Սևանա լճի մակարդակը 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից

Սևանա լճի մակարդակը 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից

ԷկոԼուր

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նոյեմբերի 8-ի համեմատ 26 սմ-ով բարձր է և կազմում է 1900.52 մ, լրագրողներին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ 2016 թվականի ընթացքում Սևանա լիճ բաց է թողնվել գեղարքունի և ամառային իշխան տեսակների 719.000 մանրաձուկ, մաքրվել է 52 հեկտար ջրածածկ տարածք:

Խաչիկ Հակոբյանը նշեց, որ նախատեսվում է 3 տարվա ընթացքում մշակել Սևանի, Հյուսիսային, Հրազդանի ջրավազանային տարածքի կառավարման պլանները: «2017 թվականին այդ երեք կառավարման պլանների տեխնիկական առաջադրանքները մենք պիտի արդեն ներկայացնենք: Այստեղ բանակցություններ են ընթանում Եվրամիության Ջրային նախաձեռնության և USAID–ի հետ»,- ասաց բնապահպանության փոխնախարարը:

6 ամսում նախատեսվում է Ախուրյանի ջրավազանային տարածքի կառավարման պլանի հաստատումը: «Սա ներառվել է 2017 թվականի կառավարության ծրագրերը ապահովող միջոցառումների ցանկում, որի արդյունքում նշյալ ջրավազանային կառավարման տարածքում մենք կունենանք ջրային ռեսուրսների խնայողության, պահպանման, կառավարման արդյունավետության բարձրացում, ինչպես նաև ջրաքանակի, ջրածավալների ավելացումներ», - ասաց Խաչիկ Հակոբյանը: Աշխատանքները իրականացվում են Եվրամիության Ջրային նախաձեռնության շրջանակներում և բյուջերի վրա ծանրաբեռնվածություն չի լինելու:

2017 թվականին նախատեսվում է Արարատյան դաշտի 20 ձկնաբուծական տնտեսություններում ներդնել ջրի ավտոմատ կառավարման համակարգ: Այս աշխատանքները նույնպես իրականացվելու են դրամաշնորհային միջոցներով:

17:08 Նոյեմբեր 08, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news