Սևանում սիգի պաշարներն ավելանում են դանդաղ տեմպերով, իսկ իշխանի բնական վերարտադրություն չկա

Սևանում սիգի պաշարներն ավելանում են դանդաղ տեմպերով, իսկ իշխանի բնական վերարտադրություն չկա

ԷկոԼուր

Սևանա լճում այս տարի նկատվում է ընդհանուր ձկնային պաշարների ավելացում` ի հաշիվ սիգի և իշխանի: Նախնական տվյալներով` սիգի արդյունագործական պաշարը կազմում է 550 տոննա` 2016 թ-ի 450 տոննայի փոխարեն, իշխանինը` 15-16 տոննա` 2016 թ-ի 1.5 տոննայի փոխարեն: Տվյալները մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիային գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:

«Սիգի արդյունագործական պաշարներն անցյալ տարվա համեմատ ավելացել են ընդամենը 100 տոննայով: Մենք չունենք պաշարների ավելացում այն քանակությամբ, որքան իր պոտենցիալն է, որովհետև անկառավարելի որսն ինչպես եղել է, այդպես էլ այս տարի շարունակում է մնալ: Եթե ապահովվեր պատշաճ պահպանություն, ապա կունենայինք մի քանի անգամ ավելի աճ», - ասաց Բարդուխ Գաբրիելյանը: Սիգի որս թույլ տալու համար անհրաժեշտ է, որպեսզի այս ձկնատեսակի պաշարը հասնի ամենաքիչը 1000 տոննայի:

Անդրադառնալով իշխանի պաշարների ավելացմանը` Բարդուխ Գաբրիելյանը նշեց, որ Սևանում իշխանի պաշարներն ավելացել են ի հաշիվ ցանցավանդակներից բավականին մեծ քանակությամբ բաց թողնվող մանրաձկան:

Հիշեցնենք, որ 2016թ-ից սկսած ՀՀ բնապահպանության նախարարության փոխարեն Սևանա լիճ մանրաձուկ է բաց թողնում «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը: Մանրաձուկը աճեցվում է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակներում: 2016թ-ին հիմնադրամը Սևանա լիճ է բաց թողել գեղարքունիի եւ ամառային իշխանի 921 հազար հատ մանրաձուկ:

Ըստ Բարդուխ Գաբրիելյանի` պակասում են կարասի պաշարները: Հիմնական պատճառը ապօրինի որսի աճն է: Այս տարի կարասի արդյունագործական պաշարը գնահատվել է 40 տոննա` 2016 թ-ի 100 տոննայի փոխարեն:

Վատագույն վիճակում են գտնվում կողակի և բեղլուի պաշարները: Այստեղ պատճառը ձվադրավայր հանդիսացող գետերի վատ վիճակն է: «Մենք հիմա չենք կարող գնահատել կողակի քանակները, քանի որ շատ են պակասել, և մեր մեթոդները նույնիսկ թույլ չեն տալիս գնահատել դրանք: Եթե մենք լավացնենք գետերի վիճակը, կլավացնենք նաև նրանց վերարտադրության հարցերը», - ասաց Բարդուխ Գաբրիելյանը:

Նոյեմբեր 28, 2017 at 16:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր