Ջրային կոմիտեի նախագահի պատասխանը՝ «S.O.S Սևան» նախաձեռնության բաց նամակին

Ջրային կոմիտեի նախագահի պատասխանը՝ «S.O.S Սևան» նախաձեռնության բաց նամակին

ԷկոԼուր

Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված «S.O.S Սևան» նախաձեռնության բաց նամակին՝ Սևանա լճի խնդիրների և ջրի դեֆիցիտի վերաբերյալ:

Ինեսսա Գաբայանի պատասխան նամակում նշված է.

«Վերջին տարիներին մայիսի 30-ի, օգոստոսի 1-ի և 5-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը միայն 2017 թ-ին է ավելի բարձր եղել (համապատասխանաբար 13 սմ-ով, 4 սմ-ով և 1 սմ-ով), քան 2018 թ-ին, այն դեպքում, երբ նախորդ 5 տարիներին նույն օրերի դրությամբ լճի մակարդակը մինչև 30 սմ-ով պակաս է եղել, սակայն լճի ինտենսիվ էվտրոֆիկացման երևույթներ չեն նկատվել:

Այս առումով հարկ է նշել, որ ընթացիկ տարվա գարնան ամիսներին լճում ֆոսֆատի և ամոնիումի իոնների կոնցենտրացիաների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դիտված բարձր արժեքներով, այնուհետև ջերմաստիճանի կտրուկ աճով պայմանավորված լճում ինտենսիվ ծաղկման համար նպաստավոր պայմանների ձևավորման մասին Բնապահպանության նախարարությունը նշել էր դեռևս հուլիս ամսին կատարված նախնական հետազոտությունների արդյունքում (նախնական հետազոտության արդյունքները հրապարակվել են նախարարության պաշտոնական կայքում): Ներկայումս ծաղկման երևույթներ չեն դիտարկվում:

Արարատյան դաշտի և հարակից նախալեռնային գոտիների շուրջ 35,6 հազար հեկտար հողատարածքների ոռոգման ջրամատակարարումն իրականացվում է Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սկիզբ առնող ոռոգման ջրանցքների համակարգերով, որոնցում ընդհանուր ջրակորուստը կազմում է շուրջ 57 %:

Լճի մակարդակի դրական հաշվեկշռի և էկոլոգիական հավասարակշռության վերականգնման/պահպանման ապահովման նպատակով Ջրային կոմիտեն 2010 թ-ից վարկային և բյուջետային միջոցներով իրականացնում է Արփա-Սևան թունելի առավել վթարավտանգ հատվածների վերականգնման ծրագիր՝ թունելի թողունակությունը մեծացնելու համար, որը հնարավորություն կտա շինարարական աշխատանքների ավարտից հետո (2019 թ.) լիճ տեղափոխվող ջրի ծավալը հասցնել մինչև 250 միլիոն/խմ:

Նախորդ տարի Սևանա լճից սահմանված չափաքանակից ավել 100 միլիոն խմ լրացուցիչ ջրբացթողումների արդյունքում Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի ՀԷԿ-երում լրացուցիչ շահույթով պայմանավորված եկամուտները տնօրինվել են օրենքով սահմանված կարգով, պետական բյուջեի կողմից:

Վերը նշված հողատարածքների ջրառաջարկի դեֆիցիտի մեղմումը (ընթացիկ տարվա օգոստոսի 25-ից հետո մինչև սեպտեմբերի 30-ը ջրապահանջի հաշվարկով) կարճ ժամանակահատվածում ապահովելու անհրաժեշտությունից և այլընտրանքային ջրաղբյուրների բացակայության հանգամանքից ելնելով, Սևանա լճի ռազմավարական նշանակությունը և էկոլոգիական հավասարակշռության վերականգնման/պահպանման գերակայությունը կարևորելով ս.թ. օգոստոսի 29-ին Ազգային ժողովը հաստատեց 2018 թ-ին Սևանա լճից ջրբացթողման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ՀՀ կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով թույլատրվել է Սևանա լճից լրացուցիչ մինչև 40 միլիոն խմ ջրբացթողում իրականացնել:

Միաժամանակ տեղի ունեցան համակարգի խնդիրներին առնչվող քննարկումներ, որոնք կարևորվում են Ջրային կոմիտեի կողմից այդ խնդիրների արմատական լուծում տալու՝ առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ոռոգման ջրամատակարարման կառավարման և ծառայությունների մատուցման որակի բարելավման, լրացուցիչ, օգտագործելի ռեսուրսների կուտակման/ամբարման հնարավորությունների իրացման համար»:  

15:54 Սեպտեմբեր 27, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news