ՇՄ նախարարության ներկայացուցիչ՝ Սևանա լճում ծաղկումը կտևի մինչև օգոստոսի 20-ը

ՇՄ նախարարության ներկայացուցիչ՝ Սևանա լճում ծաղկումը կտևի մինչև օգոստոսի 20-ը

ԷկոԼուր

Սևանա լճում ծաղկումն այս տարի կտևի մինչև օգոստոսի 20-ը։ Այս մասին 2020թ. հուլիսի 22-ին «Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման խնդիրը, ձկնապաշարների կայուն օգտագործման ծրագրերը» թեմայով առցանց ասուլիսի ընթացքում հայտնեց Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը:

«Այս գործընթացները սկսվել են նախորդ դարից՝ Սևանի մակարդակի իջեցմամբ, որի պատճառով խախտվել է Սևանա լճի էկոհամակարգի հավասարակշռությունը։ Սևանա լճում տարիների ընթացքում կուտակվել է սնուցող նյութերի մեծ քանակություն, որն էլ հանդիսանում է ծաղկման պատճառը։ 1960-ական թվականներին, երբ 18 մետրով իջեցվեց Սևանա լճի մակարդակը, հիպոլինիումի շերտը մեծ Սևանում վերացավ 95 տոկոսով: Դա նշանակում է, որ ազոտային միացություններն այժմ ամբողջովին մասնակցում են կենսաբանական գործընթացներին, ինչն էլ խանգարում է, որ լճում ստեղծվի հավասարակշռություն»,- ասաց Գայանե Շահնազարյանը։

Նա նշեց, որ սնուցող նյութերի կուտակման պատճառներից մեկն ամբողջ Սևանա լճի ավազանի կոմունալ կեղտաջրերն են, որոնք մասամբ մաքրված, իսկ հիմնականում չմաքրված վիճակում լցվում են Սևանա լիճ։

«Երկրորդ պատճառը՝ հանգստյան տների ու հյուրանոցների ազդեցությունն է Սևանի վրա: Նախարարությունը որոշակի գործողություններ է նախաձեռնել, որպեսզի այս օբյեկտները մաքրման կայաններ ունենան: Սևանի կանաչելու պատճառներից մեկն էլ ջրածածկ եղած տարածքներն են, որոնք նպաստում են այս գործընթացին։ Սնուցող նյութերի նվազեցման համար պետք է կառուցվեն մաքրման կայաններ։ Մարտ ամսին եղել է բարձր ջերմաստիճան, Սևանում գոլորշիացումը նորմայից բարձր է եղել 20-70 տոկոսով, սրա հետևանքով էլ որոշ գործընթացներ ավելի ինտենսիվ էին ընթանում Սևանա լճում, ինչը մայիսի վերջին դանդաղեց և կրկին ակտիվացավ հուլիսի սկզբին»,- ասաց Գայանե Շահնազարյանը։

Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ոսկեհատ Գրիգորյանը, անդրադարձավ լճի մակարդակի բարձրացման համար տարվող աշխատանքներին: Նա տեղեկացրեց, որ Շրջակա միջավայրի նախարարությունը գույքագրել է 1724 միավոր շինություն, դրանցից 32–ը համարվում են պետական և համայնքային սեփականության շենք-շինություններ, որոնց ապամոնտաժման աշխատանքները նախատեսվում է պետական բյուջեի շրջանակում իրականացնել։ Պետության միջոցների հաշվին թվով 24 շինություն կապամանոտաժվի մինչև 2020թ. ավարտը, իսկ մյուս տնտեսվարողներին՝ պատշաճ կերպով ծանուցվել է իրենց շենք-շինությունների ապամոնտաժման մասին։ «Իրականացվել են ափամերձ անտառածածկ տարածքների մաքրման աշխատանքներ, գույքագրվել, վերհանվել է ջրածածկման ենթակա օբյեկտների ընդհանուր պատկերը. դրանք կազմում են մոտ 750 հա տարածք։ 2019-2021թթ. ընթացքում նախարարությունը պայմանագիր է կնքել «Հարություն ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ, որի միջոցով 2019 թ. իրականացվել է 98 հա տարածքի մաքրման աշխատանքներ։ 2020թ. նախատեսվում է 271 հա տարածքի մաքրման աշխատանքներ իրականացնել, որից ներկայում իրականացվել է 50 հա տարածքի մաքրումը»,- ասաց Ոսկեհատ Գրիգորյանը ՝ նշելով, որ Գավառ, Մարտունի, Սևան քաղաքներում կենսաբանական մաքրման կայանների տեղադրման համար այժմ նախագծանախահաշվարկային փաստաթղթեր են կազմվում, որպեսզի ֆինանսավորման առկայության դեպքում կառուցվեն։

Անդրադառնալով ապօրինի ձկնորսությանը՝ Ոսկեհատ Գրիգորյանը նշեց, որ պետք է օրենք մշակվի, որով կկանոնակարգվի որսը։

 



17:12 Հուլիս 22, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news