Գեղարքունիք համայնքի «Աժդահակ» բնապահպանական կենտրոնը բողոքի ակցիա անցկացրեց` ի պաշտպանության Սևանա լճի

Գեղարքունիք համայնքի «Աժդահակ» բնապահպանական կենտրոնը բողոքի ակցիա անցկացրեց` ի պաշտպանության Սևանա լճի

ԷկոԼուր

Հուլիսի 1-ին Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքի «Աժդահակ» բնապահպանական կենտրոնը բողոքի ակցիա անցկացրեց` ի պաշտպանության Սևանա լճի:

ԷկոԼուրին ուղղված կենտրոնի հաղորդագրության մեջ ասված է. «Սևանա լճի հարակից տարածքում գործող «Աժդահակ» բնապահպանական կենտրոնի անդամները հուլիսի 1- ին իրենց բողոքի ձայնը բարձրացրին Սևանա լճից հավելյալ ջրառի դեմ: Նրանք խոսեցին հավելյալ ջրառի դեպքում Սևանա լճին սպառնացող վտանգների մասին: Գրեցին թեմատիկ պաստառներ և երթով, իրենց ստորագրություններով, բողոքի ձայնով միացան «SOS Սևան» բնապահպանական շարժմանը: Չնայած գյուղատնտեսական զբաղվածությանը` մեծահասակների մի խումբ ևս միացավ շարժմանը՝ ո′չ ասելով հավելյալ ջրառին…»:
Կենտրոնի ղեկավար Նելլի Դռնոյանը ԷկոԼուրին հայտնեց, որ մարդիկ անտեղյակ էին խնդրին: «Մարդիկ անտեղյակ են, երբ ներկայացրեցինք, թե ինչքան ջուր են ուզում վերցնել լճից, բոլորը դեմ արտահայտվեցին: Մեր ողջ գյուղը դեմ է Սևանից հավելյալ ջրառին»,- ասաց Նելլի Դռնոյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի հուլիսի 4-ի նիստի օրակարգում ընդգրկվել է ՀՀ կառավարության մշակած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով նախատեսվում է 2017թ-ին Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն մ3 առավելագույն ջրառից բացի 100 միլիոն մ3 լրացուցիչ ջուր բաց թողնել:

Հուլիս 03, 2017 at 11:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր