Էվելինա Ղուկասյան` Սևանա լճում ունեցած մեր ողջ ձեռքբերումները ի չիք դարձան ջրբացթողումների արդյունքում

Էվելինա Ղուկասյան` Սևանա լճում ունեցած մեր ողջ ձեռքբերումները ի չիք դարձան ջրբացթողումների արդյունքում

ԷկոԼուր

«Սևանա լճում ունեցած մեր ողջ ձեռքբերումները ի չիք դարձան ջրբացթողումների և եղանակային կտրուկ փոփոխությունների արդյունքում: Լիճը նորից ընկավ անկայուն վիճակի մեջ»,- էկոԼուրին ասաց ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ այս տարի հավելյալ ջրբացթողումների հետևանքով և բարձր ջերմաստիճանի պայմաններում Սևանա լճի գրեթե ողջ հայելին ծաղկեց կապտականաչ ջրիմուռներով, լճի թափանցելիությունը 14 մետրից նվազեց մինչև 2 մետր, լճում գրանցվեց նորմայից բարձր ջերմաստիճան, լճում ակտիվացան ճահճացման գործընթացները:

ԷկոԼուրի հարցին, թե ինչպիսին է լճի վիճակը ներկայումս, Էվելինա Ղուկասյանը պատասխանեց. «Առայժմ հետազոտությունները ցույց են տվել, որ 30 մետրից ցածր խորություններում թթվածնի պակաս է նկատվում: Դա այնքան էլ նպաստավոր չէ հատակային կենդանիների` հատկապես թթվածանասեր կենդանիների գոյության համար: Տվյալ դեպքում խեցգետինը նույնպես համարվում է նման կենդանի, կողալողերը, որոնք համարվում են իշխանի նախընտրած կերը: Իշխանը և սիգը ավելի ակտիվ տեղաշարժվող կենդենիներ են, և նրանց չի սպառնում լուրջ վտանգ, որովհետև այնտեղ, որտեղ թթվածնի պաշարը քիչ է, նրանք տեղաշարժվում են թթվածնով հարուստ շերտեր: Ծաղկումը վաղուց դադարել է, քայքայման երևույթներն էլ կդադարեն, քանի որ աշնան ամիսներին տեղի է ունենում ջրի ակտիվ շրջապտույտ, որի արդյունքում ջրի բոլոր խորքերը հարստանում են թթվածնով: Առայժմ ոչ մի բացասական երևույթ այլևս չի դիտարկվում, ջրի թափանցելիությունը աճել է, 7-8 մետրի է հավասարվել, և ֆիտոպլանկտոնի բուռն աճ չի նախատեսվում»:

Էվելինա Ղուկասյանը նշեց, որ կլիմայի փոփոխության պայմաններում պետք է բավականին զգույշ լինել: «Եթե հանկարծ հաջորդ տարի նույնպես կրկնվի ջերմաստիճանի բարձրացման երևույթը, մենք, ցավոք, արդեն ավելի լուրջ հետևանքներ կարող ենք ունենալ: Նորից ջրի ծաղկում, ջրի որակի վատացում, տոքսիկ ջրիմուռների բուռն աճ, այդ բոլորը ցանկալի չեն ոչ միայն էկոլոգիական առումով, այլև նույնիսկ ռեկրեացիոն գոտու համար»,- ասաց Էվելինա Ղուկասյանը:

Անդրադառնալով Սևանա լճի ձկնապաշարներին` գիտնականը նշեց, որ դեռևս Սևանա լճում արդյունագործական պաշարներ չկան: Հիմնականում սիգի պաշարներն են ավելացել, ծածանի պաշարները կտրուկ կրճատվել են լճում հիվանդությունների հետևանքով: «Բավականին լուրջ է խեցգետնի վիճակը, որովհետև խեցգետնի շրջանում տարածված են հիվանդություններ, բացի այդ, արգելված որսագործիքներով որսի արդյունքում պաշարները խիստ կրճատվել են նախորդ տարվա համեմատ: Մենք շուտով խեցգետնային պաշարների լուրջ խնդիր կարող ենք ունենալ»:

Անդրադառնալով Սևանա լճում ցանցավանդակային եղանակով իշխանի բազմացման ծրագրին` Էվելինա Ղուկասյանն ասաց, որ գրանցվել է տեղային աղտոտվածություն, որը 100-200 մետրի վրա այդքան էլ չի դրսևորվում: Սակայն մասշտաբների մեծացման ժամանակ պետք է ավելի զգույշ լինել, որովհետև այդ տեղային աղտոտվածությունը կարող է ավելի տարածվել:

11:54 Հոկտեմբեր 31, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news