Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման 2019 թ-ի ծրագրում ջրառի նվազեցմանն ուղղված միջոցառումներ չկան

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման 2019 թ-ի ծրագրում ջրառի նվազեցմանն ուղղված միջոցառումներ չկան

ԷկոԼուր

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված 2019 թ-ի ծրագրում լճից ջրառի նվազեցմանը միտված միջոցառումներ չկան:

2019 թ-ի ընթացքում պետական բյուջեից նախատեսվում է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և բնականոն զարգացման միջոցառումների համար տրամադրել շուրջ 583 միլիոն դրամ:

Ընդ որում, այս գումարը նախատեսված չէ ՀՀ կառավարության կողմից 2018 թ-ի սեպտեմբերին հաստատված «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման 2019 թ-ի միջոցառումների ծրագրի» բոլոր միջոցառումների համար:

Մասնավորապես, 117 միլիոն 62 հազար դրամ կհատկացվի 2019 թ-ին Սևանա լճի ջրածածկման ենթակա 66.8 հա տարածքում անտառամաքրման աշխատանքների իրականացման համար: Նշենք, որ 2018 թ-ին նույնքան գումարի շրջանակներում նախատեսված էր մաքրել ավելի շատ տարածք` 80.24 հա:

«Սևան» ազգային պարկի պահպանության, պարկում գիտական ուսումնասիրությունների և անտառատնտեսական աշխատանքների կատարման ծառայությունների համար կհատկացվի 252 միլիոն 666 հազար դրամ: Նույնքան գումար նախատեսված է եղել նաև 2018 թ-ին:

7 միլիոն 624 հազար դրամ կհատկացվի ձվադրավայր հանդիսացող հիմնական գետերում ձկան վերարտադրման պայմանների ուսումնասիրման, գնահատման և վերականգնամն ուղիների մշակման համար:

Արփա-Սևան թունելի պահպանման և շահագործման նպատակով հավատարմագրային կառավարչի պահպանման ծախսերի համար թե՛ 2018 և թե՛ 2019 թթ-ին նախատեսված է եղել հատկացնել 205 միլիոն 800 հազար դրամ:

Մնացած միջոցառումները` անտառաշերտի հիմնում, ապօրինի և լքված շինություններից լճի ափերի մաքրում, ձկան պաշարների համալրում և մի շարք այլ միջոցառումներ իրականացվելու են որոշ ծրագրերի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

Հիշեցնենք, որ 2017 թ-ին Սևանա լճից շուրջ 100 միլիոն խմ հավելյալ ջրառի արդյունքում արտադրված հավելյալ էլեկտրաէներգիայի վաճաքից գոյացավ 1.6 միլիարդ դրամ, որը, ըստ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, ուղղվել է ՀՀ պետական բյուջե: 2018 թ-ին Սևանա լճից հավելյալ 40 միլիոն խմ ջրառի վերաբերյալ կառավարության քննարկման ժամանակ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ այդ 1.6 միլիարդը կուղղվի Սևանից ջրառի նվազեցման միջոցառումներին: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն էլ նշեց, որ հավելյալ միջոցները կծախսվեն Սևանի բնապահպանական խնդիրները լուծելու համար:

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման 2019 թ-ի միջոցառումների ծրագրում Սևանա լճից ջրառի նվազեցմանը միտված միջոցառումներ նշված չեն:

16:23 Հունվար 24, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news