Կմշակվի Սևանա լճում ձկնային ռեսուրսների վերականգնման և կայուն օգտագործման գործողությունների պլան

Կմշակվի  Սևանա լճում ձկնային ռեսուրսների վերականգնման և կայուն օգտագործման գործողությունների պլան

ԷկոԼուր

Մարտի 23-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ՀՀ բնապահպանության նախարարին 2-ամսյա ժամկետում մշակել և ներկայացնել Սևանա լճում ձկնային ռեսուրսների վերականգնման և կայուն օգտագործման գծով գործողությունների պլան՝ հստակ ժամանակացույցով և չափելի ցուցանիշներով: Վարչապետը հանձնարարեց նաև ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություններ «Սևան» ազգային պարկի հիման վրա կենսոլորտային արգելոցի ստեղծման հիմքերի վերաբերյալ և գնահատել «Սևան» ազգային պարկի տնօրինության աշխատանքի արդյունավետությունը:

Անդրադառնալով Սևանա լճի և հարակից տարածքների սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ գործադիրի ղեկավարը նշեց. «Սևանա լիճը և հարակից տարածքները ունեն ոչ միայն բնապահպանական և սոցիալական առանցքային նշանակություն, այլ նաև լուրջ տնտեսական ներուժ՝ հատկապես զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Այսօր այդ տարածքները ոչ միշտ են արդյունավետ օգտագործվում»:

Վարչապետը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին և գործադիր բոլոր շահագրգիռ մարմինների ղեկավարներին 2-ամսյա ժամկետում մեկ անգամ ևս քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության նախագիծը` շեշտադրելով տնտեսական բաղադրիչը և Սևանա լճի բնապահպանական բացառիկ դերն ու նշանակությունը։ Ֆինանսների և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին հանձնարարվել է 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել «Սևան» ազգային պարկի տարածքում տնտեսական գործունեության իրականացման հատուկ կարգավիճակի վերաբերյալ առաջարկություններ, այդ թվում նախատեսելով գույքահարկով հարկման մեխանիզմների և հարկային քաղաքականության վերաբերյալ ճկուն մոտեցում: Կարեն Կարապետյանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարել է 1-ամսյա ժամկետում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացնել «Սևան» ազգային պարկի տարածքում զբոսաշրջային զարգացմանն ուղղված հատուկ ծրագիր և գործողությունների պլան։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետին վարչապետը հանձնարարել է 1-ամսյա ժամկետում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեին տրամադրել ներդրումային ծրագրերի իրականացման համար նպատակահարմար գոտիներում փաստացի իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն: ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահն էլ 2-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ պետք է ներկայացնի առաջարկություններ «Սևան» ազգային պարկի կենտրոնական գոտում ներդրումային ծրագրերի իրականացման համար նպատակահարմար գոտիների առանձնացման վերաբերյալ՝ հիմք ընդունելով Սևանա լճի կենտրոնական գոտում կառուցապատման համար նախատեսված տարածքների գոտիավորման նախագիծը: «Նախ գույքագրելու ենք Սևանա լճի ամբողջ տարածքը: Կան բազմաթիվ ակտիվներ, որոնք չեն աշխատում և հատուկ հարկային դաշտ ենք ստեղծելու, որտեղ մենք պրոգրեսիվ հարկերով դրդելու ենք ակտիվ ունեցող մարդկանց գործ անել: Շատ խիստ պետք է կարգավորենք վարձակալության տրված տարածքների հետ կապված հարցը, քանի որ դրանք յուրաքանչյուր մարդ իր քմահաճույքով կամ ճաշակով ցանկապատում է: Նորմալ պայմաններ է պետք ստեղծել ներդրումների համար»,-ընդգծել է վարչապետը: Այս մասին տեղեկանում են ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:

Մարտ 23, 2017 at 19:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր