Բարդուխ Գաբրիելյանը` Սևանա լճի վրա ցանցավանդակային ձկնաբուծության ազդեցության մասին

Բարդուխ Գաբրիելյանը` Սևանա լճի վրա ցանցավանդակային ձկնաբուծության ազդեցության մասին

ԷկոԼուր

«Այն ասեկոսեն, որ Սևանա լճում տեղադրված ցանցավանդակներն են Սևանա լճի ծաղկման պատճառը, չի համապատասխանում իրականությանը: Այսօր այդ ցանցավանդակներից Սևանա լիճ ֆոսֆորի մուտքը կազմում է 0,1 տոկոսից քիչ, ինչը չի կարող հանգեցնել ամբողջ Սևանա լճի ծաղկմանը: Լճի ծաղկումը պայմանավորված է եղել ջերմաստիճանային բարձր ֆոնով, մակարդակի իջեցմամբ և ֆոսֆորի ավելացմամբ»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:

Նշենք, որ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը «Սևանի իշխան» և «Սևան Ակվա» փակ բաժնետիրական ընկերությունների միջոցով Սևանա լճում ցանցավանդակային եղանակով իշխան է աճեցնում:

«Ցանցավանդակային եղանակով ձկնաբուծությունը, ինչպես և մարդու ցանկացած այլ գործունեություն իր մեջ պարունակում է որոշ ռիսկեր: Ցանցավանդակային ձկնաբուծության հիմնական ռիսկը ձկան արտաթորանքի միջոցով կենսածին տարրերի, որի մեջ մտնում է ֆոսֆորը, մուտքն է լիճ: Մեր կողմից և այլ կազմակերպությունների կողմից իրականացվում է մոնիտորինգ, գնահատվում է ասիմիլիացիոն ինչքան ֆոսֆոր կարող է ներմուծվել լիճ ցանցավանդակային ձկնաբուծության կողմից ինչքան ձկան դեպքում: Մենք անում ենք համապատասխան հաշվարկները, գնահատում ենք Սևանա լճի էկոհամակարգի վրա ցանցավանդակային տնտեսության ազդեցությունը և ներկայացնում ենք «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամին և պատասխանատու մարմիններին»,- ասաց Բարդուխ Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 2013-2017 թթ.Սևանա լճում ցանցավանդակային ձկնաբուծթյան համալիր ծրագիրն իրականացնելու նպատակով վերոնշյալ հիմնադրամին որպես նվիրաբերություն հատկացվել է 9,0 միլիարդ դրամ:

16:09 Նոյեմբեր 07, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news