ՀՀ կառավարությունը Սևանից սիգի որսը սահմանեց առավելագույնը 200 տոննա, իսկ որքա՞ն սիգ է արդեն որսվել տարեսկզբից

ՀՀ կառավարությունը Սևանից սիգի որսը սահմանեց առավելագույնը 200 տոննա, իսկ որքա՞ն սիգ է արդեն որսվել տարեսկզբից

ԷկոԼուր

2020թ-ին՝ այսուհետ, Սևանա լճում սիգի արդյունագործական որս իրականացնելու համար ձկնորսները լիճ կկարողանան մտնել «Սևան» ազգային պարկի 17 տեղամասերից: Գործադիրը համապատասխան տեղամասերը և որսի պայմանները սահմանեց հունիսի 18-ի նիստում՝ հաստատելով 2019 թվականի սեպտեմբերի 30-ի «N1293-Լ որոշման Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման 2020 թվականի տարեկան ծրագրի հավելվածը: Որոշումն ընդունվեց այն պարագայում, երբ որոշման նախագիծը www.e-draft.am կայքում 89 տոկոս դեմ քվե է ստացել:

Թեպետ որոշման հավելվածում նշվում է, որ սիգ ձկնատեսակի որսն իրականացվելու է Մեծ Սևանի ամբողջ տարածքով՝ ափից առնվազն 500 մ հեռավորության վրա, սակայն տեղամասերի թվում նշված են նաև Փոքր Սևանի տեղամասեր, մասնավորապես, Դրախտիկի, Ախթամարի, Սևանի, Այրիվանի, Նորատուսի տեղամասերը: Մեծ Սևանից նշված են Նորատուսի, Երանոսի, Վարդենիկի, Ծովինարի, Փամբակի Վարդենիսի, Արեգունու Փամբակի, Արտանիշի տեղամասերը:

Որոշմամբ սահմանվեց.

- Սիգի որսի համար թույլատրելի քաշը պետք է լինի 500 գրամից ոչ պակաս, առավելագույն չափաքանակը՝ 200 տոննա:

- Որսն արգելվում է իրականացնել 2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թ․ մարտի 1-ը՝ հաշվի առնելով ձկների ձվադրման շրջանը:

- Որսն իրականացվելու է դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի):

- Որսն իրականացվելու է օրվա լուսային ժամերին։

- Արգելվելու է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր)։

- Արգելվում է Սևանա լճում արդյունագործական որսը այլ կենդանատեսակների նկատմամբ։

Հարց է առաջանում, թե արդյո՞ք 200 տոննա սիգի արդյունագործական որսի չափաքանակի սահմանման դեպքում հաշվի առնվել է 2020թ-ի ընթացքում արդեն իսկ իրականացված սիգի որսը, ինչն արվում է բացահայտ, հսկողության և վերահսկողության բացակայության պայմաններում, և Երևանի շուկաներում ամեն օր ականատես ենք սիգի ոչ միայն հասուն, այլև մանրաձկան վաճառքին: Եթե այդ հաշվարկը չի արվել, ապա, ըստ էության, այս որոշումը դառնում է իմաստազուրկ:

Հիշեցնենք, որ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը օրերս ԷկոԼուրի հետ զրույցում նշել էր, որ, ըստ էության, արդյունագործական որս չի կարելի անել Սևանում, քանի որ որսվում է մայրական կազմը, որը պետք սերունդ տար: Որսվում է նաև մանրաձուկը: «Ինչպես և նախկինում, ներկայումս շարունակվում է որսագողությունը Սևանա լճում: Նման պայմաններում արդյունագործական որսի պիլոտային ծրագրերը դառնում են անիմաստ»,- ասել էր Բարդուխ Գաբրիելյանը:

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի իրականացրած հաշվարկների համաձայն, եթե 2018թ-ին սիգի արդյունագործական պաշարը լճում գնահատվել է շուրջ 740 տոննա, ապա 2019թ-ին այն նվազել է 9.5% -ով՝ հասնելով 660 տոննայի:

 

 

18:00 Հունիս 18, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news