Սևանի համար պետք է առանձին ծրագիր ու վարքականոն մշակել. Ռոմանոս Պետրոսյան

Սևանի համար պետք է առանձին ծրագիր ու վարքականոն մշակել. Ռոմանոս Պետրոսյան

Սևանի համար պետք է առանձին ծրագիր ու վարքականոն մշակել: Այս մասին օգոստոսի 4-ին նշեց ՀՀ Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը «Ազատության» ռ/կ-ի «Ֆեյսբուքյան ասուլիսի» ընթացքում։

«Սևանի հիմնախնդրի լուծման իմ տեսլականը նախ և առաջ Սևանի ափերին ավելի քան 300 ապօրինի տնտեսվարողների գործունեության կասեցումն ու ափերի ազատագրումն է այն բարբարոսական զավթման կոնստրուկցիաներից, շենք-շինություններից,մեխանիզմներից ու ենթակառուցվածքներից, որոնց ականատեսն ենք այսօր: Սևանի փրկության առանցքային գործընթացները Սևանի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված գործընթացներն են: Դա պետք է արվի լճի մակերևույթի բարձրացմանն ու ափամերձ, ջրի տակ անցնող հատվածների բուսական մնացորդներից, այդ թվում՝ հաստաբուն ծառերի և օրգանական այլ մնացորդներից մաքրելուն զուգահեռ: Հաջորդ կարևորագույն քայլը՝ հարակից համայնքներում մաքրող կայանների կառուցումն է, որպեսզի կոյուղագծերը և կենցաղվարությունից առաջացող թափոնները չլցվեն լիճ: Պետք է այս գործընթացներն անել այսօր, հուժկու, կտրուկ քայլերով, որպեսզի տեսանելի ապագայում արդյունքներ ունենանք»,- նկատեց նախարարը: 

Ռոմանոս Պետրոսյանը ասուլիսի ընթացքում տեղեկացրեց, որ պատրաստվում է առաջիկա շաբաթ օրը այցելել «Սևան» ազգային պարկ՝ աշխատանքային շրջայց կատարելու նպատակով: «Այդ օրը կտանք այն ողջ պատկերը, որը պլանավորել ենք կատարելու «Սևան» ազգային պարկի իրավասության տակ գտնվող տարածքներում, մինչև իսկ ապօրինի կառացապատումների քանդման և հողազավթումների չեղարկման որոշումներ: Շուրջ 3 հազար 800 շենք-շինություն ու տաղավար կա, որոնք ենթակա են ապամոնտաժման ու քանդման: Թե ում են դրանք պատկանում, մեզ համար կարևոր չէ: Կան հանգստի գոտիներ, առանձնատներ, ամառանոցներ, տաղավարներ, կոմերցիոն նպատակով շահագործվող, հանրային սննդի կետեր, որոնք նախնական պատկերով ենթակա են քանդման: Ինչ հնարավոր է կառուցապատել ապօրինի ու հողազավթումների վրա, դա, կարծես թե, տեղի է ունեցել Սևանում….Այդ խառնիճաղանջ, անհետևողական, չկանոնակարգված, Սևանի ափերի փնթի շահագործման արդյունք է այսօր Սևանի կանաչումը»:

Անդրադառնալով Սևանի «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու գործունեությունը կասեցնելու որոշմանը, Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ այս կարճ ժամանակահատվածում արված ուսումնասիրությունները բերեցին այդ որոշմանը: «Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ տնտեսվարողները` անկախ ով լինելուց, որևէ իրավական կարգավիճակ չունեին տվյալ ափի շահագործման ու այդ ափին բիզնես գործունեություն ծավալելու առումով: Իմ ուսումնասիրությունների և ենթակա ստորաբաժանումների կողմից ներկայացված տեղեկանքներում նմանատիպ ավելի քան 300 շահագործողներ ու տնտեսվարողներ կան Սևանի ափերին «Սևան» ազգային պարկի» իրավասության տակ գտնվող գոտիներում, ովքեր ապօրինի հողազավթմամբ, կառուցապատումներով տնօրինում են նմանատիպ տարածքներ։ Շորժայի որոշումը այսրոպեական լուծում պահանջող էր, որովհետև շահարկվում էին որոշակի անուններ այդ գործունեության հետ»,- նշեց նա։



Օգոստոս 05, 2020 at 15:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր