Սևանա լճի արդի խնդիրներին նվիրված կլոր սեղան` ՀՀ ԳԱԱ-ում

Սևանա լճի արդի խնդիրներին նվիրված կլոր սեղան` ՀՀ ԳԱԱ-ում

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ կլոր սեղան` նվիրված Սևանա լճի արդի խնդիրներին:

Կլոր սեղանին մասնակցեցին ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի անդամներ, ՀՀ ԳԱԱ և այլ գիտական և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, գիտական հասարակայնության ներկայացուցիչներ:

Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: «Մեր հանրության ուշադրության կենտրոնում է Սևանա լիճն իր հատուկ աշխարհագրական, բնապահպանական և հասարակական նշանակության առումով: Երբեմն Սևանա լճի վերաբերյալ ընդունվում են որոշումներ, երաշխավորություններ, որոնք, ըստ էության, հիմնավորված չեն ոչ գիտականորեն, ոչ էլ բխում են անհրաժեշտ խնդիրների լուծման անհրաժեշտությունից: Քանի որ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը Գիտությունների ազգային ակադեմիայում է, մենք կազմակերպեցինք այս քննարկումը, որպեսզի հնարավորին թվով մասնագետներ և գործին տեղյակ մարդիկ ներկա լինեն, և հնչեցնենք այն կարևոր խնդիրները և առաջարկությունները, որոնք կներկայացնենք կառավարությանը և համապատասխան մարմիններին»,- իր ելույթում, մասնավորապես, ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:
«Սևանա լճի հիմնախնդիրները խիստ արդիական են, քանի որ գոյություն ունեն Սևանա լճի մակարդակի բարձրացման հարցերը, որոնցից առաջին հերթին կախված է ջրի որակը: Այս տարի մենք ականատես եղանք Սևանա լճի մեծ մասշտաբի ծաղկմանը կապտականաչ ջրիմուռներով: Լուրջ խնդիր է նաև լճում կենսառեսուրների ոչ պատշաճ մակարդակի պահպանությունը:

Սևանա լճի հիմնախնդիրները մինչ այժմ դիտարկվել են հիմնականում մեր տարածաշրջանի խնդիրներից առանձին: Եվ մենք տեսնում ենք այսօր, թե ինչքանով կապված են Արարատյան դաշտի ոռոգման, ձկնաբուծության խնդիրները Սևանա լճի պահպանության խնդիրների հետ:

Այս խնդիրներին ավելացել է կլիմայի փոփոխության խնդիրը, և մենք գիտակցում ենք, որ համակարգային մոտեցում է պետք ունենալ այդ բոլոր հարցերի նկատմամբ»,- ասաց ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը:

Սևանա լճի հիմնախնդիրների, ինչպես նաև Արարատյան դաշտի ոռոգելի հողատարածքների և ոռոգման ջրի խնդիրների վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ, «Հայջրնախագիծ» ՓԲԸ խորհրդի նախագահ Յուրի Ջավադյանը, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը, ՀԱԱՀ «Հ.Պետրոսյանի անվան Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի տնօրեն Հունան Ղազարյանը, «Հայջրնախագիծ» ՓԲԸ-ի, «ՄԵԼ-ՀՈՎ» ՍՊԸ-ի տնօրեն Վլադիմիր Թադևոսյանը: Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրենի տեղակալ Հրաչյա Ասցատրյանը, «Խիմմաստեր» ՍՊԸ-ի նախագահ Մանվել Գաբրիելյանը:

Կլոր սեղանն ընդունեց բանաձև, որում նշված է. «Կլոր սեղանի մասնակիցները՝ լսելով Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահի հաշվետվությունը, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպությունների ղեկավարների, նախարարությունների և այլ հաստատությունների, ինչպես նաև գիտական հանրության ներկայացուցիչների ելույթները, եկան հետևյալ եզրակացությունների.

1. Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովն ուսումնասիրել, քննարկել և եզրակացություններ է տվել հետևյալ հարցերի շուրջ.
• Սևանա լճի մակարդակի իջեցման կանխարգելման և լճի մակարդակի օրենքով սահմանված չափով բարձրացման առաջընթացն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել՝
ա) ջրի տակ մնացած շենք-շինությունների ապամոնտաժում և հատված ծառերի արմատների հեռացում
բ) ջրօգտագործման կառավարման, անկորուստ և արդյունավետ օգտագործման, դերիվացիոն և մայր ջրանցքների գլխամասերում ջրաչափման գործընթացների ավտոմատացված համակարգի ստեղծման նպատակով ջրաչափական հանգույցներով կահավորում:
• «Սևան» ազգային պարկի գիտական ներուժի և ՀՀ ԳԱԱ-ի համապատասխան ինստիտուտների հետ նրա համագործածության վերականգնման հզորացում
• Սևանա լճի պարտադիր վեց մետր և ավելի բարձրացման դրույթի իրականացման և «Սևանա լճի մասին ՀՀ օրենքով» նախատեսված գործառնական գոտիների համար ամրագրված սահմանափակումների ապահովում
• Նախկինում ստեղծված Սևանի և նրա ջրհավաք ավազանի մշտադիտարկումների տվյալների միասնական էլեկտրոնային շտեմարանի ընթացիկ սպասարկման շարունակում՝ կառավարության կողմից լիազորված Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում մշտադիտարկումներ կատարող կազմակերպությունների կողմից ներկայացված տվյալների հիման վրա
• Արփա-Սևան թունելի վերականգնողական աշխատանքների գործընթացների վրա վերահսկողության սահմանում
• Ջրավազանի գետերում կառուցված ՓՀԷԿ-ի մինիմալ հոսքերի և ձկնանցարանների տեխնիկական վիճակի կարգավորման գործընթացի վրա վերահսկողության սահմանում:

2. Զեկուցողները ներկայացրեցին իրենց հաստատություններում կատարված ուսումնասիրությունների արդյունքները.

• ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի կողմից իրականացվում են Սևանա լճի ջրհավաք ավազանում և ազդեցության գոտում օգտակար հանածոների շահագործման գեոէկոլոգիական ռիսկերի, ջրաերկրաքիմիական, երկրաբանական վտանգավոր երևույթների գնահատման աշխատանքներ, քննարկվում են օգտակար հանածոների հանքավայրերի սահմաններում նախատեսվող աշխատանքների կատարման նախագծերը։ Առաջարկվում է խստացնել շահագործվող հանքավայրերում էկոլոգիական նորմերի պահպանման վերահսկողությունը և նախկինում շահագործված հանքավայրերի տարածքներում իրականացնել ռեկուլտիվացիոն աշխատանքներ:

• ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը կատարում է ուսումնասիրություններ՝ ուղղված Սևանա լճի կենսառեսուրսների և լճի էկոհամակարգի և ջրհավաք ավազանի վիճակի գնահատմանը, ինչպես նաև ՀՀ կառավարությանը պարբերաբար ներկայացնում է առաջարկություններ և գնահատականներ այդ հարցերի շուրջ:

Հաշվի առնելով, որ թվարկված միջոցառումների իրականացումը կրում է շարունակական բնույթ, Սևանա լճի և ջրավազանի էկոհամակարգի և էկոլոգիական հավասարակշռության հետ առնչվող խնդիրների լուծման նպատակով, այդ թվում՝ հանձնաժողովի հետագա գործունեության ընթացքում առաջարկվում է.
1. Ձեռնարկել Սևանա լճի ափերի մաքրման անհետաձգելի միջոցառումներ, իրականացնել բացատրական աշխատանքներ բնակչության շրջանում՝ լճի և նրա ափերի կենցաղային աղբից մաքրման վերաբերյալ:
2. Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի բնօգտագործման նորմավորման ու կանոնակարգման միջոցով լճի էկոհամակարգի և դրա առանձին բաղադրիչների վրա անթրոպոգեն բացասական ներգործությունների (այդ թվում՝ աղտոտվածության) նվազեցում:

3. Հատուկ ուշադրություն դարձնել «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածում նշված կետերի կատարման գործընթացների վրա, մասնավորապես՝ շուրջ 300 մշտական գործող հանգստի և զվարճանքի վայրերից (հյուրանոցներ, ռեստորաններ և այլն) կեղտաջրերի մաքրման կայանների կառուցում:
4. Լճում ձկան պաշարների վերականգնման և խեցգետնի արդյունագործական պաշարների հետագա անկումը կանխելու նպատակով ահրաժեշտ է անհապաղ բարեփոխել ապօրինի ձկնորսության դեմ պայքարի մոտեցումները և լճում գոյութուն ունեցող ձկնորսության համակարգը:

5. Սևանա լճի ավազանում, Վարդենիս, Մարտունի և Գավառ քաղաքներում կառուցված կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայանների արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է նախատեսել բնակավայրերի կոյուղային ցանցերի և կենսաբանական մաքրման կայանների կառուցում:
6. Շարունակել շտեմարանի ստեղծման համար օգտագործված ծրագրային հարթակի լրամշակման գործընթացները և կատարել շտեմարանի տեխնիկական սպասարկում, այն է՝ թարմացնել օգտագործվող ծրագրային փաթեթները և շտեմարանում մշտադիտարկումների տվյալների գրանցումն ու պահպանումը:
7. Նախատեսել Սևանա լճի և ավազանի գետերի ջրի մակարդակի մոնիտորինգի ավտոմատացված համակարգի մշակում և իրականացում – նպատակային հայտի քննարկում, Սևանա լճի ավազանի Գեոպարկի ստեղծման գաղափարի ներկայացում»։

13:41 Նոյեմբեր 03, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news