Սևանա լճի ափամերձ տարածքները մաքրելու համար հատկացվել է 570 միլիոն դրամ, սակայն գումարը բավարար չէ

Սևանա լճի ափամերձ տարածքները մաքրելու համար հատկացվել է 570 միլիոն դրամ, սակայն գումարը բավարար չէ

ԷկոԼուր

2019-2021 թթ-ի ծրագրով նախատեսվում է մաքրել Սևանա լճի ափամերձ 750 հեկտար տարածք։ Աշխատանքների համար պետությունը հատկացրել է 570 միլիոն դրամ։ Սակայն, ինչպես հայտնում է ՀՀ կառավարությունը, աշխատանքներն ավելին են, քան նախատեսված էր ծավալով: Ներկայում քննարկվում է ֆինանսավորումն ավելացնելու հարցը:

«Շեղումները երբեմն 10-20 տոկոս են լինում, բայց այս անգամ մենք հանդիպեցինք աննախադեպ կոճղային մի դաշտի, որը կանխատեսել նախապես ուղղակի հնարավոր չէր, - ասում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալԱշոտ Ավալյանը, - 2005 թ-ից վեր երբևիցե մեկ տարվա ընթացքում կատարվող աշխատանքներն այդքան բարդություն չեն պարունակել, ինչքան դա մեզ հանդիպեց 2019 թ-ին»:

Անցյալ տարի մաքրվել է 98 հեկտար, որից միայն 4 հեկտարի վրա են աշխատանքներն իրականացվել ջրային տարածքում: Ափամերձ հատվածներից պետք է դուրս բերվեր 5500 խմ վերգետնյա ու ստորգետնյա ծավալ, բայց պաշարն արդեն գերազանցել է 12000:

«Այս աշխատանքներն իրականացվում են Սևանա լճի մակարդակի բարձրացման հետ զուգահեռ: Նպատակը՝ Սևանա լճի ջրի որակը, մաքրույթունն ապահովելն է», - ասում է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Վարդանյանը:

Կառավարությունը հայտնում է՝ ափամերձ հատվածները նախապատրաստում են, որ լիճն անխոչնդոտ կարողանա բարձրանալ մինչև 1901.5 մետր: ՀՀ վարչապետի հրամանագրով նաև ձևավորվել է աշխատանքային խումբ, որը գույքագրում է Սևանի ափամերձ տարածքների շենք-շինությունները: Առաջիկայում դրանք էլ պետք է հեռացվեն: Մինչև 2029 թ-ը լճի  բարձրությունը պետք է լինի 1903.5 մ:

Նշենք, որ ս.թ. մարտի 6-ի դրությամբ լճի մակարդակը 1900.44մ է, ինչը 3 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից՝ 1900.41մ-ից:



17:39 Մարտ 06, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news