի հաշվին արտադրված էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ում և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում առաջացած լրացուցիչ շահույթը (լրացուցիչ գումարները)՝ համապատասխանաբար՝ 1,645,139.6 հազար դրամ և 481,720.2 հազ. դրամ: ՀՀ կառավարության 18.10.2018թ. N1155-ն և 29.03.2019թ. N299-Ն որոշումների համաձայն՝ վերոնշյալ գումարները փոխանցվել են ՀՀ պետական բյուջե՝ որպես «Այլ եկամուտներ», որոնց չափով ավելացվել են համապատասխան տարիների պետական բյուջեի պահուստային ֆոնդի միջոցները:

Վերը նշված Որոշումների 3-րդ և 2-րդ կետերի համաձայն՝ միջոցները պետք է ծախսվեն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների ու համալիր ծրագրերը հաստատելու մասին » ՀՀ օրենքի 2.4 և 2.5 հոդվածներով հաստատված ժամանակավոր ծրագրերի 3-րդ մասով սահմանված ուղղություններով նպատակային ներդրումների իրականացման համար: Ընդ որում, ՀՀ կառավարության 18.10.2018թ. N 1155-Ն որոշմամբ սահմանված է, որ անհրաժեշտ գումարները կտրամադրվեն ըստ անհրաժեշտության՝ ՀՀ կառավարության որոշումներով:

Ինչ վերաբերվում է, թե ինչ ծրագրեր են իրականացվել կամ իրականացվելու 2017թ-ին առաջացած 1,6 մլրդ և 2018թ-ին առաջացած 481,7 մլն դրամ գումարներով, ապա հայտնում ենք, որ դեռևս 2016թ-ից մեկնարկել է ոռոգման համակարգերում SCADA համակարգով հագեցած ջրաչափական սարքավորումների տեղադրման և շահագործման միջոցառումների գործընթացը: Վերը նշված սարքավորումների տեղադրումն ու շահագործումը (համապատասխան փուլերով) իրակականցնելու արդյունքում հիմնականում կանոնակարգվելու են ոռոգման ջրի հաշվառման և համակարգի շահագործման հետ կապված խնդիրները: Ջրային կոմիտեն իրականացրել է հանրապետության ոռոգման համակարգերի մայր և երկրորդ կարգի ջրանցքների բաժանարար կետերի գույքագրում, որի արդյունքներով գնահատվել է դրանք SCADA համակարգով հագեցած շուրջ 2041 ջրաչափական սարքավորումներով կահավորելու անհրաժեշտությունը: Նախնական գնահատականներով նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերումը և աշխատանքների իրականացումը կազմում է 1,499,470.3.0 հազ. դրամ:

ՀՀ կառավարության 25.07. 2019թ. N950-Ն որոշմամբ 44,974.7 հազ. դրամ է հատկացվել Ջրային կոմիտեին ոռոգման համակարգերում SCADA համակարգով հագեցած ջրաչափական սարքավորումների տեղադրման և շահագործման միջոցառումների ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով:

Նախագծանախահաշվային փաստաթղթերի արդյունքներով աշխատանքների համար Ջրային կոմիտեն առաջիկայում կներկայացնի համապատասխան առաջարկություն:
Վերը նշված աշխատանքների արդյունքում կբարձրանա Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգի իշխման տակ գտնվող ոռոգելի հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակի հաշվառելիությունը, որն էլ իր հերթին կնպաստի Սևանա լճի ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանը»:

Մեր կողմից հիշեցնենք, որ 2018թ-ի դրությամբ, համաձայն Ջրային կոմիտեի պաշտոնական տեղեկատվության, Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սկիզբ առնող ոռոգման ջրանցքների համակարգերում ընդհանուր ջրակորուստը կազմում է շուրջ 57 տոկոս:

 

17:03 Նոյեմբեր 01, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news