Ջրային տնտեսության պետական կոմիտեն հակասական հիմնավորումներ է տալիս Ազատի ջրամբարի լցվածության վերաբերյալ

Ջրային տնտեսության պետական կոմիտեն հակասական հիմնավորումներ է տալիս Ազատի ջրամբարի լցվածության վերաբերյալ

«S.O.S. Գառնի» նախաձեռնություն

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեն հակասական հիմնավորումներ է տալիս Ազատի ջրամբարի լցվածության վերաբերյալ: Մի հիմնավորումը վերաբերում է Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրին, մյուսը` Սևանա լճից հավելյալ 100 միլիոն մ3 ջուր բաց թողնելուն:

«S.O.S. Գառնի» նախաձեռնությունը նամակով դիմեց Ջրային տնտեսության պետական կոմիտեին, որում ասվում էր, որ Քաղցրաշեի ծրագիրը ջուր կվերցնի Ազատ գետից, ինչի պատճառով Ազատի ջրամբարը քիչ կլցվի և չի ապահովի Արարատյան դաշտի և Երևանի մերձակա տարածքների 7100 հեկտար հողերի ոռոգումը: Առանց այն էլ Ազատի ջրամբարի ջուրը ոռոգման համար չի բավականացնում: Ջրային տնտեսության պետական կոմիտեն իր պատասխան նամակում վստահեցնում է, որ Ազատի ջրամբարը հավելյալ ջուր ունի, որը կուղղվի Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ: «…Իրականում 2016թ-ին Ազատի ջրամբարի առավելագույն լցվածությունը և ջրթափը սկսվել է մայիսի 12-ին և շարունակվել մինչև հունիսի վերջ: Հիշյալ ժամանակահատվածում Ազատի ջրամբարից դիտարկվել է մինչև 10-14մ3/վ քանակությամբ ջրթափ, և այդ ջրաքանակների գերակշիռ մասը դուրս է հոսել Հայաստանի սահմաններից: Քաղցրաշեն ինքնահոս համակարգի կառուցմամբ հնարավոր կլինի կանխել այդ հոսքերը, քանի որ ֆիզիկապես նաև այդ նույն ջրաքանակներն են ուղղվելու Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի սպասարկմանը»,- մասնավորապես նշված է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նամակում:

Միևնույն ժամանակ, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, հիմնավորելով Սևանա լճից հավելյալ 100 միլիոն մ3 բաց թողնելու որոշումը, լրագրողների հարցերին պատասխանելով, ասաց. «…Կոնկրետ Ազատի ջրամբարում մոտ 17 միլիոնի խնդիր կա։ Կլիման բավականին տարբերվել է նախորդ տարվա համեմատ մենք ունենք արտակարգ իրավիճակներից տեղեկատվություն, որով մոտ 20 տոկոս վիճակը ավելի է ծանրացել…»:

Եթե Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի մտահոգությունները ճիշտ են, որ մենք ունենք ջրի դեֆիցիտ, և դրա համար անհրաժեշտ է Սևանա լճից հավելյալ ջուր վերցնել, ապա Կոմիտեն պետք է, միանշանակ, հրաժարվի Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրից: Իսկ եթե Ազատի ջրամբարը հավելյալ ջուր ունի, ինչպես նշված է Ջրպետկոմի նամակում, ապա Սևանա լճից հավելյալ ջուր վերցնելու վերաբերյալ օրենքի նախագծի` Ջրպետկոմի հիմնավորումները չեն համապատասխանում իրականությանը: ՀՀ կառավարությունը պետք է անվավեր ճանաչի Ջրպետկոմի մշակած հիմնավորումները Սևանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ և հետ կանչի ՀՀ ԱԺ ներկայացրած օրինագիծը:

«S.O.S. Գառնի» նախաձեռնությունը միանում է «S.O.S. Սևան» նախաձեռնությանը:

16:24 Հունիս 29, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news