Սևանա լիճը բացասական հաշվեկշիռ ունի

Սևանա լիճը բացասական հաշվեկշիռ ունի

ԷկոԼուր

Դեկտեմբերի 3-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը 4 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա մակարդակից: Լճի մակարդակը կազմում է 1900.41 մ նախորդ տարվա 1900.45մ-ի փոխարեն: Այս տարի լճի մակարդակն իր ամենաբարձր նիշին հասել է հունիսի 21-ին` կազմելով 1900.85 մ: Հավելյալ ջրառի և գոլորշիացման արդյունքում Սևանա լճի մակարդակը մինչ օրս իջել է 44 սմ-ով: Եթե այս թիվը վերածենք ջրի քանակի, հաշվի առնելով փորձագիտական հաշվարկը` 1սմ-ն հավասար է 13 միլիոն խմ ջուր, ապա կստացվի, որ լճից 2018թ-ին պակասել է 572 միլիոն խմ ջուր:

Նշենք, որ 2017թ-ին Սևանա լիճը նույնպես գրանցեց բացասական հաշվեկշիռ 100 միլիոն խմ հավելյալ ջրառի և գոլորշիացման արդյունքում ամենաբարձր 1900.91 մետր նիշից իջնելով մինչև 1900.42 մ:
Հիշեցնենք, որ դեռևս 2001թ-ին ընդունված «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքի 5.1-ի համաձայն պետք է Որոտան-Արփա հիդրոհանգույցի շահագործման շնորհիվ Սևանա լիճ տարեկան լրացուցիչ տեղափոխվեր մինչև 165 միլիոն խմ ջուր, Արփա – Սևան ջրատարի աշխատանքի շնորհիվ`մինչև 300 միլիոն խմ: Արդյունքում Սևանա լիճը տարեկան պետք է բարձրանար 21.6 սմ-ով:

Որոտան-Արփա հիդրոհանգույցը թեպետ կառուցվել է, սակայն մինչ օրս չի շահագործվել: Արփա-Սևան ջրատարում 2010թ-ից իրականացվում են հիմնանորգման աշխատանքներ, և Սևանա լիճ թունելով միայն առանձին օրեր է ջուր հոսել: Նախատեսվում է, որ 2019 թ-ի ապրիլին կավարտվի Արփա-Սևան թունելի վերանորոգումը, և թունելը կաշխատի իր ամբողջ հզորությամբ: Ըստ պաշտոնական աղբյուրների` թունելը մինչև 270 միլիոն խմ լրացուցիչ ջուր կտեղափոխի Սևանա լիճ:

17:51 Դեկտեմբեր 03, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news