ԷկոԼուր
Հայաստանյան շուկայում վաճառվում են սիգ ձկնատեսակից պատրաստված պահածոներ, այն դեպքում, երբ արդեն երկար տարիներ սիգի արդյունագործական որսն արգելված է: «Սևանի սիգ» կոչվող պահածոները «Հյուման Ռայթս Հաուս Երևան»-ում հանրային հաշվետվության ժամանակ ցուցադրեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը:
Նա նշեց, որ դրանք անգամ արտահանվում են: «Բոլորն արտադրվել են 2018 թ-ին, մեկը՝ Արծվանիստում, մյուսը՝ Ծովագյուղում: Եթե որսն արգելված է, որտեղի՞ց այն շուկայում, ինչպե՞ս է արտահանվում…հարցեր են առաջանում: Որպեսզի այս արտադրանքը պատրաստվի, պետք է լինի վաճառող, պետք է օրինական կերպով ձեռք բերես, բայց սիգի որսն արգելված է, ո՞նց ես ձեռք բերել: Բացի այդ, պետք է անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացվի, որպեսզի պարզվի դրա անվտանգությունը»,- ասաց Արթուր Գրիգորյանը: Նա հայտնեց, որ իր պաշտոնավարման ժամանակ պահածոները ներկայացվել են ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, Սննդամթերքի անվտանգության տեսչություն՝ պարզելու համար, թե ինչպես են դրանք հայտնվել շուկայում:
Արթուր Գրիգորյանը, որ իր ղեկավարմամբ տեսչությունը պատրաստվում էր համալիր ստուգումներ անցկացներ Սևանա լճի տարածքում: Արդեն արված էին նախնական ուսումնասիրությունները: «Սևան ազգային պարկին հարակից մեծ տարածքներ են վարձակալված, ասում են, օրինակ, էս մեկը Վովա Գասպարյանինն է, էն մյուսը՝ Սեյրան Օհանյանինը, դա ձգվում է մինչև Լիճք: Մենք պետք է համալիր ստուգում իրականացնեինք Սևանա լճում՝ սկսած տարածքներից, շարունակած ձկան պաշարների հետ կապված հարցերով, վերջացրած Սևանի իշխանի ցանցավանդակային ծրագրով: Այն գովերգվում է որպես հրաշալի ծրագիր: Մենք ահագին ուսումնասիրություններ ենք իրականացրել, հետազոտական լուրջ ինֆորմացիա կա այդ ծրագրի մեծագույն խնդիրների մասին: Մենք պետք է այս բոլոր խնդիրները դնեինք սեղանին և տայինք լուծումներ, պետք է գնահատեինք ափամերձ ռեստորանային համալիրների կառուցման օրինականությունը, որոնց ամբողջ կեղտը լցվում է Սևան…
Խեցգետնի հետ կապված, ձկնաբուծարանում, անունը չեմ ուզում ասել, իրականացրել ենք ստուգում, պարզել, որ ինքը ձեռք է բերում խեցգետին և տրամադրում է մեկ այլ ընկերությանը, որը մեկ այլ ջրամբարում պահում է: Իքս քանակի խեցգետին է ձեռք բերվում և դրանից տասնապատիկ անգամ ավելի արտահանվում: Այդ ի՞նչ ձագեր են բերում, ի՞նչ արտադրողականություն ունեն, որ այդքան արտահանում են, ո՞ւմից են ձեռք բերում և ի՞նչ քանակությամբ, արդյո՞ք նույն քանակությամբ, որ պայմանագրում նշված է: Մենք պետք է ստուգեինք այդ բոլորը», - ասաց տեսչական մարմնի նախկին ղեկավարը:
Փետրվար 13, 2019 at 20:10