Սեյրան Մինասյան` Սեւանա լճում կարդինալ իրավիճակ է փոխվել

Սեյրան Մինասյան` Սեւանա լճում կարդինալ իրավիճակ է փոխվել

ԷկոԼուր

«Այն, ինչ կատարվել է Արարատյան դաշտի ստորերկրյա ավազանի հետ և այն, ինչ հիմա կատարվում է Սևանի հետ,  խոսում է մեր վատ տնտեսվարության, վատ կառավարման մասին»,- հուլիսի 4-ին ԷկոԼուրի «Բիբլիական աղետ» ֆիլմի շնորհանդեսի ժամանակ ասաց անկախ փորձագետ Սեյրան Մինասյանը:

«Կա Հրազդան գետը, կա Սևջուր գետը, կա Վեդին, կա Ազատը, Արաքսից ջուրը վերցնում են, մի հատ էլ Սևանից բաց են թողնում: Երկու ամիս առաջ Արարատյան ստորերկրյա ավազանի վերևի հատվածում այլևս ջուր չկար, Սևանից պետք էր ջուր բաց թողնել...դա շանտաժով ընդունվեց: Անցավ երկու ամիս կառավարությունը որոշում է նոր հորեր գործարկել առանց բացատրության: Եթե Սևջուր գետի վերին հատվածում ջուր չկա, հիմա այս 100 հորն էլ բացեցիք, այնտեղ ինչքա՞ն ջուր կմնա: Սա արվում է այն պատճառով, որպեսզի հունվար ամսին նորից Սևանի հարցը բարձրանա»,- ասաց Ս. Մինասյանը:

Փորձագետի կարծիքով՝ այդ ամենը դիտավորյալ է արվում, դիտավորյալ ոչնչացվում է Արարատյան դաշտի ստորերկրյա ավազանը և Սևանա լիճը` որպես հայ ժողովրդի գոյության, ապրելու կենսական տարածք:

«Սևանա լճի մասին խոսում են մի այն մի չափանիշով՝ ջրի քանակով, սանտիմետրով: Դա մետրի և սանտիմետրի խնդիր չէ, դա ջրային էկոհամակարգ է իր ամբողջության մեջ,մարդկանցով, բնությամբ, կենդանիներով, ամեն ինչով:  21-րդ դարն է, մարդիկ վաղուց անցել են էկոհամակարգային մոտեցման, իսկ մեզ մոտ ընդամենը սանտիմետր է: Վեջիվերջո, տարեկան մոտ 7-8 միլիարդ խ/մ քաղցրահամ ջուրը թույլ է տալիս այս մեր 30 000 քառ. կմ վրա մինչև 8 միլիոն մարդ ապրի: Սա է մեր կենսական տարածքը, բայց մենք այս 3 միլիոնով չենք կարողանում այդ 8 միլիարդը ճիշտ օգտագործել: Վերցնենք Ջրպետկոմի 2013 թ-ի հաշվետվությունը, որը նայում ենք, 80 տոկոսի կորուստ է, և որպես նվաճում գրված է` 81.4 -ը դարձել է 79.8: Այսինքն, մենք ունենք ջրի 80 տոկոսի կորուստ, բայց գնում Սևանից նորից վերցնում ենք, Արարատյան դաշտից նորից վերցնում ենք: Վերջին հաշվետվությամբ 1 միլիարդ 850 միլիոն Արարատյան դաշտի ստորերկրյա ավազանից վերցրել են, հիմա նորից վերցնում ենք: Ի՞նչ ենք ուզում անել... ինձ մոտ այն տպավորությունն է, որ պարզապես բերվում է մի վիճակի, որ այստեղից մարդիկ ընդհանրապես գնան, խոսքը նույնիսկ պետության մասին չէ, խոսքը կառավարության մասին չէ, բերվում է մի վիճակի, որ մարդ այստեղ չկարողանա գոյություն ունենալ, չկարողանա ապրել մի 5 տարվա կտրվածքով: Պատասխանատու ասում եմ՝ բնության մեջ ուղիղ գծային պրոցեսներ չեն լինում:  Ես հիմա այլևս չեմ անհանգստանում այդ ձկնաբուծական ծրագրի համար: Մի 2-3 տարի հետո սաղմոն ձուկ պահելու համար լճի ջրի որակը բավարար չի լինելու: Մենք Սևանա լճի էկոհամակարգի համար 60-ական թվականներին միլիարդավոր դոլարներ ենք ծախսել, կառուցել ենք Արփա-Սևան թունելը, իսկ այսօր մեկ չափանիշ կա՝ սանտիմետր: Այդ 6,5 մետրի պահը անցել է արդեն, այդ 6,5 -ը կար այն ժամանակ, որբ Սևանա լճում կար  20-30 հազար տոննա տարեկան վերարտադրվող ձկնապաշար: Այսօր դա չկա: Կարդինալ իրավիճակ է փոխվել: Մյուս կարդինալ իրավիճակն այն է, որ անտառները մնացել են ջրի տակ: Այնքան անազնիվ ենք, որ 20 սմ -ն էլ համարում ենք նվաճում, որ իբր 20 սմ-ն բարձրացել է: Իրականում կորեկցիա է եղել: Ոչ մի 20 սմ հավելյալ բարձրացում չի եղել: Այդքանից հետո թույլ տվեք չհավատալ ցանկացած նախարարի, ցանկացած նախագահի, ցանկացած մասնագետի ասածի: Հրազդան գետի բնական ելքը եղել է տարեկան 80-90 միլիոն խմ, դրանից ավելի Սևանից ջուր չպետք է վերցնել: Հիմա եկել ենք մի վիճակի, որ վատ ենք կառավարում և եթե չկառավարենք, կարող է ավելի լավ լինել»,- իր ելույթում մասնավորապես նշեց փորձագետը: 

Սեյրան Մինասյանն առաջարկում է մոդելավորել Սեւանա լճի էկոհամակարգի դինամիկան, բոլոր սցենարները հաշվի առնել եւ ընտրել լավագույն սցենարը:

Սեյրան Մինասյանի ողջ ելույթը` տեսանյութում:



18:15 Հուլիս 04, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news