Գեղարքունիքի մարզի դատախազությունում քննարկվել են ապօրինի ծառահատումներին և ապօրինի ձկնորսությանը վերաբերող հարցերը

Գեղարքունիքի մարզի դատախազությունում քննարկվել են ապօրինի ծառահատումներին և ապօրինի ձկնորսությանը վերաբերող հարցերը

ԷկոԼուր

ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազությունում մարտի 26-ին անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապօրինի ծառահատումների և ապօրինի ձկնորսության դեմ պայքարում իրավապահ մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների hամագործակցության ուղղությունները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը:

Քննարկմանը մասնակցել են մարզպետի տեղակալը, ՀՀ ոստիկանության և ՀՀ ՔԿ մարզային վարչությունների ղեկավարները, ինչպես նաև Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս և Ճամբարակ քաղաքային համայնքների ղեկավարները։

Ապօրինի ծառահատումների հետ կապված քննարկման շրջանակներում մարզի դատախազը մտահոգիչ է համարել հատկապես Ճամբարակի տարածքում առկա իրավիճակը՝ հաշվի առնելով, որ վերջին 3 տարվա ընթացքում այս տարածաշրջանում 900-ից ավելի ապօրինի ծառահատման դեպք է արձանագրվել: Գեղարքունիքի փոխմարզպետը հավելել է, որ մարզի տարածքում գործում են փայտամշակման արտադրամասեր, որոնց կողմից փայտանյութի ձեռքբերման օրինականության ստուգման անհրաժեշտություն կա:  Խնդիր է դրվել սեղմ ժամկետում համապատասխան տարածքներում տեղակայել հսկիչ պահակետեր՝ ինչպես ապօրինի ծառահատումները թույլ չտալու, այնպես էլ փայտանյութի տեղափոխման օրինականությունն ստուգելու նպատակով:

Խորհրդակցության արդյունքում խնդիր է դրվել նաև ակտիվացնել պայքարը ապօրինի ձկնորսության դեմ: Մարզի դատախազը անհանդուրժելի է համարել այն իրողությունը, որ 2019թ. ընթացում ապօրինի ձկնորսության դեպքերով հարուցվել է 43 քրեական գործ, որից 35-ի դեպքում բացահայտումն ապահովել են այլ տարածքների հետաքննության մարմինները: Ըստ Ռաֆայել Երիցյանի՝ այդ հանգամանքը փաստում է մարզի իրավապահ մարմինների և բնապահպանության համապատասխան ծառայությունների կանխարգելիչ, հսկողական աշխատանքների, համապատասխան պահակետերում իրականացվող ստուգումների անարդյունավետության մասին: Ոստիկանության մարզային վարչության պետը հավաստիացրել է, որ այս ուղղությամբ աշխատանքներն առավել կակտիվացվեն և կոնկրետ արդյունքներ կլինեն:    

17:09 Մարտ 26, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news